Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի ուժը չի պատում, որ ուժ կիրառի». Փոստանջյան

Հուլիս 24,2016 10:39

«Այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանն արդեն նահանջել է: Շուրջ մեկ շաբաթ է ինչ հայ ժողովրդի նվիրյալներ` ազատամարտի հերոսների կողմից գրավված է հայ ժողովրդի ազատագրման համար պայքարում կարեւոր նշանակության բարձունք: Նրա հայտարարությունը այդ տեսանկյունից պետք է դիտարկել: Ուժ կիրառել ինքը չի կարող, հակառակ դեպքում կկիրառեր: Նա արյունով եկած բռնազավթիչ է»,- Aravot.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» զինված խմբի հարձակման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն այսպես մեկնաբանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրամանի համահեղինակներից է. «Նա այս պահի դրությամբ էլ անզեն մարդկանց նկատմամբ ուժ կիրառելու հրահանգով է հանդես գալիս, մենք այս օրերին դրա ականատեսն ենք: 1996-ին էլ անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ նա եղել է կողմնակից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման: Ապրիլյան հարձակման ժամանակ նա շուրջ մեկ օր հրաման չի տվել պաշտպանություն իրականացնելու, որի հետեւանքով մեր քսանամյա երիտասարդները զոհվել են:

Հետևաբար` նրա համար խոչընդոտ չէ ուժ կիրառելու հոգեբանական եւ բարոյական պահը: Մարդկային կյանքերը նրա համար արժեք չունեն: Այս դեպքում այդ հնարավորությունը նա չունի, իր ուժը չի պատում, որ ուժ կիրառի: Հավանաբար նա նաեւ հաշվի է առնում, որ ազատամարտի հերոսների նկատմամբ ուժի կիրառման փորձը, ոչ միայն կատաղի դիմադրության է արժանանալու, այլ հանրության լայն շրջանում առաջացնելու են համանման նոր շարժառիթներ»:

Մեր հարցին՝ Դուք լրիվ արդարացնո՞մ եք զինված խմբի գործունեությունը, զենքի կիրառումը, ասում եք՝ գնդապետի մահը Սերժ Սարգսյանի վրա է, բայց գնդապետին սպանել են ներսից, նրանց մասին որեւէ բան չեք ասում, միայն Սերժ Սարգսյանի՞ն եք մեղադրում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Երբ Սերժ Սարգսյանը կանգնի դատարանի առաջ, այդ բոլոր հարցերի պատասխանը կտա: Ես արդեն ասացի՝ ողջ պատասխանատվությունը պետք է կրի Սերժ Սարգսյանը, երբ մենք կունենանք արդար դատավարություն, այդ հարցերի պատասխանը կստանանք, առաջին մեղադրյալը պետք է լինի Սերժ Սարգսյանը»:

Մենք ճշտեցինք ՝զինված խմբի գործունեությունը արդարացվա՞ծ է, թե՞, այնուամենայնիվ,սա ծայրահեղ քայլ էր՝ նա պատասխանեց նույնը՝ «Ամբողջ պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը»:

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը այլ ելք չունի, պետք է հեռանա. «ՀՀ-ում պետք է հաստատվեն օրինական, ժողովրդական կարգեր, որն այս պահին մեզ առաջին հերթին է անհրաժեշտ: Պետք է նախ ազատվել ներքին թշնամուց, իսկ ինքը խորհրդանշում եւ մարմնավորում է ներքին թշնամու առաջին թիրախը: Ինքը պետք է հեռանա: Նա պետք է հասկանա, որ սա ազգային ազատագրական պայքար է, եւ ժողովուրդը իրեն ընկալում է որպես ներքին մահաբեր թշնամի, ավելի վտանգավոր, քան արտաքինը: Այս մահաբեր թշնամու պատճառով հազարավոր մարդիկ գաղթել են եւ շարունակում են գաղթել»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանը հորդորում է զինված խմբին զսպվածություն ցուցաբերել, սթափվել, սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշի կյանքը, կարծես մի պահանջագիր էլ նախագահն է ներկայացրել զինված խմբին, եւ միտք չունի ՀԽ պահանջները կատարել՝ Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. «Ինքը հիմա գոյություն չունի, իր ժամերը հաշված են: Ինքը հիմա պետք է խոհեմ լինի եւ առանց արյան հեռանա: Բոլոր բռնապետերի ճակատագրերը վերջին տարիներին ներկայացնում են ուսանելի փորձ: Թող սովորի, ես իրեն հորդորում եմ: Որպես փաստաբան, հորդում եմ, նրան հեռանալ առանց մեծ արյան, հերիք է նրա պատճառով արդեն այս օրերին բավականին արյուն է թափվել»:

Իր խոսքում նախագահը հիշեցնում է ապրիլյան պատերազմը եւ հասարակությանը կոչ է անում չմոռանալ, որ Ղարաբաղյան հարց ունենք: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ղարաբաղյան հարցը չի փակվել, իհարկե, ու դրա հիմնական մեղավորը ինքն է ու իր ղեկավարած խմբակը: Մենք պետք է այդ խմբակից նախ ազատվենք: Մենք պետք է հնարավորություն ունենանք ինքնուրույն քաղաքականություն վարելու: Այդ մարդը ինքնուրույն քաղաքականություն բանեցնող չէ, նա անում է այն, ինչ իրեն թելադրում են աշխարհաքաղաքական խաղացողները»:

Սերժ Սարգսյանը նաեւ զգուշացնում է, որ իրենք դասական ճանապարհով չեն գնում, որովհետեւ մեկ մարդու կյանքն էլ թանկ է: Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ եթե ուժը պատեր՝ կգնար ամեն քայլի. «Սա մեր ազգային-ազատագրական պայքարի լավագույն ներկայացուցիչների կողմից նախաձեռնած մեր փրկության քայլն է: Իրենք իրենց ապրած կյանքով են ցույց տվել, որ նվիրյալ են ու պրոֆեսիոնալ: Եթե նվիրյալ ու պրոֆեսիոնալ չլինեին, ապա Սերժ Սարգսյանի համար առաջին օրը մատչելի կլիներ նրանց չեզոքացնելը: Սերժ Սարգսյանը զոհաբերեց 1 ոստիկանի կյանք, որն իր համար ոչինչ է: Ինքը հասկանում է, որ կրակոցով գնալով առաջ՝ ինքը ամբողջությամբ կորցնելու է վերահսկողությունը: Ապրիլյան պատերազմում մեր քսանամյա երիտասարդները մեզ ապացուցեցին, որ «հայ բազուկը գիտե հրացան բռնել, հայ սիրտը գիտե կռվել եւ պաշտպան կանգնել իր իրավունքներին: ՊՊԾ գնդի գրավումը մեզ եկել է նորից ապացուցելու դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասենք ,Վաևդան says:

    Զարուհի ջան տեղում դոփում ես,կոնկրետ պատասխաններ չունես:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031