Նիկոլ Փաշինյանից հետո Խորենացի փողոցում հարթակ բարձրացավ Ալեք Ենիգոմշյանը, որը խոսեց Ժիրայր Սեֆիլյանի ու «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ իբրեւ թե Սերժ Սարգսյանի հեռանալու գաղափարից հրաժարվելու՝ այսօր տարածված լուրերի մասին:
«Իշխանությունը սոցցանցերով եւ այլ միջոցներով շրջանառութան մեջ դրեց, թե իբր «Սասնա ծռեր»-ը որոշել է զենքը վայր դնել, ինչն, իհարկե, ավելի քան ծիծաղելի է: Օրվա երկրորդ կեսին «Սասնա ծռերի» անդամներն իրենց մամուլի ասուլիսով եկան ապացուցելու, որ նման բան ոչ կա, ոչ էլ կարող է լինել: Մյուսը բազմակողմանի գրոհն էր, որ ռեժիմի ներկայացուցիչներն արեցին՝ «Սասնա ծռեր»-ի անդամների մոտ ուղարկելով բազմաթիվ պատվիրակների, որպեսզի նրանց միջոցով համոզեին վայր դնել զենքերը»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:
Նրա ձեւակերպմամբ՝ այսօրվա գլուխգործոցը Վիտալի Բալասանյանի հայտարարությունն էր, թե ինքը կես ժամ առաջ է եկել Սեֆիլյանի մոտից, ու վերջինս իբր թե ասել է, որ ինքը Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում:
«Սիրելի հայրենակիցներ, այդ կես ժամ առաջը Վիտալի Բալասանյանի հետ ես էլ եմ եղել Ժիրայր Սեֆիլյանի մոտ: Պետք է ասեմ, որ Բալասանյանի խոսքն իրականության խեղաթյուրում է: Մենք երեկ հաստատեցինք, որ այստեղ հավաքվում ենք, որովհետեւ պաշտպանում ենք «Սասնա ծռեր» խմբի առաջադրած հիմնական նպատակները, որոնք են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, վստահության կառավարության ստեղծում, ինչպես նաեւ ազատագրված տարածքների հանձնման բացառում եւ երկրի ինքնիշխանության վերահաստատում կամ, միգուցե, հաստատում, որովհետեւ երկար ժամանակ իշխանություն չենք ունեցել: Մեզ համար անհնարին է պատկերացնել որ «Սասնա ծռեր»-ը, առավել եւս Ժիրայր Սեֆիլյանը կարող է հրաժարվել նման տեսակետից: Ես կոչ եմ անում իշխանություններին, իրավապահ մարմիններին Սեֆիլյանի համար ստեղծել հանրության հետ հաղորդակցվելու հնարավորություն, որպեսզի ինքն ասի՝ այդ պահանջից հրաժարվո՞ւմ է, թե՞ ոչ: Մեկ հեռախոսազանգ, եւ այդ սուտը, կեղծիքն ամբողջությամբ կբացվի»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ