«Կրակոցներն արդարացված չեն, որեւէ մեկը չի կարող դա արդարացնել: Բայց, ցավոք, մենք քաղում ենք մեր հանցագործ իշխանությունների պտուղները` սկսած առաջին նախագահի իշխանության տարիներից: Երբ 1995-96 թվականներին մարդիկ տեսան, որ ինչ-որ մեկն ասում է` մեր դեմ խաղ չկա: Հետո, 1998-ին ավելի վատ վիճակի մեջ ընկանք եւ այդպես»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն` անդրադառնալով արդեն ութերորդ օրը «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում երկրում ստեղծված իրավիճակին:
Երեկ «Սասնա ծռերը» բաց թողեցին բոլոր պատանդ ոստիկաններին , բայց, մեր զրուցակցի համոզմամբ, տղաներն ի սկզբանե ոստիկաններին վնասել չեն ցանկացել: «Այս մարդիկ, իսկապես ազգի նվիրյալներ են, իրենց գործն արել են նվիրումով: Ռեժիմը նրանց այլընտրանք չի թողել: Ես ցավում եմ, որ տղերքը գնացել են այդ քայլին: Բայց այդ տղերքը ժամանակին պաշտպանել են մեր երկիրը, հողը, հայրենիքը, մայրերին: Այսօր մտածելու բան ունի իշխանությունը: Իշխանությունը պիտի զիջի: Եթե իշխանությունը շարունակի մատ թափ տալ` դա լավ բանի չի հանգեցնի: Եթե իշխանությունը որոշի գրոհել` ավելի վատ վիճակի մեջ կընկնի` կորցնելով ոչ միայն իշխանությունն, այլ սեփական գլուխները»,- ասաց մեր զրուցակիցը:
Բանակցությունները պետք է շարունակվեն, իշխանությունն է, ըստ ազատամարտիկի, պետք է հասկանա` ինքը տեր կարող է լինել երկրին միայն այն դեպքում, երբ ժողովրդի պահանջը կատարի. «Հայտարարի արդարադատ լինելու մասին, ապօրինի ձերբակալվածներին ազատ արձակի, այս տղերքին ասի` գնում եք տուն` քննություն է ընթանալու` ինչո՞ւ զոհվեց գնդապետը, ինչպե՞ս է դեպքը եղել եւ այլն: Ի վերջո, Սերժն իրեն պահի նախագահի պես: Այս երկրում ապրիլ տեղի ունեցավ, Սեյրան Օհանյանը կնոջ հետ զատիկ էր խաղում… էդպիսի նախարար մեզ պետք չի: Վովա Գասպարյանի դերասանությունը պետք չէ: Ուժայիններին պիտի փոխի, ժողովրդի հսկողության ներքո երկրում պաշտոնյաներ նշանակի, ինքն էլ իրեն նախագահի պես պահի: Եթե սա անի, կարծում եմ, արդյունք կունենանք: Եթե շարունակի մատ թափ տալ, կարծում եմ, իր հրաժարականը շատ իրական կդառնա»:
Դիտարկմանը, որ «Սասնա ծռերը» չեն հրաժարվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, ինչը պատային իրավիճակ է կարծես ստեղծում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ մի քայլ ընդառաջ չի գնում»:
Կարդացեք նաև
Սուրեն Սարգսյանը համամիտ է Պավլիկ Մանուկյանի երեկ արած այն դիտարկման հետ, որ եթե հայ զինվորն այնպիսի սպառազինություն ունենար, ինչպես ոստիկանությունը, ապրիլյան պատերազմի տառապանքը չէր լինի: «Էս ի՞նչ եք անում, ոստիկանական պետությո՞ւն եք զարգացնում»,- տարակուսանքը հայտնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ ողջ ժողովուրդն իրականում սպասում է, թե երբ ինչ-որ բաներ կպայթեն:
Նա նաեւ մի հարցի վրա է ուշադրություն հրավիրում. «Անցյալի սուտի կեղտոտ, թալանչի քաղաքական գործիչները, որոնց անուններն այս պահին չեմ ցանկանում հնչեցնել, երեկվա կեղծողները` սկսած ՀՀՇ-ից, վերջացրած Ռոբերտ Քոչարյանով ու այսօրվա հարմարվողներով, թող խելոք մնան, չփորձեն այդ ամբիոնը վերցնել: Ամբիոնի խնդիր չկա, ամբիոնը ժողովրդինն է: Ես էլ այս երկու օրը համարժեք հայտարարություն ու կոչ կանեմ իմ մարտական ընկերներին: Խոսքս, հստակեցնեմ, մարտական ընկերների մասին է, ոչ թե հրամանատարի փոշին վրաներից թափ չտված մարդկանց, ովքեր նորից ուզում են կեղտոտ ջրում ձուկ բռնել: Այդպես էլ չի լինելու: Ու ես կրկին իշխանության ողջախոհությանն եմ ապավինում»: Փակագծերը, Սուրեն Սարգսյանը չի բացում:
Փոխարենը խոսք ունի նաեւ կարմիր բերետավորներին. «Խելքներդ գլուխներդ հավաքեք: Եթե էլի որեւէ մեկին ծեծել եք, տղերք, չեք կարողանալու ձեր շքամուտք մտնեք, ձեր երեխաների ու կնոջ առաջ ձեզ քացու տակ են գցելու կամ սատկացնելու են, ոնց որ դուք եք անում: Չփորձեք էլ այդպես վարվել այս ժողովրդի հետ: Ժողովուրդն արդար է ու դուք ձեր հոգու խորքում գիտեք: Վարվեք այնպես, ինչպես այս տղերքը վարվեցին ձեր ընկերների հետ` գեներալի, Օսիպյանի եւ մյուսների: Որի՞ն նեղացրեցին կամ ստորացրեցին: Բա դուք առաքելություն չունե՞ք: Էս ի՞նչ եք անում: Մի ստիպեք, որ մարդիկ սկսեն հակադարձել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ցավոք, երկու ոտքով քայլողներից շատերը կարծում են որ դա բավարար է ՄԱՐԴ կոչվելու համար: Գործելով բնազդական ցածրագույն մղումներով ու եսամոլությամբ, նրանք վեր են բարձրանում, կատարելապես արհամարելով պարտքի, պարտավորության ու բարոյականության նորմերը: Իսկ երբ լցվում է բաժակը ու գալիս է անողոք ժամանակը, համառությամբ ու հուսահատությամբ կառչում ու դիմադրում են ամեն միջոցով, պատուհաս բերելով թե իրենց թե ազատագրվել ցանկացողների գլխին: Հույսը քիչ է որ ըմբռնեն ու կամավոր իջնեն, հատկապես, երբ մտածում են պատասխան տալու մասին: Դրա համար պետք է երաշխիք առաջարկվի (գոնե իրեն): Թող խաղաղ հեռանան – միայն գնան: