Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը փաստեց, որ «Սասնա Ծռերի» հետ ոչ մի բանակցություն չի եղել». հոգեբան

Հուլիս 22,2016 19:40

Ինչպես հայտնի է ՝ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, քննարկելով  ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակումը և դրան հաջորդած իրադարձությունները, իր խոսքում, մասնավորապես ասել էր. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն: Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար»:

Հոգեբան Աշոտ Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով, նախագահի խոսքն, ասաց. «Ես ընդունում եմ, որ նրա հայտարարությունն այս տեսքով իրավիճակի հանգուցալուծմանը ոչ մի կերպ չնպաստեց, ճիշտ հակառակը շատ ավելի սուր կրքեր կբորբոքի, առանց այդ էլ մի քանի օր է սպասում էին նախագահի խոսքին: Նախ` որ սարսափելիորեն ուշացած է նրա խոսքը, եթե դա լիներ առաջին օրը, ինչ-որ կերպ կարելի էր ընդունել, անցել է հինգ օր, բայց էսպիսի հայտարարություն…Կարծում եմ, որ մարդիկ, որոնք իրենց մեջ լուրջ բողոք ունեին, ոչ մի կերպ չսփոփվեցին, ոչ մի կերպ, նշույլ անգամ չխաղաղվեցին, ճիշտ հակառակը շատ ավելի լարվեցին»:

Աշոտ Հակոբյանի համոզմամբ, երկրի ղեկավարը  փաստեց, որ  իշխանությունները «Սասնա ծռերի» հետ ոչ մի բանակցություններ էլ չեն վարել: «Նրա խոսքում չկա բանակցելու, ինչ-որ բան հասկանալու, գնահատելու և լուծումներ գտնելու դիրքորոշում, ճիշտ հակառակը նա արձանագրեց, որ Սասնա ծռեր խմբին վերաբերվում է որպես հանցագործների: Արդյունավետ ելք գտնելու, շահեկան լուծում գտնելու, հայ ազգի և պետականության համար լուծում գտնելու տեսանկյունից, այսպիսի նպատակադրմամբ բանակցություն չի եղել: Դա եղել է ինչ-որ մարդկանց գուցե բարի կամքի դրսևորմամբ և նաև տեխնիկական հարցերի հետ կապված փոխանակումներ, բայց ոչ ավելին: Նախագահի խոսքի ենթատեքստում, տողատակից ակնհայտ է, որ ոչ մի կարգի բանակցություն չի էլ եղել»: Հոգեբանը մեղադրում է բոլոր նրանց, որոնք իրենց ավելորդ գնահատականներով սրել են իրավիճակը: «Մենք, երևի, չկարողացանք խորը գնահատել կատարված երևույթը, առաջին օրերից տարբեր տեսակի, դեսից-դենից, հարևանցի և վտանգավոր ճամարտակությունները…Մտավորական իրենց հորջորջող մարդկանց կողմից ժողովրդական ու վաստակավոր իրենց կոչումներով, որ պիտի մշակույթը պահեին և այլ, և այլն հնչում են մեղադրանքներ, դատապարտումներ:

ԱԱԾ-ի ու ոստիկանության կողմից հնչում են որակավորումներ ահաբեկչության մասին, երևույթի գնահատում որպես մարդասպանություն այն պարագայում, երբ խախտվում է որևէ տարրական իրավաբանական նորմ, եթե չկա կատարված քննությունը, եթե չկան համապատասխան հատկանիշներ, ինչպե՞ս եք որակավորում երևույթը ու տալիս եք գնահատականներ: Իհարկե, մարդիկ սկսեցին կամաց-կամաց հասկանալ՝ իրականում ինչ է կատարվում, և հետո արդեն բարձրացան հասարակական բողոք, հասարակության աջակցություն: Հասարակությունն ինքը հասկացավ, որ չէ, այստեղ գործ ունենք բոլորովին ուրիշ երևույթի հետ: Ցանկացած խնդիր լուծումը գտնելու համար գոնե պետք է խնդիրը ճանաչել, լուծումը հնարավոր է միայն քաղաքական հարթության մեջ, միայն համապատասխան ողջախոհության պարագայում, իրականում գնահատելով վիճակը, որին մենք հասել ենք. երկրի ներքին կյանքում՝ բոլոր ոլորտներում տնտեսություն, մշակույթ, քաղաքացիական հարաբերություններ, բոլոր ոլորտներում ձախողումներ ունենք, մենք սպառնալից ձախողումների մեջ ենք նաև արտաքին հարաբերություններում: Եթե այդպիսի տրամադրվածությունը չկա խնդիրները հիմնավորապես լուծելու, ապա կարծում եմ, որ մենք այս քաղցկեղային վիճակից չենք ազատվի»:

Հոգեբանը համոզված է, որ իշխանությունը չի կարող գնալ դասական լուծումների, քանի որ «Սասնա ծռերի» կողմից արտահայտված վճռական դիրքորոշումը ստեղծում է այլ իրավիճակ ոստիկանության, իրավապահ մարմինների համար: «Սա արդեն հայ աղջիկներին ու տիկնանց մայթերի վրա ծեծելու գործողություն չէ, այս գործողությունը մեծ ռիսկ է պահանջում, գործողություն է, որ վտանգում է մարդկանց կյանքը: Ես չեմ կարծում, որ իշխանության կողքին կանգնած շատ մարդիկ, ծառայողներ, որոնք պատրաստ են հանուն այս իշխանության իրենց կյանքը զոհել: Եթե այդ գործոնը չլիներ, կարծում եմ իշխանությունները այդ գործողությանը վաղուց դիմած կլինեին, այդտեղ հավաքված ոստիկաններից շատ քչերը համարձակություն կունենան զենքով դուրս գալ Սասնա ծռերի դեմ»:

Աշոտ Հակոբյանի համոզմամբ, մեկ-երկու օրից, հավանաբար, նոր տեղաշարժ կլինի նախագահի արտահայտած դիրքորոշման մեջ, սակայն, ըստ նրա, զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը այս լարված պահին խրախուսում է ոստիկանության բռնի գործողությունները: «Կարծում եմ, որ երկրի նախագահը խորը տեղեկացված է բոլոր զարգացումներից, կատարված բոլոր գործողություններից, և ինքն ավելի խիստ դիրքորոշում պիտի հայտներ ուժային կառույցների նկատմամբ, գոնե դա չարեց: Ճիշտ հակառակը, նա շարունակեց գործել այնպես, ինչպես գործել է, ընդ որում գնահատական տվեց, թե դուք այս ընթացքում գործել եք զսպվածության և օրենքի շրջանակներում, շարունակեք այդպես գործել: Ծիծաղելի է, մարդիկ ուրիշ բանի են ականատես եղել, բախվել»,- ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031