Վագոն տնակում բնակվող 12 ընտանիքների համար Վանաձորի Տարոն 3-րդ թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքն արդեն պատրաստ է: Մեկ շաբաթ առաջ մեկնարկած «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» կազմակերպությունների հիմնադիր Միլարդ Ֆուլերին նվիրված «Հիշատակի Կառույց» միջոցառումը, որի առթիվ օգնության էին եկել ավելի քան 60 տեղական և միջազգային կամավորներ, այսօր իր հաղթական ավարտն է տոնել:
37 մարդ շուտով կտեղափոխվի հարմարավետ ու բարեկարգ բնակարաններ: Բազում հյուրերի ներկայությամբ ընտանիքներին բնակարաններ բաշխվել են վիճակահանության արդյունքում, որից հետո բոլոր բնակարաններում կատարվել է տնօրհնեքի արարողություն:
«Ընտանիքները շատ երկար են սպասել այս օրվան և, ահա, Միլարդ Ֆուլերի հանճարեղ գաղափարի շնորհիվ է նաև, որ այսօրվա տոնախմբությունը հնարավոր է դառնում. հնարավոր է դառնում մարդասիրության, համախմբման և ուրիշին օգնելու հնարավորությունը որպես պարգև ընկալելու գիտակցության շնորհիվ»,-ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Կարդացեք նաև
«Ինչպես նկարագրեմ զգացմունքներս: Երա՞զ է, թե՞ իրականություն: Վախենում եմ արթնանալ: Կյանքը, կարծես, այս պատերի ներսում նոր պետք է սկսվի: Երախտագիտությունս անսահման է, երջանկությունս՝ աննկարագրելի: Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր մեզ օգնության ձեռք մեկնեցին»,- ասել է նորակառույց շենքի բնակիչներից մեկը:
Վանաձորի ոչ աղետի հետևանքով վագոն տնակներում բնակվող ընտանիքներին աջակցելու ծրագիրը մեկնարկել է 2008թ-ին՝ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ-ի և Վանաձորի քաղաքապետարանի եռակողմ համագործակցությամբ նախատեսված էր կառուցել նոր թաղամաս` նոր տներով: Սա ծրագրի հինգերորդ փուլն էր: Այս փուլում որպես նվիրատվություն 65% ներդրում է կատարել «Առդա» բարեգործական հիմնադրամը և 24%՝ Վանաձորի քաղաքապետարանը: «Ֆուլլեր Տնաշինական Կենտրոնը» կատարել է 11% ներդրում՝ երկարաժամկետ, անտոկոս փոխառության կարգով: Ընդհանուր առմամբ ծախսվել է 83.3 միլիոն դրամ:
«Երբ սկսեցինք այս ծրագիրը, երբեք չէի մտածում, որ ընդամենը ութը տարի հետո այսպիսի ամբողջական թաղամաս կունենանք: Վանաձորում այս թաղամասն արդեն <ԱՌԴԱ> թաղամաս են անվանում: Սա, թերևս, ժողովրդի կողմից մեզ տրված ամենամեծ գնահատականն է: Ծրագրի առաջին օրվանից երազում էի ծրագրին միանալու համար էլի ներդրողներ գտնել: Այս փուլում դա նույնպես այլևս իրականություն է: Մեզ է միացել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, ներդնելով 90,000 եվրո, դրանով ապահովելով նաև ծրագրի շարունակականությունը: Վստահ եմ, որ այսպիսի անկեղծ և ազնիվ համագործակցության արդյունքում դեռևս տնակներում ապրող մեր շատ հայրենակիցների են սեփական բնակարան ունենալու բերկրանքը զգալու: Սա մեր երկիրը սիրելու, մեր հողի վրա մեզ տեր զգալու, գուցե փոքրիկ, բայց շատ որոշակի դրսևորում է»,-ասել է «ԱՌԴԱ» ԲՀ տնօրեն Հրահատ Ստեփանյանը:
Միջազգային ամենամյա շինարարական աշխատանքների մեկ շաբաթ տևող միջոցառման նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել յուրաքանչյուր ընտանիքի պարզ, հարմարավետ և մատչելի բնակարան ունենալու իրավունքի վրա: Կամավորները վերջին զարկն են տվել վաղ գարնանը սկսված շինարարական աշխատանքներին. կատարել են ներկարարական, ինչպես նաև հատակի իրականացման աշխատանքներ:
Բնակարանները կառուցվել են նոր տեխնոլոգիաներով, օգտագործել են փրփրապլաստե բլոկներ ու տեղական շինանյութ: Եռակողմ համագործակցության արդյունքում շահագործման հանձնված բնակարանների թիվն արդեն 67-ն է:
Տոնի առթիվ Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի վաղեմի գործըկեր «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամը կրկին անգամ ծառատունկ էր կազմակերպել նորակառույց շենքի բակում՝ բարեկարգելով և կանաչ կյանք տալով արդեն անցյալում մնացած շինարարական հրապարակին:
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»