Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթադրվում է, որ գրոհը շարունակվելու է. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Հուլիս 23,2016 20:59

Լրագրողներն այսօր հնարավորություն ունեցան մոտենալու ՊՊԾ գնդի չեզոք տարածքին, որտեղ ասուլիսներ ունեցան զինված հարձակման մի քանի անդամներ:

Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի հետ իրենք պայմանավորվել են, որ անվտանգության երաշխիք հանդիսացող ոստիկանների առկայության գործոնը փոխարինեն մշտական լրատվամիջոցների առկայությամբ, ստեղծվի մամուլի կենտրոն, լինի շուրջօրյա ինտերնետ կապ եւ ուղիղ հեռարձակում:

«Չէր կարող լինել ուրիշ պայմանավորվածություն, դա դետալ կամ որեւէ ածանցյալ երեւույթ չէր. խոսքը վերաբերում էր անվտանգության մի երաշխիքը մյուսով փոխարինելուն: Համաձայնություն եղավ այդ պայմաններով սկսելու այս գործընթացը: Պայմանավորվածություն եղավ նաեւ, որ գործընթացը կտեւի 15 օրից մինչև մեկ ամիս: Սակայն այսօր պարզվեց, որ ռեժիմին բնորոշ քրեական մշակույթին համապատասխան՝ հերթական անգամ փորձում են մեզ «քցել». ուղիղ կապ չեն ապահովում ու լրագրողներին թույլ չեն տալիս, որ համակարգիչներով և համապատասխան աքսեսուարներով այստեղ մուտք գործեն»,- ասաց նա:

Չնայած այդ հանգամանքին՝ Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք ներս ենք մտել առանց որեւէ մեկին մեզ մոտ պահելու մտադրության: Դասական տերմինով ասած՝ պատանդ պահելու նպատակ չենք ունեցել, ուղղակի ստեղծված իրավիճակում այդ մարդիկ հայտնվել են մեր տարածքում: Փուլ առ փուլ, ըստ իրավիճակի, մենք բաց ենք թողել մեզ մոտ գտնվող բոլոր ոստիկաններին: Այսօր այդ գործընթացն ավարտվեց: Որոշակի պահից սկսած՝ մենք հստակեցրինք, որ ոստիկանների ներկայությունը մեզ մոտ բնականաբար կապ չունի մեր նպատակների հետ:

Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ ռեժիմն անընդհատ ցանկացել է գրոհով վերցնել այս գնդի տարածքը, բազմաթիվ անգամներ եղել են նախապատրաստական գործողություններ, որոնց չի հաջորդել բուն գործողությունը»:

varujan-avetisyan

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝  այսպիսի իրավիճակում պետք է կատարել միայն մեկ եզրակացություն. «Գրոհի տարբերակը մնում է ուժի մեջ, գրոհի տարբերակը հնարավոր է դառնում, իսկ գրոհի դեպքում այստեղ կլինեն բազմատասնյակ, եթե ոչ հարյուրավոր զոհեր:

Մեր խմբավորման անդամների մեծ մասը մարտական լուրջ փորձ ունեցող, լավ զինված մարդիկ են, որոնք տիրապետում են մարտավարական ու հատուկ գործողությունների իրականացման բոլոր հնարավորություններին: Լուրջ դիմադրություն է լինելու, ու լինելու են բազմաթիվ զոհեր: Այդ ամենի մեղավորը, բնականաբար, լինելու է Սերժ Սարգսյանը իր ռեժիմի հետ միասին»,- ընդգծեց նա:

Վարուժան Ավետիսյանը մանրամասնեց նաեւ, թե ինչու է «Սասնա ծռեր» խմբավորումը զինված հարձակման տարբերակն ընտրել. «Մենք զենք ենք վերցրել, զինված ապստամբության ենք դիմել՝ համոզված լինելով, որ ՀՀ-ում հնարավոր չէ ուրիշ եղանակով հասնել փոփոխությունների: Մեր գործողություններն ամբողջությամբ տեղավորվում են իրավունքի, սահմանադրության նորմերի, պահանջների մեջ, եւ մենք գործում ենք՝ իրացնելով այդ սրբազան իրավունքը»:

Նրա դիտարկմամբ՝ ժողովրդի ընդվզումը դանդաղորեն ձեւավորվում է. «Ընդվզման դանդաղ ընթացքը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առաջինը ժողովրդի ճնշված վիճակն է, այսպիսի մեթոդների անսովորությունը, երկրորդը՝ քաղաքական մանիպուլյատորների գործունեությունը, որոնք ցանկանում են մարեցնել հերթական ժողովրդական ընդվզումը ու մեր երկիրը տանել իրենց համար ցանկալի ուղով, այսինքն՝ դեպի անդունդ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031