Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հրավիրում է Հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ:
Նիստի ընթացքում քննության առնվեց վերջին օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցած հավաքների բերման ենթարկված մասնակիցներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբանների մասնագիտական գործունեությանը ՀՀ ոստիկանության կողմից խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալու հարցը:
Փաստաբանները ներկայացրեցին, թե ոստիկանության բաժիններում ինչպես են մի քանի ժամ սպասել, որ կարողանան իրենց վստահորդին իրավական օգնություն հասցնել: Փաստաբանները հայտնեցին նաեւ, որ դժվարություն են ունեցել իրենց վստահորդին գտնելու հարցում:
Կարդացեք նաև
Նիստի ավարտին հանձնաժողովը համակարգող փաստաբան Կարեն Մեժլումյանը ընթերցեց որոշումը, որով, մասնավորապես Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբանների եւ նրանց վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումները. «Եվ ՀՀ ոստիկանությունից եւ պետական այլ մարմիններից պահանջում՝ հետայսու չխոչընդոտել փաստաբանների լիազորությունների իրականացմանը, իսկ այդպիսիք թույլ տված անձանց ենթարկել պատասխանատվության»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ