«Սերժ Սարգսյանին մի ճանապարհ է մնում` եթե ասում է, որ «Սասնա ծռերի» ներկայացրած պահանջները անհնարին են, իրեն մնում է նստել բանակցությունների Ժիրայր Սեֆիլյանի հետ: Եթե Ժիրայր Սեֆիլյանը համաձայնվեց այդ բանակցությունների արդյունքների հետ, եթե դրանք ներկայացրեց «Սասնա ծռերին», վերջիններիս էլ համաձայնեցին, այդ ժամանակ համաձայնությունը կներկայացվի այստեղ հավաքված ժողովրդին»,-Խորենացի փողոցում դիմելով ցուցարարներին` ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Մենք այստեղ ենք գտնվում, որովհետեւ համաձայն ենք «Սասնա ծռերի» առաջադրած նպատակների հետ, որովհետեւ կիսում եւ պաշտպանում ենք նրանց երկու առանցքային նպատակները` Սերժ Սարգսյանի հեռացում եւ վստահության կառավարության ձեւավորում: Այստեղ գործ չունեն նրանք, որոնք շեղվում են այդ նպատակներից, խմածներն ու սադրիչներն այստեղ գործ չունեն»,-հավելեց նա:
Ալեք Ենիգոմշյանի խոսքով. «Եթե Սերժ Սարգսյանը փորձում է ինչ-որ բան ապացուցել, նրա ձեռքերը ոչ մեկ չի բռնել, կարող է սկսել որակական փոփոխություններ եւ միայն այդ դեպքում կարող է ասել` տղերք ջան, ոչ ձեւական գործ եմ անում, եթե ուզում եք` եկեք համաձայնվենք»:
Ենիգոմշյանը ցավակցություն հայտնեց սպանված գնդապետի հարազատներին: Նրա կոչով ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արթուր Վանոյանի հիշատակը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բոլորս դեպի քաղաքացիական պայքար:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Հայ ազգի քաղաքացիական պայքարի առաջին օրը : Ես գիտեմ, որ ձեզնից շատերը ոչ թե հերթական, այլ վճռական հանրահավաք են ակնկալում, որը կազդարարի Հայաստանի պատմության ՀՀԿ-ի փուլի ավարտը: Թե որքան արագ վրա կհասնի անխուսափելի այդ պահը` մեզնից յուրաքանչյուրի ներքին որոշումից է կախված: Մեզնից յուրաքանչյուրը իր ամենօրյա կյանքով եւ գործով պետք է հասունացնի Ազատ եւ Երջանիկ Հայաստանի հաղթանակը, ամուր մնալով հանուն այդ գաղափարի մղվող պայքարի դիրքերում: Այս իմաստով` վճռական է յուրաքանչյուրիս ներկայությունը դուրս գալով փողոց պայքարի: Հայ ազգն ընթանում է դժվար եւ գիտակցված ճանապարհով, եւ այդ ճանապարհը մեր ժողովրդին բերելու է գիտակցված հանգրվանի: Դժվար է ճանապարհը, եւ երանի նրանց, ովքեր կդիմանան մինչեւ վերջ, որովհետեւ` մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է: