«Խմբի անդամները որեւէ նոր բան չասացին, ինչ հայ հասարակությունը չիմանար: Խոսեցին անարդարությունների մասին եւ ինչ-որ իմաստով պարպվեցին: Այսինքն, կուտակված այդ ամեն ինչը կարծես մեջներից դուրս եկավ»,- մեզ հետ զրույցում ոստիկանության ՊՊԾ գրաված գնդում հրավիրած ասուլիսի մասին այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա ասաց, որ չգտի, թե բանակցություններն ինչ փուլում են, բայց իրարամերժ կարծիքներ կան ու առայժմ չի տեսնում, թե ինչպես է լինելու լուծումը. «Ես նրանց խորհուրդ կտայի, որ կարող են բոլորը մասնակցել մամուլի ասուլիսին, բայց ճիշտ կլիներ, որ ասուլիսը լիներ ավելի հակիրճ, մշակված: Թող որոշվեր, թե ովքեր կարող են ասուլիս տալ, որ բոլորի կարծիքն արտահայտվի, ասենք, կարող էր տալ Վարուժան Ավետիսյանը, դա շատ ավելի քաղաքակիրթ մոտեցում կլիներ եւ ավելի բովանդակալից կլիներ:
Որ դրսում անկազմակերպ վիճակ կա, դա երեւաց 3 օր առաջ տեղի ունեցած ընդհարումից, սադրանքներ կարող են լինել եւ այլն: Կարծում էի` ապստամբներն ավելի կազմակերպված կլինեին՝ իրենց գործողությունները հստակ իմանալով, գուցե 1 շաբաթվա լարվածությունից իրենք պարպվեցին ու սրանից հետո ավելի կազմակերպված կլինեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ