Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պարգևատրվել են մարտի 29-ից ապրիլի 22-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված «Միաձուլված սուր 2016» բազմազգ զորավարժությանը մասնակցած և աչքի ընկած բժիշկները, բուժքույրերը և բուժակները։
Ողջունելով զորավարժության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամովը շնորհակալություն են հայտնել բուժծառայողներին ցուցաբերած զորավարժության ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր պատրաստվածության և ակտիվության, ինչպես նաև առաջադրված խնդիրները ժամանակին և օպերատիվորեն իրականացնելու համար:
Մարտի 29-ից ապրիլի 22-ը ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը, ԱՄՆ զինված ուժերի 173-րդ բրիգադի կազմում մասնակցել է ԳԴՀ-ում կայացած «Միաձուլված սուր 2016» միջազգային զորավարժությանը, որի ընթացքում կազմավորված բժշկական վաշտի կազմում ապահովել է 2-րդ մակարդակում անձնակազմի բժշկական սպասարկում։ Զորավարժությանը մասնակցել են մոտ 5000 զինծառայողներ 15 պետություններից։
ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալի մասնակցության հիմնական նպատակն էր՝ դաշտային հոսպիտալի տեղափոխման, ծավալման աշխատանքների կազմակերպումը և փորձի փոխանակումը, ինչպես նաև պատերազմական պայմաններին առավելագույն մոտեցված իրավիճակներում հոսպիտալի ծավալման, վիրավորների և հիվանդների ընդունման, բուժօգնության ցուցաբերման և տարհանման աշխատանքների կազմակերպումը, ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի փաստաթղթաշրջանառության համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին և այլն։
Կարդացեք նաև
Զորավարժությանը ներգրավված հրամանատարական կազմի բարձրաստիճան սպաները գոհունակություն են հայտնել ՀՀ ԶՈւ զորախմբի պատրաստվածության, կազմակերպվածության և փոխգործակցելիության բարձր մակարդակի առումով։
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն