Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումն իշխանության օրակարգում է». Վիտալի Բալասանյանը մանրամասներ է ներկայացնում

Հուլիս 23,2016 13:04

ՊՊԾ գունդը գրաված եւ պատանդառություն իրականացրած «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ հուլիսի 22-ին կայացած բանակցությունների արդյունքները «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական-վերլուծական ծրագրի ընթացքում հեռախոսակապով ներկայացրել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը:

«Ամենաբարդ եւ լուրջ խնդիրը կայանում է նրանում, որ արյուն չթափվի»,-ընդգծել է նա:

Ըստ Բալասանյանի, «Սասնա ծռերին» սնունդ հասցնելու հետ կապված  բողոքներն այնքան էլ չեն համապատասխանել իրականությանը. ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը մատակարարում են սնունդ:

Վիտալի Բալասանյանը հիշեցրել է, որ երեկ առավոտյան ՊՊԾ գունդ է ուղեկցել  բժշկական խմբի. պատանդները բուժզննություն են անցել. «Նրանց վիճակը նորմալ է: Խմբից կան երկու վիրավորներ, բժիշկները համապատասխան միջամտություն են արել, բողոքներ չկան: Խմբի անդամներին եւս առաջարկել եմ բուժզննություն անցնել, մեծամասնությունը հրաժարվել է: Կան մարդիկ էլ, որոնք օգտվել են բժշկական սպասարկումից»:

Վիտալի Բալասանյանը նաեւ տեղեկացրել է, որ Պավլիկ Մանուկյանին տրամադրել է կապի միջոց` հեռախոս:

Բալասանյանը գտնում է, որ իշխանության առաջարկները կոմպետենտ են, սակայն խումբը դեռ քննարկում է դրանք. «Նրանք առաջարկում են այլ բաներ` Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձեւավորում, իսկ ամենակարեւոր հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին եւ գտնվում է օրակարգային ամենակարեւոր հարցերում»:

Վիտալի Բալասանյանը համոզված է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, այնուամենայնիվ, ըստ նրա, խմբի կողմից որպես քաղբանտարկյալներ հիշատակվողների  հարցը եւս օրակարգում է. «Իշխանությունների քայլերն ընդառաջ են եւ կարծում եմ` դրանք պետք է ընդունվեն»:

ԼՂՀ պատգամավորի խոսքով` Խորենացի փողոցում սադրանքներն անընդունելի են. «Պետք է զերծ մնալ ոտնձգություններից»:

Հիշեցնենք` երեկվա բանակցությունների արդյունքում «Սասնա ծռերն» այսօր հայտարարեցին, որ բաց են թողնում պատանդներից երկուսին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031