ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ոստիկանության կողմից փաստաբանների պարտականությունները կատարելուն խոչընդոտելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու մասին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ Գեղամ Հակոբյանի, Արմինե Ֆանյանի, Լիանա Բալյանի և Արման Խաչատրյանի, ներկայությամբ ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի, Փաստաբաններ` Արսեն Մկրտչյանի, Արա Կարագյոզյանի ի գիտություն ընդունելով բերման ենթարկված ցուցարարներին իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների հայտարարություններն իրենց իրավունքների խախտման վերաբերյալ պարզեց հետևյալը.
Կարդացեք նաև
Վերջին օրերին ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքների մասնակիցներին:
Բերման ենթարկված անձինք ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն անձնական ազատության իրավունք ունեն, իսկ 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն, ինչն ապահովելու նպատակով նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն, ի դեպ, որևէ դեպքում սահմանափակման ենթակա չէ:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի`
- 5-րդ հոդվածի համաձայն` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:
- 21-րդ հոդվածով սահմանված են փաստաբանի գործունեության երաշխիքները, որի համաձայն` փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց միջամտությունը փաստաբանական գործունեությանը, ավելին, այդ մարմիններում փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ և այդ մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը:
ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով փաստաբանական գործունեության համար նման երաշխիքները սահմանված են ապահովելու համար անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և դրան համապատասխան, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանության պարտականությունն է հարգել այդ իրավունքը և վերջինս սահմանափակված է այդ իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Թեև հանրահավաքի բերման ենթարկված մասնակիցները ունեն անձնական ազատության և որևէ դեպքում սահմանափակման ոչ ենթակա իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ ոստիկանությունն էլ պարտավոր է հարգել այդ իրավունքը` որպես անմիջականորեն գործող իրավունք, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ բերման ենթարկվածները ոստիկանությունում անազատության մեջ են պահվել բերման համար սահմանված երեք ժամից շատ ավելի երկար ժամանակ, իսկ նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ժամանած փաստաբաններին ոստիկանության ծառայողները ընդհուպ մի քանի ժամ թույլ չեն տվել հանդիպել իրենց վստահորդներին և իրավաբանական օգնություն ցույց տալ նրանց:
Վերոգրյալից ելնելով.
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբանների և նրանց վստահորդների իրավունքների ապօրինի սահմանափակումները և ՀՀ ոստիկանությունից ու պետական այլ մարմիններից պահանջում է հետայսու չխոչընդոտել փաստաբանների լիազորությունների իրականացմանը, իսկ այդպիսիք թույլ տված անձանց ենթարկել պատասխանատվության:
Հիշեցում:
ՀՀ քրեական օրենսգրքի 332.3 հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է:
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով