Հարգելի հայություն, ես լրագրող չեմ և ոչ էլ տիրապետում եմ քարոզչական արվեստին, սակայն որոշեցի գրել այս մասին՝ հոդվածանման բաց նամակը, ավելի ճիշտ որոշեցի իմ աչքով տեսածը և ականջներովս լսածը հանձնեմ թղթին և ի լուր ավետեմ ողջ աշխարհի և հայսատանիս հայությանը: Թույլ տվեք այս բաց նամակս անվանել «Մի գյուղի պատմություն, կամ գյուղացիական կյանք, թե՞ պատերազմող համայնք»:
Մեկ օրով, ավելի ճիշտ մի քանի ժամով ընկերներով մեկնեցինք Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը, տխուր արարողության մասնակցելու համար: Դիլիջան քաղաքից սկսած մինչև Մովսես գյուղը հիանալի բնություն, սարեր, անտառներ, գետակներ, լճակներ էին: Իսկ Իջևան քաղաքից հետո ճանապարhը և տեղանքը չիմացող ցանկացած անձի համար այն հղի է վտանգներով, քանզի կարող ես շեղվել ճանապարհից և հայտնվել թշնամու հողում, որովհետև չկան բավարար չափով ճանապարհային ուղեցույցներ, իսկ եղածներից ոմանք էլ փարթամացած ծառերն են ծածկել: Մինչ Մովսես գյուղ հասնելը ասֆալտե ճանապարհը վերջացավ և մոտավորապես 5-6 կմ մենք գնում էինք հողե ճանապարհով: Վերջապես հասանք Մովսես գյուղի սկզբնամասին։
Առաջին տպավորությունն ահավոր էր և շատ ցավալի` ամենուր կողպված տներ։ Պարզ է`տան տերերը լքել էին իրենց տներն այս դրախտավայրում, պատերազմի, անուշադրության և աշխատանք չլինելու պատճառներով և մեկնել կամ Հայաստանի ավելի բարվոք քաղաքներ, կամ էլ արտասահման։ Կրկին քանդված կտուրներ, ռմբակոծությունից կոտրված պատուհաններ, և ամբողջական ավերված տներ: Գյուղի հենց սկզբնամասում հանդիպեցինք 80 տարեկան մի ծերունու։ Մարդը իր ապրած կյանքից և տեսած ցավերից 100 տարեկանից էլ անց ծերուկի տեսք ուներ։ Երկար չկամեցանք անհանգստացնել լսողության հետ խնդիր ունեցող ծերունուն, մի քանի հարց տալուց և նրա հարցերին պատասխանելուց հետո նրան առողջություն մաղթեցինք ու հեռացանք։
Այդ տարեց գյուղացու դեմքին մենք ժպիտի նշույլ անգամ չտեսանք, նրա դեմքին դրոշմված էին տարիների տառապանքն ու պատերազմական հետևանքներից մնացած ցավալի հետքերը: Հասանք գյուղի կենտրոն, գյուղամեջ, գնացինք մեր ցավակցությունն հայտնելու մեր հարազատներին, քանի որ գյուղ էինք եկել մեր շատ սիրելի ընկերուհու՝ գործընկերուհու մահվան արարողությանը մասնակցելուն: Մեր հանգուցյալ ընկերուհու հարազատներից մեկի հետ մենք ոտքով շրջեցինք գյուղում: Գյուղում կային նաև նորակառույց տներ, գեղեցիկ վերանորոգված մշակույթի տուն, դպրոց և մանկապարտեզ։ Գյուղն ուներ նաև նորակառույց եկեղեցի հին եկեղեցու տեղում, կային տարբեր արձաններ և կիսանդրիներ, անգամ ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի և Գաբրիել Սունդուկյանի կիսանդրիներն էին դրված գյուղի մշակույթի տան բակում: Մեզ դիմավորեց և մեզ հետ ծանոթացավ գյուղի գյուղապետը, շատ հետաքրքիր մի զրուցակից, հայրենասեր, իր համայնքի յուրաքանչուր խնդրին հետևողական, անկուսակցական և իր գյուղի ամեն մի անդամի համար սրտացավ պայքարող՝ Արարատ Ավալյանը: Նախ մենք շրջեցինք գյուղի դպրոցում, եղանք մշակույթի տանը, եկեղեցում աղոթեցինք և մոմ վառեցինք, ապա նա մեզ հրավիրեց իր աշխատասենյակ սուրճ հյուրասիրելու: Պարոն Ավալյանի աշխատասենյակը սովորական համայնքային ղեկավարի աշխատասենյակ էր` սեղաններ, աթոռներ, ՀՀ նախագահի նկարը, եռագույն դրոշ, պատվոգրեր և գովասանագրեր։ Պատին համայնքի ամբողջական քարտեզ իր վարելահողերով անտառներով և այլն: Աշխատասենյակում իմ ուշադրությունը գրավեց մի շատ հետաքրքիր, բայց ցավալի ցուցանմուշների հավաքածու, դա վերջին ժամանակներում մեր թշնամիների կողմից գյուղի վրա արձակած տարբեր տրամաչափի փամփուշտների գլխիկներներ էին և արկերի բեկորներ ու մնացորդներ:
Կարդացեք նաև
Զրուցեցինք տարբեր թեմաներից, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, խնդիրներից, գյուղի և մարզի տարբեր խնդիրներից, լավ ու վատ ապրելակերպից և այլն… Գյուղապետն իմանալով, որ մեր ընկերներից մեկը հանդիսանում է Երևան քաղաքի համայնքներից մեկում՝ հանրապետական կուսակցության շտաբներից մեկի ղեկավարը, նա մեզ տեղեկացրեց գյուղի խնդիրների մասին: Ցավով իմացանք, որ գյուղն ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Նախ գյուղը ուներ և՛ խմելու, և՛ ոռոգման ջրի խնդիր, գյուղապետն ասեց, որ մշակվել է երկու տեսակի ջրամատակարարման նախագիծ, բայց դրանցից ոչ մեկ չի իրականացվել: Ջրամատակարարման մի նախագիծ պետք է ժամանակին իրականացներ հունական ինչ-որ բարեգործական կազմակերպություն, սակայն դա էլ է մնացել կիսատ։ Իրականացվել է 50%-ից ոչ ավելին: Տեղեկացացանք, որ ժամանակին բազմաբնակ սահմանամերձ գյուղը դարձել է խիստ սակավաթիվ, գյուղի դպրոցն այժմ ունի 123 աշակերտ, իր` ժամանակին 1200-ից ավել աշակերտի փոխարեն: Վերևում իմ նշած միակ և գլխավոր ոչ ասֆալտապատ 5-6 կիլոմետրանոց ճանապարհը մեծ խնդիր է առաջացնում գյուղացիներին արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու համար։ Գյուղն առանց այն էլ բավականին հեռու է շրջկենտրոնից:
Գյուղից չի գործում ոչ շրջկենտրոնին և ոչ էլ մարզկենտրոնին կապող որևէ տրանսպորտ: Գյուղացիների աշխատավարձերը և թոշակները պարտադրաբար սարքել են բանկային վճարային քարտերով, գյուղացիներից շատերն ամեն ամիս ստիպված են լինում ոտքով կտրել ավելի քան 20 կմ, հասնել շրջկենտրոն, ստանալ իրենց աշխատավարձերը և թոշակները, ապա ստացած գումարը հենց տեղում ծախսել շրջկենտրոնի խանութներում և բեռներով ոտքով նորից վերադառնալ գյուղ: Այս դեպքում պարզ է, որ տուժում `, և’ բնակչությունը, և’ գյուղում գտնվող սակավաթիվ փոքրիկ այն խանութների տերերը, որոնք մի քանի դրամ շահույթ ստանալու պատրվակով խանութ են բացել գյուղում և բառիս բուն իմաստով կառչել են գյուղից:
Բոլորս էլ գիտենք, որ գյուղական համայնքների խանութներում առևտուրն առանց այն էլ ընթանում է ապառիկ տարբերակով, կամ էլ ապրանքափոխանակումով: Գյուղապետը մի քանի անգամ առաջարկել է, անգամ համոզել է, որ գյուղում տեղադրվի բանկոմատ, կամ փոքրիկ բանկ, որպեսզի գյուղի բնակչությունն ազատվի այդ ավելորդ ծանր հոգսից, սակայն ցավոք սրտի անօգուտ: Զարմանքով իմացանք, որ սահմանամերձ այս գյուղում, բնակչությունը քաղաքի բնակչության նման ամեն ամիս պարտավոր է մուծել՝ ջրի, լույսի, գազի և այլ կոմունալ վարձերը, չմուծելու դեպքում անհապաղ կզրկվեն գազից, լույսից կամ ջրից: Ես հատուկ շեշտեցի սահմանամերձ բառը, քանի որ այս կարգի սահմանամերձ զրկանքներով և վտանգներով լի առաջնային գյուղի յուրաքանչուր բնակիչ մեծից մինչև փոքր մի ազատամարտիկ է, մի հերոս է մեր ազգի համար։ Միթե՞ սա արդարացի է, ասեք ինձ խնդրում եմ: Նրանք ոչ միայն պետք է ազատված լինեն նմանատիպ կոմունալային վճարներից, այլ նաև ամենքը պետք է ստանային որոշակի չափի հավելյալ գումար որպես խրախուսանք:
ՀՀ Կառավարության ղեկավարներ, Աժ պատգամավորներ, միգուցե ես պետք է ձեզ հուշեմ, թե որտեղից պետք է գտնել գումարներ և միջոցներ յուրաքանչուր սահմանամերձ գյուղի բնակչության կյանքը փոքր ինչ բարելավվելու համար։ Ինչպե՞ս ազատել նրանց կոմունալ հարկերից և այլն անհիմն վճարումներից։ Չեմ կարծում. դուք ինքներդ էլ բոլորիցս լավ գիտեք, ո՞րտեղից և ո՞նց կարելի է գումարներ հայթայթել և միջոցներ ստեղծել սահմանամերձ գյուղերում ապրող մեր այդ չգրանցված իրական հերոսների կյանքը մի փոքր բարելավվելու և հոգսերը թեթևացնելու համար։ Դրա համար կան բազմաթիվ միջոցներ և լծակներ, կա պետբյուջե, որն անխնա լափում եք դուք՝ «հարգելի» ղեկավարության անդամներ: Կան նախարարներ, օլիգարխներ և օլիգարխիկներ , որոնք ժամանակին հարստացել են հենց այդ ժողովրդին խաբելու և հարստահարելու միջոցով: Ամեն մի հայ օլիգարխ, կամ նրանց թիկնապահներից և բարեկամներից ոմանք, որոնք արդեն պակաս օլիգարխիկներ չեն դարձել իրենց «բարերարի» շնորհիվ, եթե պատշաճ վճարեն իրենցից հասանելիք հարկերը պետբյուջեն, այլ ոչ թե փողեր լվանան և խուսափեն իրական վճարումներից, եթե բարեհաճեն վճարել իրենց իսկ ծախսած վերոնշյալ բոլոր կոմունալ հարկերը պատշաճ, այլ ոչ թե վճարեն կիսով չափ, իսկ կեսն էլ ինչ, ինչ խաբեություններով թողնեն ազգաբնակչության վզին, ապա առանց մի մեծ դժվարությամբ կարելի է թեթևացնել մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերի հոգսերն ու այնտեղի բնակչությանը ազատել ավելորդ վճարումներից, խրախուսել այդ իրական հերոսներին, որպեսզի նրանք չլքեն առանց այդ էլ արդեն կեսից ավելին լքված իրենց հայրենի գյուղն ու մեկնեն արտասահմաններ:
Գյուղում, երբ մասնակցում էինք մեր գործընկերուհու հուղարկավորությանը, ես նկատեցի մեկ ցավալի փաստ ևս. Մովսես գյուղի գերեզմանատունը գտնվում էր բարձրունքի վրա, մեր թշնամու սահմանապահների դեմ դիմաց, և այդ գյուղի ամեն մի թաղման թափոր թշնամու համար հանդիսանում էր շատ լավ թիրախ կրակահերթ բացելու համար: Ես ձեզ պատմեցի դեռ ընդամենը սահմանամերձ մեկ գյուղի խնդիրների և հոգսերի որոշակի մասի մասին, իսկ որքա՞ն սահմանամերձ գյուղեր ունենք մենք, որքա՞ն բնակիչներ ունենք սահմանամերձ գյուղերում, որքա՞ն խնդիրներ և չլուծված հարցեր ունեն նրանք։ Չեմ հոգնի կրկնելուց` ախր նրանցից ամեն մեկը` ծերունուց մինչև ամենափոքրը, չգրանցված իրական հերոսներ են մեր ազգի համար, գնացեք գոնե մեկ օր, մեկ շաբաթ ապրեք նրանց կողքին, նրանց մեջ, նրանց հետ, նրանց նման շատ բաներից զրկված ապրեք ղեկավարության «հարգելի» անդամներ, ԱԺ պատգամավորներ, ղեկավարության դռների մոտ օճառով օրերով հերթ կանգնող մշակույթի և արվեստի ճոռոմաբար ճառեր կարդացող գործիչներ։
Կարծում եմ այդ ժամանակ շատ բաներ կարող եք հասկանալ և փոխել ձեր կարծիքն ու առավել ևս վերաբերմունքը հասարակ սեփական ժողովրդի հանդեպ: Հարգելի լրագրողներ ու՞ր եք դուք, ուշադիր եղեք գյուղացու, առավել ևս սահմանամերձ գյուղերի և գյուղացիների խնդիրների հանդեպ, որքան կարող եք հաճախակի այցելեք սահմանամերձ բնակավայրեր և որքան հնարավոր է երկար ժամանակ անցկացրեք այդ հասարակ, բարի, պարզ և հյուրասեր բնակչության մեջ։ Երաշխավորում եմ ձեզ, դուք այնտեղ շատ շատ գրելու բան կգտնեք, անվերջանալի հետաքրքիր իրական պատմությունների կհանդիպեք, որոնք չեք հապաղի հանձնել թղթին և տեղեկացնել հանրությանը։ Միգուցե և ձեզ համար էլ հանրության կողմից ճանանչում ու հարգանք ապահովեք:
Հայրենիքն սկսվում և վերջանում է ոչ թե մայրաքաղաք Երևանից և Երևանում, այլ սահմանամերձ ցանկացած գյուղից և սահմանամերձ ցանկացած գյուղում, հարգելինե՛րս:
Գյուղից վերադառնալուց 5 ժամ հետո ցավով տեղեկացա, որ թշնամին մեր գնալուց մոտ 2 ժամ անց կրակահերթ է բաց թողել Մովսես գյուղի դպրոցին կից խաղադաշտում խաղացող երեխաների վրա, բարեբախտաբար գյուղի բնակիչներից ոչ ոք չի տուժել, երեխաներին էլ հասցրել են թաքցնել գյուղի եկեղեցու թաքստարանում, որը հենց դպրոցի դիմացն էր գտնվում: Հարգելինե՛րս, այդ գյուղի երեխաները մեր` այնտեղ եղած ժամանակ, այսինքն դեպքից մոտ 2-3 ժամ առաջ էլ այնտեղ ֆուտբոլ էին խաղում:
Ստորև տեղադրում եմ քաղվածք լրահոսից այդ կրակոցների վերաբերյալ.
«Տավուշի մարզի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ հուլիսի 21-ին ժամը 17.10-ից մինչեւ 17.12-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից՝ ԴՇԿ-ներից, կրակահերթեր է արձակել գյուղի դպրոցին հարակից մարզադաշտում ֆուտբոլ խաղացող երեխաների ուղղությամբ: Նա ասաց. «15-20 երեխաներ էին խաղում, 10-15 չափահասներ էլ կային, նաեւ՝ հովեկներ: Երեխաները դաշտում թողելով գնդակը, 2 ժամ հետո վերադարձան, սկսեցին նորից խաղալ»:
Պրոդյուսեր՝ Սամվել Ստեփանյան
«ԱՐԱՀԵՏ» պրոդյուսերական կենտրոն
22.07.2016 թ.