Լրահոս
Օրվա լրահոսը

 Վարդան Հարությունյան. Վիտալի Բալասանյանը սկսեց գնահատականներ տալ

Հուլիս 24,2016 12:22

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Սասնա ծռերի» ասուլիսից հասկացել է` նրանք զենքը վայր չեն դնելու

-Պարոն Հարությունյան, «Սասնա ծռերի» երեկվա ասուլիսից ի՞նչ հասկացաք: Հետագա գործողությունների ի՞նչ-որ ծրագիր, պատկերացումներ կա՞ն:

-Ես չգիտեմ, թե ի՞նչ ծրագիր են նրանք ունեցել այնտեղ մտնելուց առաջ, դեպքերի ի՞նչ հաջորդականություն են պատկերացրել ու նախանշել, բայց երեկվա ասուլիսից հասկացա, որ նրանք հաստատակամ են եւ զենքերը վայր չեն դնելու։ Նաեւ հասկացա, որ իշխանությունները բանակցությունների ընթացքում տված իրենց խոստումներն աշխատում են չկատարել ու խնդրի իրական լուծումից վերացած ավելի շատ քարոզչական նպատակներ են հետապնդում։

-Վիտալի Բալասանյանին պիտակավորելը եւ միջնորդական առաքելությունից հեռացնելը արդարացի-արդարացվա՞ծ եք համարում:

-Մարդիկ իրենք են որոշում, թե ում հետ բանակցեն ու կարող են միջնորդի փոփոխություն առաջարկել։ Այստեղ որեւէ սարսափելի բան չկա։ Անձամբ ես շատ էի ուրախացել, երբ տեղեկացա, որ բանակցություններին սկսում է մասնակցել Վիտալի Բալասանյանը։ Մեծ հույսեր էի կապում նրա մասնակցությամբ ընթացող բանակցությունների հետ։ Բայց երբ նա սկսեց անել գնահատական պարունակող հայտարարություններ՝ հասկացա, որ նրա առաքելությունն ավարտված է։ Հատկապես, երբ նա Սեֆիլյանի քաղաքական դիրքորոշման փոփոխության մասին հայտարարեց։ Ճանաչելով Ժիրայր Սեֆիլյանին կարծում եմ՝ նա մոտավորապես ասած կլինի, որ ստեղծված այս ծանր իրավիճակում գլխավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա կենտրոնանալը արդյունքի չի բերելու եւ պետք է ճանապարհներ փնտրել հնարավոր արյունահեղությունը կանխելու համար, իսկ Բալասանյանն այդ զրույցը խեղաթյուրված ներկայացնելով վտանգի տակ դրեց իր առաքելությունը։ Միջնորդը, անկախ իր ունեցած դիրքորոշումից ու պատկերացումներից, ամեն կերպ պետք է ձգտի չեզոք մնալ կամ երեւալ, ինչը Բալասանյանի մոտ չստացվեց։ Բայց սա չի նշանակում, թե նրան պետք է հայհոյել կամ պիտակավորել։ Սա ուղղակի նշանակում է, որ նա այսպես է պատկերացրել իր դերը եւ այսքան է կարողացել։ Պետք է շնորհակալություն հայտնել մասնակցության համար եւ հանգուցալուծմանը նպաստող նոր ուղիներ ու միջնորդներ գտնել։

-Երեկ երեկոյան Խորենացի փողոցում բավական շատ մարդ էր հավաքվել` ի տարբերություն նախորդ բոլոր օրերի, բայց հասարակության քաղաքական առաջնորդները չեն երեւում: Նիկոլ Փաշինյանին ասացին «արյան վրա ձեռքեր է տաքացնում» եւ հեռացրեցին, այն բոլոր քաղաքական դեմքերը, որոնք այս օրերին այս կամ այն կերպ եղան Խորենացի փողոցում, պիտակավորվեցին: Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է ուղղորդի, առաջնորդի հավաքված հանրությանը: Ի՞նչ ելք եք տեսնում:

-Ստեղծված իրավիճակում առաջին ու կարեւորագույն գործը ոչ թե Խորենացի փողոցում հավաքված ոչ այնքան բազմամարդ հանրահավաքները առաջնորդելը եւ ո՞ւր ու ինչպե՞ս ուղղորդել է, այլ արյունահեղության բացառումը եւ այս լարված իրավիճակի հանգուցալուծումը։ Այնքան էլ նշանակություն չունի, թե ով է խոսելու այդ հավաքների ժամանակ ու ինչ է ասելու։ Միայն թե նոր սադրանքներ ու նոր բախումներ չլինեն։ Կա երկու գերկարեւոր նպատակ՝ անարյուն, առանց կրակոցների լուծել այս խնդիրը նաեւ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են այս օրերի ընթացքում ոստիկանների կողմից կազմակերպած մարդաորսի արդյունքում։ Կարծում եմ բոլորն էլ պետք է ազատ արձակվեն եւ սկսված քրեական գործերը պետք է փակվեն։ Նաեւ օրինազանց ոստիկանները պետք է պատժվեն։ Առաջին հերթին ոստիկաններին անօրինական գործողություններ կատարելու հրաման տվողները, ապա՝ անօրինական հրաման կատարողները։ Ոստիկանությունը պետք է հավատարիմ մնա իր կոչմանը եւ մնա իր բարձրության վրա։ Պետք է լինի հարգանքի արժանի, հարգանք ներշնչող ու օրենքին ծառայող մարմին, այլ ոչ օրենքից դուրս մի անհասկանալի կառույց, որը վայրագություններ պետք է իրականացնի մեր երկրի փողոցներում։ Այն, ինչ տեսանք ու տեղեկացանք հուլիսի 17-ին ու դրան հաջորդած օրերի ընթացքում՝ բարբարոսություն է հիշեցնում։ Այս կարգի վայրագությունները, բռնություններն ու սադրանքներն են նաեւ պատճառը, որ ատելության մթնոլորտ են ստեղծում ու ստիպում են մարդկանց զենքի դիմել։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vinco says:

    Վարդան Հաությունյան պես խելացի մարդ պետք եր լիներ բանակցոություն տանողը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031