Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երկիրը սպասման հիվանդ է…

Հուլիս 23,2016 14:30
merujan Ter-Gulanyan

Ես կարող էի ասել, որ սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք:
Ես կարող էի ասել, թե կյանքս կտամ քո անկախության ու փառքի համար:
Ես կարող էի ասել, թե չկա ավելի բարձր էություն, քան դու ես, ի՛մ հրաշալի երկիր:
Ես կարող էի ասել, որ ոչ մի տեղ այնքան ապահով ու երջանիկ չեմ, ինչքան քո կարկտաբեր ամպերի տակ:

Ես կարող էի ասել, որ սիրում եմ իմ երկրի անպարտ բանակը, ինչպես իմ միակ որդուն:
Ես կարող էի ասել` դու իմ երկիր, իմ ցեղ, իմ ազգ, հնագույնն ես այս աշխարհում, եւ հնագույն է քո բարբարոս ու ճկուն լեզուն, ինչպես Չարենցը կասեր:
Ես կարող էի ասել, որ մենք քսանհինգ հազար տարի առաջ, նախքան Արարատի ժայթքումը, ժողովուրդներ ենք ղեկավարել, ուստի այսօր չենք կարող ենթարկվել, չնայած օտարության մեջ, թվում է, թե ենթարկվում ենք:

Ես կարող էի ասել, որ մենք եղել ենք հզոր, բայց ոչ մի ազգի չենք ստրկացրել, քանի որ Հայաստանը պատմության մեջ միակ երկիրն է, որ լինելով տիրապետող` չի ունեցել ստրկատիրություն:

Ես կարող էի ասել, որ բոլոր պատերազմներում եւ ճակատամարտերում մեր ցեղը երբեք չի պարտվել, պարտվել է ընդամենը մեկ անգամ, պարտվել է իր ներսից, այն էլ իր երկրի մեջ, իր երկրի սրտում:

Դա հազար իննը հարյուր տասնհինգ թվականն էր, երբ փորձեցին մարմինը սրտից անջատել՝ սպանելով մարմինը, բայց սիրտը մնաց, սիրտը ապրելու է ու հաղթելու:
Ես կարող էի ասել, որ տունը մեծանում է ներսից, եւ ասում եմ. երկիրը ուժեղանում է ներսից: Եվ այսօրվա սերունդն է, որ պիտի հզորացնի Մերը, որ աշխարհին հավասար Մերն է:

Ես կարող էի ասել, որ մեր Մտքի Մեծերը բոլորովին պակաս չեն ուրիշների Մեծերից. վկան՝ Խորենացին, Նարեկացին, եւ, եւ, եւ…

Ես կարող էի ասել, որ կյանքիս մեծագույն նպատակը Հայաստանի անկախությունն էր եւ է, ինչի համար ես նաեւ պայքարել եմ, ինչքանով կարողացել եմ:
Հայաստանի անկախությունն ու բարեկեցությունը հիմա էլ է կյանքիս նպատակը:
Ես կարող էի ասել եւ ասում եմ, որ հավատում եմ իմ ժողովրդի իմաստնությանը, եւ որը, վստահ եմ, կարող է տեր կանգնել երկրի ցավին եւ հաղթանակներին. երբ երկիրը սպասման հիվանդ է, ու Տերը Հայրենիքն է մեր:

Ես կարող էի ասել, իմ սիրելի ժողովուրդ, շնորհավոր Հայաստանի երրորդ հանրապետության քսանհինգամյակը, ուզում էի շնորհավորել ժամանակից շուտ, բայց մի տեսակ տխուր եմ՝ հիշելով Սասունցի Դավթի եւ արտատեր պառավի զրույցը, ում բոստանի շաղգամները Դավիթը թրատում էր, եւ այդ իմաստուն մայրն ասել էր.
– Դավիթ ջան, քո ուժը բանեցրու թշնամու դեմ եւ ոչ թե ավերիր քո հայրենական արտը…
Ես կարող էի ավելին ասել, բայց հիմնական ասելիքս արդեն վերնագրում հնչեցրի, ինչը ոչ մի կապ չունի կենաց բաժակի հետ:

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

22.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ցզի-լուն հարցրեց, ինչպես պետք է ծառայել թագավորին:
    Կոնֆուցիուսը պատասխանեց.
    _Ոչ մի անգամ չխաբել նրան: Իսկ եթե անհրաժեշտ է, ապա ճակատին ասել ճշմարտությունը:

    (Կոնֆուցիոս, Զրույցներ, Երևան1991, էջ 113):

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031