Այսօր Շիրակի մարզի Հոռոմ գյուղում ցնծությամբ դիմավորել են բանակից վերադարձող հերոսին՝ Գևորգ Մանուկյանին, որը քառօրյա պատերազմի ժամանակ ոչնչացրել էր թշնամու ուղղաթիռը: Թշնամին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 50 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբով հետախուզական ներթափանցման փորձ էր կատարել Արցախի «Եղնիկներ» զորամասի վրա՝ ռմբակոծելով մեր մարտական դիրքերը: Գևորգ Մանուկյանը նրանց առաջին իսկ փորձը կանխել էր. «Իգլա» շարժական զենիթահրթիռային համալիրից կրակ էր բացել՝ խոցելով հակառակորդի ուղղաթիռը:
ՀՀ ու ԼՂՀ նախագահների կողմից նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:
Կարդացեք նաև
Հերոսը համագյուղացիներին ողջունելուց հետո շտապել է գյուղի գերեզմանատուն՝ հարգանքի տուրքը մատուցելու ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը Արցախում զոհված իր զինակից ընկերոջը՝ Տիգրան Պողոսյանին, որից հետո ծաղիկներ է դրել Արցախյան հերոսամարտում զոհված քաջորդիների հիշատակին կանգնեցված հուշարձանին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՔԱՋԱՐԻ ՀԵՐՈՍ