Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եթե յոթ հարյուր հազար մարդ դուրս գա փողոց, Սերժ Սարգսյանը չհեռանալու տարբերակ չի ունենա» (Տեսանյութ)

Հուլիս 24,2016 00:56

Խորենացի փողոցում հրավիրված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց՝ կապված Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, ըստ որի՝ ինքը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ու իմացել, որ վերջինս  հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գաղափարից:

«Հույս ունենք, որ Ժիրայր Սեֆիլյանը որեւէ միջոց կգտնի՝ այս հայտարարության վերաբերյալ պարզաբանում տալու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ նա անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավման օրերին իր գործունեության մասին տարբեր մեկնաբանություններին ու ներկայացրեց ստեղծված իրավիճակից դուրս գալու իր եւ իր կուսակցության տեսակետ-համոզմունքները:

«Երեկ ես այստեղից հայտարարել եմ՝ ինչ որոշում էլ կայացնի ժողովուրդը, ես այն ի կատար եմ ածելու՝ մի պայմանով, որ այդ որոշումը լինի հստակ, աներկբա, կասկածի տեղիք չտվող: Այսօր էլ եմ այդ կարծիքին: Այո, ես ասում եմ՝ եթե յոթ հարյուր հազար մարդ դուրս գա փողոց, Սերժ Սարգսյանը չհեռանալու տարբերակ չի ունենա: Դուք եք որոշում՝ Սարգսյանը պիտի գնա՞, թե՞ մնա, ես ո՞վ եմ, որ ձեր փոխարեն որոշեմ. դուք եք այս երկրում տերը, ինչ էլ որոշեք, ձեր որոշմանը հարգանքով կվերաբերվեմ, անհրաժեշտության դեպքում ի կատար կածեմ: Եթե դուք ուզում եք ապրել ազատ ու երջանիկ Հայաստանում, ես ձեր ծառան եմ, եւ մենք միասին կհաղթենք: Եվ ուրեմն՝ այսօրվա հայտարարություններից հետո իմ այստեղ գտնվելը դառնում է անհնարին: Ինչո՞ւ: Որովհետեւ ես չեմ կարող ասել՝ ոչինչ, թող հարյուր մարդ էլ ավել զոհվի: Չի կարող այդպես լինել, այստեղ չպետք է մարդ զոհվի, չի լինելու նոր արյուն:

Այսօր ձեւավորվել է խորհուրդ, որը, ինչքան հասկանում եմ, լիազորված է նաեւ «Սասնա ծռեր» խմբի կողմից, որպեսզի ղեկավարի այս պրոցեսը: Վստահ չեմ, բայց իրենք երեւի կհայտարարեն: Ես ասում եմ՝ որեւէ մեկը չմտածի, որ ես կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւէ տեղ լիդերության կռիվ կանի: Հիմա այս հարթակը կդատարկվի, եւ թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել, բայց չի լինի այնպես, որ որեւէ մեկը մտածի, թե կարող է մեզ ստիպել հրաժարվել մեր սկզբունքներից, հավատամքից, ճանապարհից, համոզմունքից: Նրանք ուղղակի չգիտեն՝ ում հետ գործ ունեն: Ասում եմ պատասխանատու՝ մենք չենք հրաժարվի մեր սկզբունքից, չենք հրաժարվի մեր պայքարից, չենք գնա կիսատ գործարքների:

Ես ասել ու ասում եմ՝ ՀՀ-ում կա մեկ ընդդիմություն, ու այդ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որովհետեւ մենք չենք պայմանավորվել ու չենք պայմանավորվելու կուլիսներում, մենք Սերժ Սարգսյանի հետ խոսելու ոչինչ չունենք. նա պետք է հեռանա իշխանությունից: Ժամկետները կորոշի միայն ժողովուրդը: Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031