Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի մորը՝ Ռիմա մայրիկին՝ «մի տղուդ ցմահ դատելու են, մյուսին՝ 10 տարի են տալու»

Հուլիս 23,2016 13:49

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, արդեն քանի օր է կալանավորված է: Նրա մայրը՝ տիկին Ռիման, որը բնակվում  Ծաղկահովիտ գյուղում,  ոստիկանության դռներն ընկած, չի կարողանում ստույգ տեղեկություն ստանալ՝ թե իրավապահները որդուն ինչի՞ համար են պահում: Արարատ Խանդոյանն ու նրա երեք եղբայրները Արցախյան պատերազմի հերոսներ են:

Ոստիկանական բաժանմունքում տիկին Ռիմային վախեցրել են` ասելով, թե մի որդուն, որն այս օրերին պարեկապահակային գունդը գրավված անձանց թվում է, ցմահ դատելու են, իսկ Արարատին տասը տարի են տալու:

Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տիկին Ռիման, որի ինքնազգացողությունը գնալով վատանում է: Զրույցի ընթացքում նա անդադար լաց էր լինում եւ խնդրում, որ որդուն ազատ արձակեն, քանի որ առողջություն չունի. «Ես Արարատի մայրն եմ, Արայիկի մայրն եմ, ես 4 զավակ եմ տվել հայրենի հողը պաշտպանելու համար, մեկ տղաս զոհվել է, մյուսը հաշմանդամ է, Արարատիս վրա փոր չկա, ավտոմատի հինգ փամփուշտ փորից են հանել: Լյարդ չունի, փայծախ չկա, երիկամի մեկը հեռացված է, հաստաղիքը 30 սանտիմետր պլաստմասե դրած, ինքն առողջություն չունի»:

Տիկին Ռիման անընդհատ կրկնում էր, որ ինքը չի կարող դիմանալ, եւ որ այս պահին ընտանիքի միակ կերակրողը Արարատ որդին է, քանի որ մյուս որդին հաշմանդամություն ունի:

«Ես ո՞նց դիմանամ, ինքն  է իմ կյանքը, իմ արեւը, բա որ հանկարծ իմ էրեխին չթողեցին տուն գա, ես կարող ա մեռնեմ: Ինքն իր եղբոր համար է գնացել այնտեղ, Արարատիս աչքերը վիրավորվել են այս օրերին, հետևից ինչ-որ բան է պայթել, մարմինը վառվել է, շորերը պատռվել-վառվել են»:
Տիկին Ռիման համոզված է, որ որդին՝ Արարատը, ոչ մի հակաօրինական բան չի արել. «Ընդհակառակը ինքը խաղաղեցրել է ժողովրդին: Կադրերում էդ ամեն ինչը կա: Ինքը վատ բան չի անի, ինքը հայրենիք է պաշտպանել, իմ որդիների նկարները ամբողջ աշխարհի գրքերում ու թերթերում կան, թող էդ ամենը հանեն արխիվներից ու տեսնեն, թե իմ էրեխեքն ինչ հերոսություններ են արել»,-ասաց Ռիմա մայրիկը:

Հերոսների մորը Ծաղկահովիտում հենց այսպես՝ Ռիմա մայրիկ են կոչում: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմին առաջիններից մեկն իր երկու տղաներն են գնացել. «Իմ երեխաները ո՛չ ազգի դավաճան են, ո՛չ էլ մի բան, նրանք մի բան են միայն ասում՝ եթե հողերը մենք ենք վերցրել, ինչի՞ պիտի ազատագրված տարածքները հետ տանք, կարո՞ղ ա մտածում են, որ Հայաստանն առանց հայերի պիտի հանձնեն թուրքերին: Իմ միակ հույսն են իրենք: Ինսուլտ տարած կին եմ, չգիտեմ ինչ կլինի մեր վիճակը, եթե Արարատին բաց չթողնեն»:

Տիկին Ռիման որդիների սխրագործությունների համար բազմաթիվ պարգեւների է արժանացել:

Aravot.am-ի հետ զրույցում Արարատ Խանդոյանի կինը` Սոնա Թամարյանն ասաց, որ, եթե մինչեւ երկուշաբթի Արարատին բաց չթողնեն, ապա Արարատին, նրա մյուս եղբայրներին եւ Ռիմա մայրիկին տված մեդալները, պարգեւները «հետ է շպրտելու»:
«Երկու օր առաջ Արարատին ձերբակալել են անհիմն, քանի որ Արայիկի եղբայրն է, նա ցույցերին ներկա է եղել, բայց ոչ մի անօրինական քայլ չի արել, Արայիկի հետ խոսել  է, ու հավաքվածներին փոխանցել է Արայիկի խոսքերը՝ թե հողը հանձնողին՝ հողին կհանձնեն: Այդտեղ բոլորը ձայները բարձրացրել եւ ողջունել են: Այդ ժամանակից սկսած ոստիկանությունը մեր տան պատերի տակից չէր գնում, որ Արարատին բռնեին: Սուրճ խմելու տեղից Արարատին տարել են, ասել են՝ 72 ժամը լրանա, նրան բաց կթողնենք: Մայրը մեծահասակ, հիվանդ կին գնացել է ոստիկանություն, ասել են՝ մի տղայիդ ցմահ ենք տալու, մի տղայիդ տաս տարի ենք տալու, հետո իբր խղճացել են ասել՝ լավ տղայիդ կբերենք, բայց խոսք տուր, որ տղայիդ չես թողնի գնա ցույցերին: Արարատի մայրը հույսով գալիս է տուն, որ տղային պիտի բաց թողնեն, հետո զանգում ենք քննիչին, ասում է՝  Արարատի դատը լսվել է, երկու ամսով կալանքի են վերցրել: Մեկ էլ թե՝ բայց կարող է երկու ամիս չպահեն, ինքը լավ տղա է, վատ բան չի արել, կադրերում կա, որ ինքը չի խփել, բաժանել է: Կարող է կրքերը հանդարտվեն՝ իրեն շուտ թողնեն»:

Արարատի կնոջ խոսքերով, «Արարատն առողջություն չունի, Արցախյան պատերազմում վիրավորվել է, մեկ երիկամը չկա, ինքը ինչպե՞ս է նստելու քարին, երկաթին, իրա փորը լրիվ քարտեզ է, եթե շապիկը բարձրացնի, մարդ կվախենա նայի: Մայրը ծեր կին է, չի կարողանում խոսել, անընդհատ ասում է՝ ես կմահանամ, բայց իմ խիղճը բոլորի վրա, թող տղայիս ազատ արձակեն ինձ տան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    ՈՒՐ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ??? Փաստաբանների մի գրասենյակ չկա, որ համաձայնվի օրինական տեսանկյունից զբաղվել այս հարցով: Մի կամավոր փաստաբան չկա երկրում???

  2. vahan says:

    տիկին ռիմա ձեզ փորցելեն վախեցնել իսկ ոնց հայտնիե վախեցնումե վախեցնողը մի ընկրկեք ՀԱՅՈՐԴԻՆԵՐԸ հաղթանակած անցնելուեն իրանց գործերին ցմահ դատող շատ շատեն լինելու հաստատ և հաստատ դատապառտվածները լինելուեն նրանք որոնք ահա արդեն 25 տարի ծրագրաորած քանդում եվ քայքայումեն ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031