«Շատ բացասական տպավորություն ստացա, բացասական էին բոլոր դրվագները, բոլոր կողմերը: Եթե մարդիկ հայտարարում են, որ տեղի են ունենում բանակցություններ ու բոլոր կողմերից ընդունված չափանիշ կար՝ որեւէ կաթիլ արյուն չթափվի, մարդիկ պետք է գիտակցություն ունենան, որ այդ բանակցությունները շատ նուրբ, փխրուն ձեւով փայփայվող պետք է լինեն բոլորի կողմից:
Ես հասկանում եմ, որ լրագրողները ցանկանում էին իրենց նյութը ստանալ, մյուս կողմը ցանկանում էր իրեն ներկայացնել, բայց երբ միջնորդը՝ Արցախի իրական հերոս Վիտալի Բալասանյանը նկատեց, որ տեղի են ունենում պայմանավորվածությունների խախտումներ, չպետք է այս կարմիր գիծը անցնեիք: Մյուս կողմն էլ զենքերով պետք է չլիներ, տեսանք, որ երկու կողմն էլ չէր ցուցաբերում միջնորդի հանդեպ համապատասխան հարգանքը»,- մեզ հետ զրույցում ոստիկանության ՊՊԾ գնդում Սասնա ծռեր զինված խմբի անդամների՝ ԶԼՄ-ների հետ հանդիպումն այսպես մեկնաբանեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա շատ վատ տպավորություն է ստացել, երբ լրագրողները վիճել են միջնորդի պարտականությունը ստանձնած Արցախի հերոսի հետ. «Ձեզ համար ի՞նչն էր կարեւոր՝ ձեր ասած հերոսների խոսքը տեղ հասցնե՞լը, թե՞ իրական հերոսին լսելը: Մենք պետք է չտեսնեինք իրավիճակ, երբ միջնորդը հրամայական ձեւով է ասում՝ այսպես գնացեք, որովհետեւ ինքն էլ է հասկանում, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնք կյանքի չեն կոչվելու: Եթե մարդիկ իսկապես ասում են՝ նոր երկիր ենք ուզում կառուցել, դա խոսքով էլ պետք է լինի, բայց տեսանք, թե ինչ էր տիրում՝ պիտակավորումներ, հայհոյանքներ: Չեմ կարծում, որ դրական երեւույթ էր:
Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց ինձ համար անընդունելի է, զենքի միջոցով քաղաքական խնդիրներ լուծելը: Մեկ անգամ զենքով անում ես, զենքը զենք է բերում: Ի վերջո մենք մեր պատմության մեջ մի կետում պետք է այդ վերջակետը դնենք: Թե ով է սկսել, դա կարեւոր չէ, բայց ինչ-որ տեղ պետք է վերջակետ դնել, որ չշարունակվի»: Այսօրվա եղած հանդիպումից հետո Թեւան Պողոսյանը վստահ չի, որ մեկ անգամ եւս լրատվամիջոցների հետ նման հանդիպում լինի. «Ես համոզված եմ, որ նմանատիպ երեւույթ այլեւս չի լինի»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» խմբին, Թեւան Պողոսյանն ասաց՝ առավոտ ասում են՝ միացում, միացում, իրիկունը սկսում են իրենց միացած մարդկանց հայհոյել, էլ ի՞նչ միացում, Նիկոլ Փաշինյանին այնտեղ ասացին թող չգա, միջնորդի նկատմամբ վստահությունը կորավ. «Հիմա դարձավ այնպիսի իրավիճակ, որ բոլոր կողմերի մոտ անվստահություն է եւ բոլորը մեղադրում են բոլորին: Միջնորդը իր անձնական վարկն է դրել, եթե մարդը մեկ անգամ ասում է` այս գիծը մի անցեք, պետք չի միջնորդին այնպիսի վիճակ դնել, որ 1, 2, 3, 4, 5 անգամ ասի, քանի որ զինվորական է, նաեւ կոպիտ տոնով ասի: Արդյո՞ք լրագրողները, ովքեր այնտեղ գնում էին, պատրաստվել էին գիտակցելու, որ եթե մենք չմտածենք, որ սա միակ վերջին հնարավորությունն է, այլ այնպիսի վարքագիծ դրսեւորենք, որ միգուցե ամեն օր ենք գնալու: Ի վերջո նպատակը ո՞րն էր լրագրողների: Լրագրողը պետք է մտածի՝ ցանկացած գործողությամբ կարող է օգնել կամ վնասել» :
Թեւան Պողոսյանը նշեց նաեւ այն էթիկական կողմը, թե ինչը կարելի էր կադրում ցույց տալ, ինչը՝ ոչ. «Օրինակ, ինձ համար կա այսպիսի խնդիր, լրագրողներից մի քանիսն ունեն ընտանիք, նույն լրագրողներին ինչքա՞ն է դուր գալիս, երբ լսվում է հայհոյանք, դա ձայնագրում եւ ուղարկում է, բա որ վաղը իր երեխաները նայեն, մտածեն, որ դա է ճիշտը: Բանակցություները բարդ եւ նուրբ երեւույթ են, պետք է մենք հասկանանք՝ իմ այսօրվա արած գործի համար ես պատասխանատվություն կրո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ես լրագրողներին հասկանում եմ, բայց խնդիրը մեր մշակույթի մեջ է»:
Ըստ Թեւան Պողոսյանի, մենք չենք ունեցել այսպիսի վիճակ, ճանապարհին կարող ենք հարյուրավոր սխալներ անել, բայց Աստված տա, որ ամեն ինչ լինի խաղաղ. «Իշխանության չափանիշը եղել է՝ ամեն ինչ համաձայն օրենքի, զինված տղաների խմբի չափանանիշը եղել է՝ մինչեւ վերջ կանգնելու ենք: Հանրության ամենամեծ խումբը ասել է իր չափանիշը՝ ոչ մի կաթիլ արյուն: Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք պայմանավորվեք, մենք ձեր չափանիշը այս ձեւ ենք գնահատելու: Վաղը կհանձնեք զենքերը, դա չի նշանակում պարտվելու եք: Մենք սա պետք է փոխանցեինք կողմերին, բայց ոնց որ թե այլ բաներով ենք զբաղված: Այսօրվա ուղիղ եթերը պետք է դառա այն վարքագիծը, որ ամեն մեկը, ով այնտեղ եղել է, իր խմբագրով քննարկի՝ իսկ ի՞նչը մենք սխալ արեցինք, որ մյուս անգամ չանենք: Եթե վաղը հանկարծ նորից այդ հնարավորությունը ձեւավորվի, նորից այսօրվա իրավիճակը չկրկնվի: Եթե պայմանավորվում են սա, պետք է հարգեն պայմանավորվածությունը: Վստահ եմ, որ դրանով կնպաստենք վստահության ամրապնդմանը ու օրեցօր կհասնենք վստահելի լուծմանը, որը ընդունելի կլինի այսօրվա առճակատման կանգնած կողմերին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ