«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական-վերլուծական ծրագրի ընթացքում Արցախի հերոս, գեներալ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:
Լրագրողները Վիտալի Բալասանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պնդո՞ւմ է իր այդ հայտարարությունը:
«Ես քիչ առաջ եղել եմ Ժիրայր Սեֆիլյանի մոտ: Նախագահի համապատասխան ներկայացուցիչն է եղել, եղել է նաեւ Ալեք Ենիգոմշյանը: Մենք քննարկել ենք զենքերը վայր դնելու հարցը: Եվ երեկ չէ առաջին օրը Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպելուց եւ տղաների հետ, որոնց ասում են՝ քաղբանտարկյալ են, մենք եկել ենք մեկ եզրահանգման ե՛ւ Ժիրայրի, ե՛ւ այս տղաների հետ, որ որակավորում են անում, որ այդ մարդիկ քաղաքական ինչ-որ այլախոհ են եղել եւ այլն: Քաղբանտարկյալ հասկացություն ընդհանրապես Հայաստանում չկա, դա իմ անձնական կարծիքն է: Նրանք, ովքեր հիմնավորում են, որ կան քաղբանտարկյալներ թո՛ղ հիմնավորեն ի լուր աշխարհի, եւ ժողովուրդն իմանա, որ նա քաղբանտարկյալ է»,- ասաց նա:
Վիտալի Բալասանյանը նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանը դրական է արձագանքել զենքերը վայր դնելու տարբերակին: Նա ասաց, որ Սեֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, սակայն չմանրամասնեց, քանի որ ըստ նրա հարկավոր չէ դրանք այս պահին հրապարակել:
Կարդացեք նաև
Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ասաց. «Ե՛վ Ժիրայր Սեֆիլյանը, ե՛ւ այդ տղաները, որոնք գտնվում են մեր կողքին, նրանց մեծամասնությունը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից: Բայց կան մարդիկ, որոնք որ պնդում են: Ես կարող եմ ասել պաշտոնապես, որ մոտ կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանը ասաց՝ ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից»:
Նշենք, որ ավելի ուշ հավաքի ընթացքում Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, թե Սեֆիլյանի խոսքը ճիշտ չի ներկայացվել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ