Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած բողոքի շարժում ողնաշարից կոտրում են

Հուլիս 23,2016 13:30

«Քաղցրաշենի ոռոգման համակարգ» ծրագրի շուրջ գառնեցիների պայքարը լի էր նման գործընթացին բնորոշ վայրիվերումներով` ոգեւորությամբ, հիասթափությամբ: Հարգանք ներշնչեց վարչապետի քայլը` հանդիպման գալը: Համակվեցինք ժամանակավոր լավատեսությամբ, մտածեցինք, որ ամեն ինչ չէ, որ վատ է ներիշխանական համակարգում: Սակայն պարզվեց, որ ձեռագիրը նույնն է` կոտրել շարժման հիմնական նպատակին հասնելու տրամաբանությունը՝ փոքր, նեղ զոհողություններով: Շիվարած ենք մնացել: Փաստորեն կասեցումը այնքան էլ կասեցում չէ, կամ կասեցվում է 27.5 կմ-ի միայն 5.2 կմ հատվածը: Նախկինում էլ ենք գործ ունեցել նման գործելակերպի հետ:

Կուտակայինի դեմ պայքարին տրված կառավարության կասեցման խոստումը դարձավ որոշակի թվականներին ծնվածների համար կամավոր սկզբունքով կիրառում (երբեմն՝ պարտադիր), որոշներին չվերաբերեց ժամանակավորապես, ոմանց վերաբերում է աշխատանքը փոխելուց հետո: Այսպիսի խրթին օրենքներ են ընդունում, եւ թակարդներն ու խաբկանքները դարձել են գործելաոճ:

Կամ՝ շրջանառության հարկի 1 տոկոսի բարձրացման դեմ պայքարը ավարտվեց չբարձրացման խոստումով, բայց այնքան էլ ոչ չբարձրացմամբ: Այսինքն` սահմանվեց 1-5 տոկոսների հարկման գործակից-փաստաթղթավորված շրջանառությունը պետք է հարկվի մեկ տոկոսով, բայց պարզվում է, որ իրականում 3 տոկոսից պակաս չի կարող լինել, իսկ չփաստաթղթավորվածի հարկը կազմում է շրջանառության 5 տոկոսը: Այսպիսի խճճված օրենքներով շարունակում են վերջացնել փոքր եւ միջին բիզնեսը, հետեւաբար եւ միջին խավը:

Ասում են` իրական արժեքը պարզության մեջ է: Զարգացման վերջնական արդյունքը պարզությանը հասնելն է: Մեր գործադիրը զարգացման նախասկզբնական փուլում է գտնվում:

Կարելի է հիշել մեր երիտասարդական հիանալի «Էլեկտրիկ» շարժման արդյունքը: Երիտասարդները մեզ փրկեցին մեր «բարեկամ» երկրի կեղեքիչ թալանից, որ ծրագրել էր էլեկտրաէներգիայի գինը շարունակաբար բարձրացնելով հասնել վերջնական հայաթափման: Բայց միեւնույն է՝ անհիմն թանկացում եղավ: Այս գործելակերպը ձեռագիր է, որը ցանկացած բողոքի շարժում կոտրում է ողնաշարից` խոսք տալով պայքարողներին, զրկում են նրանց ավելիին հասնելուց:

Անցնենք Ազատ գետին: Լուծվեց գառնեցիներիս համար շատ կարեւորը: Մեզ տեսանելի հատվածում գետը կհոսի իր հավերժական հունով: Այսպես ասած՝ հիմնական պայքարողների բերանը փակեցին: Բայց մեր պայքարը համամարդկային ազգային եւ բնապահպանական ուղղվածություն ուներ: Մի լղոզիկ որոշմամբ այն դարձրեցին որպես տեղային եւ շահախնդիր պայքար:

Մենք բացահայտեցինք այդ ծրագրի՝ երկրի համար ոչ շահեկան լինելը: Լավ, մեր երկրում բացի մի քանիսի այգիները ջրելուց՝ ուրիշ խնդիրներ չկա՞ն: Մենք պատերազմի մեջ չե՞նք գտնվում: Կամ թեկուզ այդ վարկերով սեփական բիզնես-արդյունաբերություն զարգացնեին եւ ոչ թե մի քանի ծառ ավելի տնկեին: Մենք արդյունաբերական երկիր էինք` դարձել ենք ագրարային երկիր: Ապրիլյան դեպքերից հետո թվում էր, թե շատ բան կփոխվի: Հանկարծ մտածեցին տնտեսել աղքատիկ բյուջեի միջոցները, կարծես թե հենց այդ պահին վերջացան մեր երկրի նավթի ու գազի պաշարները: Ինչպե՞ս կարելի էր որեւէ ժամանակահատվածում չտնտեսել: Ոչինչ չի փոխվում: Կրճատվեցին մի քանի հարյուր շահագործման համար ոչ պիտանի ծառայողական ավտոմեքենաներ:

Սիրելի ժողովուրդ, առջեւում ընտրություններ են, մի վտանգեք ձեզ եւ մեզ, փոփոխության գնացեք, ում ինչ կխոստանաք, միայն թե ընտրախցիկում խղճով քվեարկեք, ուրիշ ճանապարհ չունենք: Այլապես Հայաստանը կշարունակվի դատարկվել, եւ այս հիվանդ վիճակով մեր երկիրը տարածաշրջանային թշնամական պայմաններում ինքնիշխան գոյատեւել չի կարողանա:

 
ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ

«Առավոտ»

22.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031