Խորենացի փողոցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կրկին դիմեց ցուցարարներին. «Քաղաքացիներն այստեղ իրենց կամքը արտահայտելու են այն մասին` արդյոք Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, թե շարունակի անել այն, ինչ անում է: Ժողովրդի ցանկացած որոշում մենք հարգելու ենք եւ շարժվելու ենք դրանով: Եթե ժողովուրդը ուզում է շարունակել 5 հազար դրամների քաղաքականությունը, եթե ուզում է ապրել թալանվող երկրում, թալանող իշխանության պայմաններում, դառը կսկիծով պետք է այդ փաստը հաշվի առնենք: Եթե մարդն ուզում է, որ ՀՀ-ին լինի հզոր, լինի ինքնիշխան Արցախ, պետք է Երեւանը ոտքի կանգնի այստեղ:
Ոչ մի զենք, ոչ մի բռնություն, ոչ մի անհարգալից վերաբերմունք: Սերժ Սարգսյանն այսօր ակնարկել է, որ պետք է բացառել անձնական վրեժխնդրության դեպքերը: Ուզում եմ Ձեր անունից մի հայտարարություն անել: Եթե ժողովուրդը որոշում կայացրեց, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է, նա հեռանալու է: Պետք չէ անհանգստանալ` բերման են ենթարկելու, տուն են գալու, գործից հանելու, աշխատավարձից կտրելու: Այդ պայմաններում քաղաքացին պետք է իր կամքը արտահայտի»:
Հայտարարությունը ցուցարարները ծափերով ողջունեցին, ապա վանկարկեցին` «Նիկոլ-Նիկոլ»: Պատգամավորը եւս մեկ հայտարարություն արեց. «Օրենքը պետք է գործի: Այս փոփոխություններից հետո, որոնք հույս ունեմ` իրար հետ կիրականացնենք, ՀՀ-ում այլեւս չի լինելու քաղբանտարկյալ: Հանրապետական կուսակցության ոչ մի անդամ, Սերժ Սարգսյանին աջակցած ոչ մի գյուղապետ չի լինելու քաղբանտարկյալ: Ծափերով երաշխավորեք, որ խոստանում եք դա: Կարիք չկա ասել` «Սերժիկ հեռացիր»: Այստեղ կանգնելը դա է նշանակում:
Անգամ հայտնի ընտրակեղծարարը չպետք է մտավախություն ունենա, որ իրենց երեխաներին թարս են նայելու: Նրանք ՀՀ քաղաքացիներ են եւ պետք է ապրեն արժանապատիվ, ինչպես մյուսները: Ոչ մի իշխանավոր, ոչ մի հանրապետական եւ օլիգարխ չպետք է մտավախություն ունենա, թե իր ընտանիքի որեւէ անդամ որեւէ բանով կտուժի: Նրանք նույնքան արժանապատիվ քաղաքացի են լինելու, ինչպես մնացածները»:
Կարդացեք նաև
Ելույթի վերջում պատգամավորը հավելեց. «Քննարկեցինք եւ որոշեցինք, որ պետք է լինի կամարտահայտման ժամ: Պետք է նշենք ժամ. առաջարկում ենք դա լինի 20:22:00-ը. այստեղ պետք է լինի կամարտահայտության պիկը: Կհնչեն ելույթներ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ