Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությանը դե յուրե մնաց երկու քայլ, դե ֆակտո՝ մեկ քայլ

Հուլիս 24,2016 11:24

Հուլիսի 23-ին, ժ. 23:47-ի դրությամբ, տեղի ունեցած բոլոր իրադարձություններից հետո, իշխանությանը դե յուրե մնաց երկու քայլ, դե ֆակտո՝ մեկ քայլ: Այն է. կամ հրաժարական տալ, կամ զինված հարձակումով փորձել ազատագրել ՊՊԾ գունդը, որը շատ մեծ հավանականությամբ կբերի եռակողմ չափազանց մեծ թվով զոհերի՝ ժողովրդի ներկայացուցիչներ, ոստիկաններ և գնդում ներկա «Սասնա Ծռեր» խումբն ամբողջությամբ, որի արդյունքում նորանկախ Հայաստանում սկիզբ կառնի մեծածավալ քաղաքացիական պատերազմ /թող լեզուս պապանձվի/:

Դժվար է միանշանակ վերլուծել և գնահատականներ հնչեցնել, թե որքանով են իրատեսական՝ նման հանգամանքների բերումով կանխատեսվելիք անցանկալի, Հայաստանին կործանարար սպառնալիք հանդիսացող այս իրադարձությունները, սակայն մի բան աներկբա է. եթե երկու կողմից էլ չկան զիջումներ, ապա կարծես ամեն ինչ տանում է դրան: Եթե հնչեցրած ծավալուն իրադարձությունները տեղի ունենային միանգամից, որը նույնպես ոչ մի արդարացում չունի, կասեինք, դե շտապեցին, երկուստեք ժամանակ չունեցան ծանր ու թեթև անելու, ապա կմտածեինք, որ նման պարագայում՝ հանգամանքները հենց այդպես էլ պետք է զարգանային:

Իրականում, մոտ 7 օր ժամանակ կար հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, որն այս իրավիճակների համար հսկայական ժամանակ էր՝ միակ օպտիմալ, անցնցում շարունակությունը գտնելու և այն իրագործելու համար: Սակայն, մինչ այս պահը որևէ նորմալ գործողություն, որը պրակտիկորեն կնպաստեր կոնֆլիկտի թուլացմանը, չի եղել, և արդյունքում ստացվում է, որ կատարված միջամտությունները լրիվ անիմաստ էին, քանի որ դրանք որևէ վիճակ չմեղմացրին: Ես չգիտեմ, թե Վիտալիի, Ալեքի և Ժիրայրի հանդիպման ընթացքում՝ նախագահի հրաժարականի մասին ինչ է ասել Ժիրայրը, սակայն մի բան ակնհայտ է, որ Վիտալիի հայտարարությունն առ այն, որ իբր Ժիրայրը հրաժարվել է նախագահի հրաժարականի պահանջից, Ալեքը երեկոյան հանրահավաքի ժամանակ հստակ հերքեց, քանզի ինքը ևս մասնակից էր եղել այդ զրույցին:

Եթե Ալեքի ասածը ճիշտ է, ապա ստացվում է, որ Արցախի հերոս, նախկին պատգամավոր, գեներալ Վիտալին ի լուր Հայաստանի, ի լուր աշխարհի, նմանատիպ պայթյունավտանգ իրավիճակում այնպիսի սուտ է ասում, որ ի չիք է դառնում իր միջնորդական առաքելության իմաստը: Այ ընկեր, հարգելով քո անցած մարտական ուղին, քեզ վստահել և այսպիսի կրիտիկական վիճակում միջնորդի կարգավիճակ են տվել, ներս են թողել գնդի տարածք, որ ի լուր՝ անհամբեր սպասող ժողովրդի, սուտ խոսե՞ս: Այն էլ այնպիսի սուտ, որը կարող էր անկանխատեսելի հրահրումներ բորբոքել և վեր ածվեր անասելի իրադարձությունների ծավալման: Սա է քո՝ Հայաստան հայրենիքի նկատմամբ ունեցած մտահոգ վերաբերմունքը…:

Մի քանի րոպեի ընթացքում այնպես պահեցիր քեզ, որ Հայաստանի ժողովուրդը, որը հեռվից ակնածանք ուներ քո անձի և քո վաստակի նկատմամբ, նվազագույնը զարմանք ապրեց ու մտածեց. այս մարդը Ղարաբաղից եկել էր, որ մեզ խելք սովորեցնի: Եվ դա այն դեպքում, երբ լրագրողներն ասում էին, որ ըստ Ձեզ Հայաստանում քաղաքական  բանտարկյալներ չկան, Դուք պատասխանում էիք. ե՞ս եմ ասել: Իսկ, երբ հիշեցրին, որ երեկ Դուք եք «Շանթ» հեռուստատեսության եթերում հայտարարել դրա մասին, շփոթվեցիք և ասացիք` այո ասել եմ և հիմա էլ եմ այդ կարծիքին, որ այո, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Իհարկե, Դուք իրավունք ունեք այդպես մտածելու և արտահայտվելու: Սակայն, տարօրինակն այն է, որ Դուք վստահաբար բոլորին հասկացրիք, որ չգիտեք քաղբանտարկյալ տերմինի բացատրությունը և չիմանալով հանդերձ, այնուամենայնիվ, հայտարարեցիք, որ այդպիսիք Հայաստանում չկան: Դա նույնն է, որ ինձ անգլերեն լեզվով հարց տան և ես փորձեմ պատասխանել…:

Մի խորհուրդ, եթե պատահի, որ դիվանագիտական մեծ պաշտոն զբաղեցնեք /որը շատ հնարավոր է/, փորձեք միջնորդական առաքելություն չիրականացնել, մնացած ինչով ուզում եք զբաղվեք: Սրա մասին խոսեցի, քանի որ, այն ուղիղ գծով կապված է ընթացող կրիտիկական իրադարձությունների հետ:

Մի բան է մնում ինձ. ծնկաչոք աղոթում եմ Տիրոջը, որ մեծ իմաստնություն հաղորդի իշխանություններին և «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, որպեսզի գտնեն մի յուրահատուկ լուծում և Հայաստան երկիրը առանց արյունահեղության, առանց ցնցումների հանեն այս պայթյունավտանգ վիճակից…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի քաղաքացի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031