Չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հնչած մտավախություններին, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված եւ պատանդներ պահող «Սասնա ծռեր» զինյալ խմբի նկատմամբ կլինի ուժային միջամտություն՝ անցած գիշերն էլ է հանգիստ անցել Խորենացի փողոցում:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»:
Տարածքում այժմ ոչ ոստիկանական, ոչ ցուցարարների զգալի կուտակումներ չկան: Խորենացի փողոցը բեռնատարներով փակած արգելապատնեշի մոտ այս պահին ընդամենը հինգ-վեց ոստիկաններ են: