Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում կյանքի որակը և տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտություն

Հուլիս 22,2016 19:00

Առաջարկություններ ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին: Մաս 3

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենք: Օրենքը ընդունվել էր 22.12.2010 թ. (նախկին էկոնոմիկայի նախարար Երիցյանի աջակցությամբ): 01.01.2014 թ. մասամբ գործարկվեց` տարածվելով աշխատաշուկա նոր մուտք գործողների և պետական սեկտորի աշխատողների վրա, 01.07.2017 թ.-ից այն նախատեսված էր տարածել արդեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների վրա (գործընթացը հետաձգվեց մինչև 01.07.2018)։ Օրենքի ընդունումը կատարվել էր ՀՀ հանրային խորհրդի բացասական եզրակացության և հանրային բարձր անվստահության առկայության պարագայում: Ներդրումային հիմնադրամը ձևավորվել է գործողության մեջ դնելով մասնավոր կազմակերպությունը՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ (գրանցման ամսաթիվ 29.11.2013 թ.), որը հիմնադրվել էր որպես ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG, Վիենա, Ավստրիա, 74.9 % բաժնետեր) և գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH, Քյոլն, Գերմանիա, 25.1 % բաժնետեր) համատեղ ձեռնարկություն, որոնց ներդրումը կանոնադրական կապիտալում կազմել է 650 մլն դրամ: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը կատարելով ծախսեր  (2015 թ. համար կառավարման պարգևավճարներ՝ 110 մլն դրամ, վարչական և այլ ծախսեր՝ 159 մլն դրամ, տարվա ընդհանուր վնասով 41 մլն դրամ) 2016 թ.-ի մարտ ամսի դրությամբ կուտակումների ընդհանուր ծավալը հասցված է 36 մլրդ դրամի (մոտ $ 73 մլն): Կուտակային ներդրումներ կատարում են 143 580 քաղաքացի, որից պետական աշխատողներ՝ 64 788: Դեպոզիտարիայում անհատական հաշիվներ ունեցող անձանց թիվը 218 491 է:

ԱՄՆ-ում պարտադիր կուտակային վճարումների մոդելը  չի կիրառվում, իսկ այն տարածված է Լատինական Ամերիկայում, Արևելյան Եվրոպայի ու Բալթյան երկրներում: 2014 թ. «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կենսաթոշակային համակարգերի մարտահրավերների մասին» ՀԲ զեկույցում ցույց է տրված, որ զարգացած երկրներում առկա է այդ համակարգի ճգնաժամը, որը բացատրվում է բնակչության ծերացմամբ, և որպես խնդրի լուծում առաջարկվում է նաև ներգրավել միգրանտներին այլ երկրներից: Այդ ճգնաժամը ծնող հանգամանքները խորապես արտահայտված են Հայաստանում: Մեր դեպքում բնակչության ծերացումը ունի ավելի մեծ ցուցանիշ՝ 2015 թ. կենսաթոշակառուների թվաքանակը կազմում է 465,8, իսկ զբաղվածների 1072.1 հազ. մարդ (միջազգային չափանիշներով, եթե աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակում գերազանցում է 9%-ը, ապա այդ ազգը համարվում է ծերացող։ Հայաստանում այս ցուցանիշը 2015 թ․ կազմել է մոտ 15,5 %): Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես միգրացիոն ակտիվ արտահոսքերով, այնպես էլ ծնելիության մակարդակի անկմամբ: Երկրի ժողովրդագրական իրավիճակի սրման և առկա տնտեսական իրավիճակի պայմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է կրկնապատկվեն,  սոցվճարների դրույքաչափերի և աշխատավարձի ներկա մակարդակի պայմաններում հավաքագրված սոցվճարները բավարար չեն կենսաթոշակի անկումը կանխելու համար։ Այդ պատճառով կենսաթոշակի վերջին ավելացումը կատարվել էր պետական բյուջեի այլ եկամտատեսակների հաշվին ու նախարարության հաշվարկով հետագա բարձրացումը հանգեցնելու է պետական բյուջեի դեֆիցիտի խորացմանը։ Համակարգն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ, գործատուները խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը և այդ հիմքերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը իր լիազորությունների սահմանում ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը այն ընկալելով որպես իրավիճակն ուղղելու միակ ելք։ Այդպիսով, կասկածներ ու հարցեր չեն մնում այդ նախարարության հիմնավորումների մասով և դրանք նախարարությանն ուղղելը սխալ է, քանզի  նրանց այդ հիմնավորումներում նշված հիմքերի պատասխանատուն են ՀՀ կառավարության տնտեսական ոլորտի նախարարությունները:

Հաշվի առնենք նաև, որ գործընթացը ապահովելու համար 1) պետական սեկտորի աշխատողների կուտակային հիմնադրամ մուծումների համար նրանց աշխատավարձի բարձրացումից նույնպես պետբյուջեի հաշվին 2)  50 % կուտակային մուծումների կազմում են ՀՀ պետբյուջեից քաղաքացիների մուծումներին հավասար չափով կատարված կառավարության ներդրումները:  Մյուս կողմից բյուջեի դեֆիցիտը փակելու համար վերցվում են մեծածավալ վարկեր, այդ թվում կուտակային հիմնադրամին մուծումների համար, 3) «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» կուտակված փոխանցումների ակտիվներով հաշվին գնում է պետական պարտատոմսերը, որոնք ավելացնում են պետական պարտքը ինչպես մայր գումարով, այդպես ել պարտատոմսերի տոկոսադրույքով, 4) Ճիշտ է պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարները կվերադարձվեն, բայց այն վստահություն չի ներշնչում, քանզի 25 տարի անց դեռ չեն վերադարձվել խորհրդային Սբերբանկի բնակչության ավանդները ու 5) ՌԴ նույնպես ընդունել էր օրենք պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի մասին, բայց այդ հիմնադրամը պետական է, դրանից հետո տարեց տարի օրենքի գործարկումը հետաձգվում էր ու 2016 թ. ՌԴ ֆինանսների նախարարությունը առաջարկել է այն չեղյալ հայտարարել ու անցում կատարել կուտակային կենսաթոշակային ապահովագրության միայն կամավոր սկզբունքի վրա սկսած 2019 թ-ից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր ու լիազորված է կատարելու սպասվող օրենքի գործողության ազդեցության գնահատումը օրենքի ընդունման ժամանակ ու ներկայումս և ներկայացնել այն հանրությանը: Այդպիսով, առաջին հարցերը, որ ակամա ծագում են ու պահանջում են պատասխաններ հետևյալն են՝ ի՞նչ ազդեցություն ունի և կունենա ապագայում օրենքի գործարկումը պետբյուջեում դեֆիցիտի ավելացման, քաղաքացիների գնողունակության, աշխատեղերի ավելացման, կյանքի որակի, միգրացիոն հոսքերի, ծնելիության ու ընդհանրապես ճգնաժամային ժողովրդագրական իրավիճակի վրա: Արդյո՞ք արդյունավետ կարելի է համարել ներդրումները արտասահմանյան կուտակային հիմնադրամում, թե նրանք պետք է մղվեն տնտեսական զարգացման ոլորտ, ստացված բյուջետային եկամուտներով ապահովելու նաև թոշակառուների բարեկեցիկ կյանքը։

Մինչ ՀՀ կառավարությունը կատարի գնահատումներ օրենքի ազդեցությունների ու նրա հիմքերի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով հատկացնի պարզաբանումներ կտրամադրի հանրությանը, փորձենք վերլուծել տնտեսական զարգացման ծրագրերը:

Տնտեսական զարգացման  գերակայությունները և անհրաժեշտ արդիականացումը: Ներկայումս կարճա- և միջնաժամկետ տնտեսական սպասումները ամբողջովին կանխատեսելի են: Համաձայն ԱՄՀ-ի վերջին համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տնտեսությունների վերադարձումը ակտիվ և սինխրոն զարգացման հեռանկարներին մնում է անհասանելի ու նոր կանխատեսումները ներառում են մի փոքր և գրեթե համատարած աճի դանդաղեցում (ԱՄՀ իր 188 անդամ պետությունների լիազորված է վերահսկել տնտեսական և ֆինանսական փոփոխություններ ու կատարել տեխնիկական աջակցություն և վարկավորում օգնելով երկրներին): ԱՄՀ-ի զեկույցում 2016 թ. նշված է, որ զարգացած տնտեսությունները կշարունակի փոքր և թռիչքաձև վերականգնումը աստիճանական աճի հետագա կրճատմամբ: Իրավիճակը զարգացող շուկաներում և զարգացող երկրներում բազմազան է, բայց շատ դեպքերում հղի է դժվարություններով: Չինաստանը, ունենալով ներքին մեծ շուկա, տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում վերակողմնորոշել է իր արտադրության ռազմավարությունը դեպի ներքին սպառում ու ծառայություններ: ԱՄՆ շարունակում է ազատ դրամավարկային պայմանների աստիճանական կոշտացումը: Էներգակիրների ու մետաղների գների նվազումը ունենալու է բացասական ազդեցություն 2016-2017 թթ. համաշխարհային տնտեսական աճի վրա: Մյուս կողմից 2016 թ. մարտին աշխարհահռչակ տոհմի ներկայացուցիչ Դյեկոբ Ռոտշիլդը (Rit Capital Partners) զգուշացրեց, որ  «համաշխարհային տնտեսություն ֆինանսական շուկաներում իրավիճակը կարող է միայն վատթարանալ: Տնտեսությունների աճը ԱՄՆ-ում և ԵՄ-ում հիասթափեցնող է: Երկրները, որոնք կախված են ապրանքային շուկաներից, կգտնվեն առավել բարդ իրավիճակում (Բրազիլիան, ՌԴ, Նիգերիան, Ղազախստանը և Ուկրաինան) կունենան մեծ դժվարություններ»: Համաձայն ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախապատրաստած փաստաթղթի մինչև 2020 թ. չի սպասվում տնտեսության վերականգնման միտում, արևմտյան պատժամիջոցները շարունակում են մնալ ուժի մեջ: Ռուբլու արժեզրկումը արդեն սպառել է իր դրական ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Ռուսաստանում սկսել են դիմել ոչ պոպուլյար միջոցառումների – կենսաթոշակների ինդեքսավորման նվազեցում, ներդրվում է կապիտալ վերանորոգման հարկ ու քննարկվում է կենսաթոշակային տարիքի բարձրացումը: Չնայած տնտեսական դժվարություններին ՌԴ շարունակում է ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական արտադրության մեջ: Համաձայն Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) 2015 թ., համաշխարհային ռազմական ծախսերը աճել են 1 %-ով և կազմում են $ 1.7 տրլն, ինչը արտացոլումն է լարվածության ու աշխարհի տարբեր մասերում հակամարտությունների քանակի աճի: ՌԴ ռազմական վարկանիշով չորրորդն է՝ 2015 թ. ծախսվել $ 66.4 մլրդ, ինչը 7.5 % -ով ավելի է, քան 2014 թ., ու 2011-2015 պահպանեց իր 2 դիրքը զենքի խոշոր արտահանողների ցուցակում: Ռազմական ծախսերի  առաջատարը ԱՄՆ է՝ 2015 թ. – $ 596 մլրդ  նախորդ տարվա ծախսերը կրճատվելով 2.4 % -ով,  երկրորդ տեղում Չինաստան է՝ $ 215 մլրդ  (ծախսերն ավելացել են 7.4 %-ով) ու երրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ $ 87.2 մլրդ (ծախսերը աճել էին 5.7% -ով):

Համաձայն ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի  հայտարարության 2015թ. Հայաստանի բարձր արտաքին պարտքը, ֆինանսական դոլարիզացումը երկիրը ավելի զգայուն են դարձրել բացասական արտաքին տնտեսական զարգացումների հանդեպ: Վերջին հինգ տարիներին  տնտեսական աճը պայմանավորված էր ներդրումներով հիմնականում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտներ (այսինքն, Հայաստանը ունի բանանային երկրի հատկանիշներ՝ (սահմանափակ գյուղատնտեսական արտադրություն, բարձր կախվածություն արտասահմանյան կապիտալից և մեծ արտաքին պարտք, կոռուպցիա և կաշառակերություն, ցածր աշխատավարձեր ու բնակչության բարձր աղքատության ցուցանիշ, ազգային ՀՆԱ անհավասար բաշխում, հետամնաց ենթակառուցվածքներ և տնտեսություն և այլ) ու գաղութային երկրի, քանզի արտահանվում է հիմնականում հումք և գյուղմթերքներ (մեզ մոտ դրական առաջընթացը հիմնականում կապված է մետաղական հանքաքարի արդյունահանման, ինչպես նաև խմիչքի ու ծխախոտի արտադրության աճից), իսկ բարձր ավելացրած արժեքով  արտադրանքի քանակը և բազմազանությունը սահմանափակ է):

Նախկին վարչապետ Տ. Սարգսյանի կառավարությունը առանց հանրային քննարկումների ընդունել է ՀԶՌ ծրագիրը, որով փաստացի ղեկավարվում է  այսօրվա կառավարությունը: Ծրագրի հիմնական առաքելություններից է առաջիկա տարիներին ռազմավա­րա­կան ուղենիշեր ապահովելը միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման համար: Որպես «ուղղակի» քաղաքականության հիմնական գերակայություն՝ ընտրված էին պետական ներդրումները արտադրական ենթակառուց­վածքի ոլորտներում, նպատակը՝ ֆինանսական և դրամավարկային գործիքներով զբաղվածության ավելացումն, հիմնականում արդյունաբերական և արտահանման ոլորտներում բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման։ Բայց վաղաժամկետ է ուրախանալ, քանզի ՀԶՌ ծրագրի մյուս մասում (Աղյուսակ 1) նշված է, որ 2012-2017 թթ. ծրագրի կատարման արդյունքում զբաղվածության էական աճ չի նախատեսվում՝ այն կկազմի աշխատանքային ռեսուրսների 49-50%, իսկ աշխատանքային տարիքի բնակչություն՝ 57-59%: Միայն 2021 թ. համար այդ ցուցանիշները պետք է աճեն համապատասխան մինչև 53.9% ու 64.7%, իսկ 2025 թ.՝ 57.2% ու 71.1%: Ի տարբերություն այդ կանխատեսումների ԱՄՀ-ն ակնկալում է Հայաստանում գործազրկության աճ 2016 թ. մինչև 18,2%, 2017 թ. – 18.3%, համեմատ 2015 թ. 17.7 %-ից (World Economic Outlook), երբ որ ՀԶՌ ծրագրում այդ տարիների համար նախատեսված է նվազում գործազրկության համապատասխան 16.9%, 16.5% ու 16.0%: Համեմատելով Աղյուսակում ներկայցված ՀՀ ԱՎԾ թվերի հետ չգիտեմ ինչի վրա են հույս դրել ՀԶՌ ծրագրի կազմողները, քանզի նրանք կանխատեսում էին, որ ՀՆԱ- աճը կկազմի 2014 թ.- 5.5%, 2015 – 5.7%, 2016 – 5.9%, 2017 – 6.1%, 2021 – 6.4% ու 2025 – 6.5%, գիտակցելով, որ 2013 թ. այն արդեն կազմել էր ընդամենը 3.5% և ոչ մի էական գործողություն չէին արել նախատեսված հետճգնաժամային ծրագրով ու տնտեսության դիվերսիֆիկացման ուղղություններով, ապագայում ժամանակակից տնտեսություն ունենալու ակնկալիքով, որի մասին վկայում է և այդ ժամանակահատվածում գրանցված աղքատության աճը՝ 2013 – 32%,  2014 –  30 % համեմատ 2008 թ. – 27,6 %:

ՀԶՌ ծրագրում նշված է, որ գյուղատնտեսության աճն կայուն չի ու անկումը հիմնականում պայմանավորվում են բնակլիմայական պայմաններով, իսկ 2010 – 2011 թթ. կառավարությունը ձեռնարկեց վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր: Բայց համաձայն Աղյուսակի ՀՀ ԱՎԾ թվերի այդ վարկային ծրագիրը չի կանխել գյուղատնտեսական ոլորտում զբաղվածության նվազումը: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ քանզի գյուղացիները չեն տեղափոխվել արտադրական ոլորտ, հնարավոր է միայն, որ նրանք մասամբ գտել են գործ պետական հատվածում, բայց ավելի հավանական է,` որ նրանք հիմնականում բռնել են արտագաղթի ճանապարհ: Այն պայմանավորված՝ 1) Հայաստանի գյուղատնտեսության հայտնի բարձր ռիսկայնության, որը ավելանալու է կլիմայի փոփոխության արդյունքում, ինչի պատճառով չեն գործում նաև գյուղատնտեսության ապահովագրման գործընթացները ու բավականին բարձր է վարկերի վերադարձնելիության ռիսկը, 2) մենք անկախության առաջին տարիներին քանդել ենք արդյունաբերացված գյուղատնտեսությունը ու դեռ չենք կարողացել վերականգնել այդ կորուստը, իսկ ճիշտ ընտրած քաղաքականությամբ կարող էինք այն տեղափոխել շուկայական բաց բաժնետիրական ընկերությունների համակարգ:

Հետխորհրդային  սկզբնական ժամանակաշրջանում ոչ արդյունավետ տնտեսական կառավարման հետևանքով մենք ավելի շատ քանդում էինք, քան կառուցում ու լճացրեցինք արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացումը: Համաձայն Հրանուշ Խառատյանի «1992 թ.-ից սկսած մեծ վստահության հենքի վրա ձևավորված նոր իշխանությունների արագ կլանայնացումը, շուկայական տնտեսության մրցակցայնության պատրանքը և իրական մենաշնորհայնացումը, ազգային հարստության փոշիացումը, բնակչության օտարումը սեփականաշնորհման գործընթացից, արտադրական ու սոցիալական կապիտալին տիրանալու փաստը ու,  մասնավորապես, արտադրական ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացի անբարոյականացումը, «շուկայական» կոչվող տնտեսությունը, որպես ուժերի մրցակցության տնտեսություն որակելը իրենց հետևից բերեցին հասարակական բարոյականության և համազգային համերաշխության արժեքների գնահատման նոր մոտեցումներ. հասարակական բարոյականությունը և համազգային համերաշխությունը սկսեցին ընկալվել որպես ձևավորվող լիբերալ տնտեսության համար ժամանակավրեպ ու գավառական»: Կարելի է համաձայնվել սեփականաշնորհման գործընթացի թերությունների հետ, բայց կապել դրանք շուկայական տնտեսության ուղու հետ այդքան էլ ճիշտ չէ: Պետական արտադրական հատվածը կարևոր, օբյեկտիվորեն անհրաժեշտ տարր է լիբերալ զարգացած տնտեսություններում, ամրագրում է պետության դերը տնտեսության մեջ ու հանդիսանում է տնտեսական աճի և կայուն զարգացման գործոն, երաշխավորելով ազգային հարստության պահպանումը ու ապահովելով կարիքներ, որոնք չի կարող ապահովել մասնավոր ձեռնարկատիրությունը, կամ էլ նպատակահարմար չի սեփականաշնորհել պետական ու տնտեսական անվտանգության և այլ գործոններով: Պետական ձեռնարկատիրությունը արագացնում է կապիտալի կուտակումը, նպաստում է  առողջացմանը ճգնաժամային ոլորտների ու երկրի դիրքերի ամրապնդմանը համաշխարհային շուկաներում: Օրինակ, Հրանուշ Խառատյանի նկարագրած ժամանակահատվածում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիաում, Ճապոնիայում և Շվեդիայում պետական հատվածը փոստային ու կապի ծառայություններում, ինչպես նաև երկաթուղում  կազմում էր 75 %: Էլեկտրաէներգետիկայի ոլորտում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիաում այն կազմում էր նույնպես 75 %, Շվեդիայում՝ 50 % ու ԱՄՆ-ում և Ճապոնիայում՝ 25 %: Պողպատի արդյունաբերությունում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում՝ այն կազմում էր նույնպես 75 %, իսկ Գերմանիաում ու Ճապոնիայում՝ 25 % և այլ: Ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը կախված չէ սեփականության ձևից, եթե այն ունի վարձու մենեջեր, որին չի հետաքրքրում թե ով է իր վերահսկողը – պետությունը (Չինաստանի օրինակը), թե մասնավոր ընկերության խորհուրդը: Կա միամիտ կարծիք, որ պետական ձեռնարկությունը հետաքրքրված չի արդյունավետ նվազեցնելու ծախսերը, քանի որ բարդ իրավիճակում պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի, իսկ   մասնավոր ձեռնարկությանը սպառնում է սնանկություն: Սակայն, իրականում արևմուտքում կորպորացիաների սնանկացումը հազվադեպ է, իսկ վնասով կարող է ինչպես պետական, այդպես էլ մասնավոր ձեռնարկությունը աշխատել (օրինակներ՝ սեփականաշնորհված Նաիրիտ, Վանաձորի քիմկոմբինատը …): Ի տարբերություն Հայաստանի Բելառուսում խորհրդային համակարգից անցումը կատարվեց ավելի մեղմ, ապահովելով, հանրության ավելի բարձր կյանքի որակ: Մեծ ձեռնարկությունները չէին սեփականաշնորհվել ու մնացին պետության վերահսկողության ներքո: Մոտեցումը այն էր, որ պարզապես չկար ազգային կապիտալ (ինչպես և մեզ մոտ), որ կարող էր նրանց արդյունավետ կառավարել: Պետական վերահսկողության տակ մնացին և առավել կարևոր և շահավետ ձեռնարկությունները: Մինչ այժմ չկա տարբեր շերտերի  եկամուտների այդպիսի մեծ տարբերություն ինչպիսին է Հայաստանում, առկա է հարաբերական սոցիալական հանգստություն և խաղաղություն:  Այսինքն, ձեռնարկության արդյունավետ աշխատանքը կախված է, ոչ թե սեփականության ձևից, այլ կառավարման որակից: Ավելին` զարմանալի է, երբ Հայաստանում սեփականաշնորհվում են շահույթով աշխատող պետական ձեռնարկություններ  զրկելով բյուջեն ստանալու լրացուցիչ երկարատև եկամուտներ, որոնք կարող էին օգտագործվել տնտեսության զարգացման, ռազմական, սոցիալական և այլ ծախսերում: Այդ սկսվել էր Երևանի կոնյակի գործարանից և վերջին օրինակը Որոտանի կասկադն է, որը նաև լուրջ ներդրում ուներ էլեկտրոէներգիայի սակագնի նվազման հարցում:

Մեր արդյունաբերության սեփականաշնորհման ոլորտում խնդիրները առաջացան, քանի որ հզորությունները սեփականաշնորհվում էին առանց սեփականատերի պայմանագրային պարտավորությունների, հաշվի չէին առնվում նրա կարողությունները, ինչպես նաև բացակայում էր անհրաժեշտ պետության  աջակցության ծրագիր: Այդ ժամանակահատվածում արտադրական կառույցները ունեին միլիարդավոր դոլարների հումք, այդ թվում և պետական ռեզերվում,  իսկ խորհրդային հատվածում արտադրանքն արտահանվում էր ավելի քան 150 երկրներ: Հետևաբար, պետության կողմից կարելի էր կապիտալիզացնել արտադրական կառույցների մի մասը ու ստացված միջոցներով ապահովել մոդեռնիզացիա ու աշխատեղեր, կատարել ռազմաարդյունաբերական ծախսերի ավելացում: Այսպիսով, միամիտ պատկերացումները շուկայական տնտեսության կառուցվածքի մասին, խառնված սեփականշնորհման թերություններով ու անձնական շահագրգռության  մոտեցումներով, հետ մղեցին նախկին տարածաշրջանի առաջատար Հայաստանին դեպի թույլ զարգացած երկրների շարք: Այդ պատճառներով Լևոն ՏերՊետրոսյանի նախագահության տարիներին ՀՀում գրանցվեց ամենաբարձր արտագաղթ՝ հեռացել է շուրջ 585 հազար մարդ, (Ռոբերտ Քոչարյանի 10 տարիների նախագահության օրոք՝ արտագաղթել էր 127 134 հազար  մարդ, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հեռացել է 232260 հազար մարդ): Ընդհանրապես, եթե վերլուծենք Հայաստանի սեփականաշնորհված ձեռնարկությունների կառուցվածքը և արդյունքները ու համեմատենք դրանք զարգացած երկրների պատկերի հետ, ապա հիմնավորված կարծիք է ձևավորվում, որ ոչ արդյունավետ կառավարման պատճառով երկիրը կարելի է դասել նաև ռենտային պետությունների շարքին, որոնք անվտանգության խնդիրը լուծելու համար իրենց սեփականության ներքո գտնվող ռեսուրսները հանձնում են օտարներին: Այստեղ հիմնական վնասը կայանում է նրանում, որ պետական համակարգը կորցնում է իր դերակատարումը կարևորագույն ոլորտներում և այդպիսի օտարման դեպում կարող են հաշվի չառնվել  Հայաստանի տնտեսական զարգացման և մրցակցության մարտահրավերները:

ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանին ու նախագահական Հանրային խորհրդից կողմից ուղարկած մեր փորձագիտական եզրակացությունում,  2010 թ., հայտնված էր, որ 2000 թ-րի սկզբներից կատարվել է կոպիտ սխալ` հայտարարելով ՀՀ կառավարության ծրագրում արդյունաբերության մոդեռնիզացիան և ինովացիոն քաղաքաշինությունը, որպես տնտեսական զարգացման գերակայություն, միաժամանակ կրճատվեց արտադրական ենթակառույցները համակարգող փոխվարչապետի պաշտոնը, լուծարվեց արդյունաբերության նախարարությունը (այն պահպանված է ՌԴ-ում) և ՀՀ կառավարության արդյունաբերության վարչությունը, այսինքն` այն անձիք և կառույցները, որոնց օպերատիվ աշխատանքներով պետք է իրագործվեր տնտեսության զարգացման համար գերակա խնդիրների լուծումը, գործընթացների մոնիթորինգը և այլն: Այն եղավ երկրորդ հարվածը արդյունաբերության զարգացմանը: Համաձայն Աղյուսակի ՀՀ ԱՎԾ-ի թվերի դա բերեց արդյունաբերության ոլորտում զբաղվածության անկմանը և հետագայում այդ ցուցանիշը էական չի փոփոխվել, բացի 2008-2009թթ ճգնաժամային անկմանը: ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), որոշմամբ ՀՀ արդյունաբերության մրցունակության ցուցանիշը, որը հիմնվում է արտադրելու և արտահանելու կարողության, տեխնոլոգիական զարգացման ու կիրառման և ընդհանուր համաշխարհային արտադրության արդյունաբերության մասնաբաժնի վրա, 2010 թ-ին 133 երկրների շարքում 98-րդ համարվեց և այդ   ցուցանիշը միայն  նվազում է (2005 թ.՝ 90-րդ տեղը): Ներկայումս Հայաստանը փաստացի չունի արդյունաբերական զարգացման հստակ ռազմավարություն: Մոտեցումներում դրույթները, որպես կանոն` կրում են մակերեսային բնույթ, նրանցում բնութագրվում են միայն ընդհանուր նպատակներն ու խնդիրները, մեթոդները և մեխանիզմները ընդունված փաստաթղթերի շրջանակներից դուրս են մնում:

Համաձայն ԱՄՆ USAID-ի գնահատականի 2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամը պայմանավորված էր երեք տարրերով՝ երկրի բարձր կախվածությամբ 1) տրանսֆերտների ներհոսքից, 2) միայն սպասարկման և շինարարության ոլորտների աճից, այսինք տնտեսության ցածր դիվերսիֆիկացման աստիճանից, 3) «օլիգարխիկ» տնտեսական ցանցից, կազմված մի քանի պաշտոնական ապրանքային կարտելներից կամ կիսա – մոնոպոլիաներից: Համաձայն ՀԶՌ ծրագրի «2008-2009 թթ. տնտեսական ճգնաժամի նախադրյալների մասին՝ համաշխարհային տնտեսական վիճակի էական վատթարացումը, հատկապես բացասական ազդեցություն ունեցավ բաց տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում՝ Հա­յաստանի վրա: Երկրում համեմատաբար ավելի խորը անկման հիմնական արդյունք էր այն հանգամանքի, որ տնտե­սա­կան բարձր աճն 2000-2008 թթ. ապահոված էր ոչ արտահանելի հատվածով և, հատկապես՝ շինա­րա­րութ­յան ճյուղի աննախադեպ աճով, ՀՀ ներհոսող կապիտալ հոսքերի կտրուկ ավելաց­ման և շինարարության ոլորտում այդ միջոցների կենտրոնացման արդյունք էր: Դրա վկայությունն է, որ 2009 թ. արձանագրված 14.1% անկման 10.5 % կետը բաժին էր ընկնում շինարարության ոլորտին»: Իրականում ՀԶՌ ծրագրի այդ գնահատականը շատ մակերեսային է, քանզի շինարարական վերելքը գրանցվում էր ոչ միայն Հայաստանում, այլև այլ ԱՊՀ երկրներում և ՕՈՒՆ հոսքերի աճը, արտագաղթի ու այդ ժամանակահատվածում արտաքին պարտքի նվազումը կարելի միայն դրական գնահատել: Մյուս կողմից, այդ ժամանակ ՀԲ զգուշացրել էր, որ շինարարության վերելքը ունենալու է ժամանակավոր բնույթ: Հետևաբար, կառավարությունները այդ «լավ» ժամանակներում պետք է դիվերսիֆիկացնեին իրենց տնտեսությունների կառուցվածքը, օգտագործելով բարձր տնտեսական աճի արդյունքները, որը չէր արվել: Համեմատելով Աղյուսակի ՀՀ ԱՎԾ-ի զբաղվածության թվերը  արտագաղթի նվազումը մինչ ճգնաժամային հատվածում հիմնավորված կարծիք է ստեղծվում, որ շինարարության և նրան ծառայություններ մատուցող ոլորտներում ստեղծվել էին բազմաթիվ աշխատատեղեր, որոնք պաշտոնապես գրանցված չէին, քանզի ակնհայտ անհնարին է, որ շինարարական ոլորտի անկման պայմաններում ՀՀ-ում ճգնաժամային և հետագա ժամանակահատվածում գրանցվի զբաղվածության աճ: Շինարարության ոլորտում զբաղվածության անկում սկսեց գրանցվել 2006 թ-ից, հետագայում դրան ավելացավ ճգնաժամային զբաղվածության անկումը արդյունաբերության ոլորտում, որը և բերեց արյունոտ 1.03.2008 թ. դեպքերին: Այդ քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը նպաստեց միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ժողովրդավարության ավելացման նոր քայլերի կատարումը, ներդնելով նաև քաղաքական երկխոսություն գործիքը, որը վճռորոշ պայման է զարգացման ժողովրդավարական քաղաքական բազմակուսակցական համակարգի:

ՀԶՌ ծրագրում նշված է, որ «կարևոր է այն հան­գա­մանքը, որ չնայած 2009 թ. արձանագրված խորը անկմանը, հետճգնաժամային ժամանա­կա­հատվածում, շնորհիվ կոորդինացված դրամավարկային և հարկա­բյու­ջե­տային քաղաքականությունների, հնարավոր եղավ խուսափել մակրոտնտեսական վի­ճակի ապակայունացումից` արդեն 2010-2013 թթ տնտեսությունում արձա­նագրվեցին տնտեսա­կան աճի միտումներ: Հատկանշական է, որ  էական բարելավում է նկատվել նաև տնտեսական աճի կառուցվածքում` հօգուտ արտահանելի հատվածի մեծացման, ինչը տնտեսական ապագա աճի ձևավորմանը կհաղորդի նոր որակ` կայունություն»: Կարելի է միայն մասամբ համաձայնվել, քանզի հետճգնաժամային սկզբնական աճը պայմանավորված էր նաև նախկին վարչապետ Տ. Սարգսյանի կառավարության արդյունավետ պայքարով ստվերային տնտեսության դեմ: Այդ միջոցը ունեցավ կարճատև ազդեցություն ու հնարավոր է, որ այն կիրառվել է ոչ բոլոր սուբյեկտների վրա: Կա այդպիսի ասացվածք՝ հարուստներից հարկեր չհավաքել – նրանք քիչ են, հավաքել աղքատներից – նրանք ճիշտ է աղքատ են, բայց շատ են: Այդ քաղաքականության արդյունքում գրանցվեց նաև աղքատության ավելացում: Գնահատելով տնտեսական քաղաքականության սպասվող արդյունքների ԱՄՆ USAID-ի նկարագրությամբ Հայաստանի հետճգնաժամային տնտեսական աճը եղել է դանդաղ ու կարճատև, հիմնականում հիմնված հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, ագրովերամշակման և ծառայությունների ճյուղերի վրա ու կանխատեսեց, որ 2012 թ. հետո գրանցվելու է տնտեսական աճի նվազում, պայմանավորված ինչպես գլոբալ զարգացումներով, այդպես էլ Հայաստանի տնտեսության թույլ կողմերով, ՕՈՒՆ-ի կրճատմամբ, տնտեսությունը շարունակեց մնալ ոչ դիվերսիֆիկացված ու մակերեսային, զբաղվածության ցուցանիշը  հիմնականում կախված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերից, արտահանումը՝ լեռնահանքային ոլորտից:

Մյուս կողմից ՀՀ Կառավարությունը հաս­տատեց «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղա­քա­կանու­թյան ռազմավարություն» (որոշում 2011 թ., N 49), ուղղված առկա արտահանվող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգաց­ման: Հետագայում ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի որոշմամբ 13.01.2016 թ. ստեղծվեց նաև  Արտահանման աջակցման խորհուրդ, նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի գերակա զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության տեսակներ սահմանվեցին գինու, մրգային օղիների, պահածոների, մսամթերքի, ձկնատեսակների և ձկնամթերքի ոլորտները:  Մյուս կողմից ՌԴ-ում 2016 թ. փետրվարին նախորդ ճգնաժամի 2009 թ. ժամանակահատվածից առաջին անգամ սննդի գները (ներառված են նաև ալկոհոլն ու ծխախոտը) կազմել են բնակչության ծախսերի 50.1% (մեր մոտ այն կազմում են մոտ 60 %), արտացոլելով իրական կարմրատուտների ու աշխատավարձի նվազումը, աղքատության աճը, իսկ հետագա դրական զարգացումներում դեռ  գերակշռում է հոռետեսությունը և բնակչության մոտ առկա միտումը գնել միայն էժան ապրանքներ: Այդպիսով, հաշվի առնելով, որ գյուղմթերքի արտահանման հիմնական շուկան ՌԴ է և հնարավոր  վերսկսումը Թուրքիայից ավելի մրցունակ գներով իրատեսական չեն սպասումները, որ կառավարության արտահանման առկա ցածր ավելացված արժեք ունեցող գերակայություններով ու ոչ ինդուստրիալ և բարձր ռիսկային գյուղատնտեսությունով կարելի է մրցել մյուս երկրների հետ ու էական ազդել ՀՀ տնտեսական զարգացման և պետական անվտանգության խնդիրների լուծմանը: Միաժամանակ փաստաթղթում հաշվի չի առնվել, որ համաձայն ՀԶՌ ծրագրի արդյունաբերական քաղաքականության ուղղորդող տեսլականի պետք է Հայաստանը դարձնել բարձրարժեք և գիտատար ապրանքների և ծառայությունների արտադրության երկիր, որի առանցքը ստեղծագործ մարդկային կապիտալն է: Փաստացի առանց հոգս տանելու ընդլայնելու բարձր ավելացրած արժեքներով արտադրանքի ծավալների ուշադրությունը կենտրոնացված է այն ապրանքների վաճառքին, որոնց գերակայությունը բնութագրում է երկիրը ` որպես բանանային պետություն:

Համաձայն ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2014-2016 թթ. ռազմավարական ծրագրի (ՀՀ կառավարության 4.07.2013 թ. 740 – Ն որոշում) տնտեսական աճին նպաստող հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու համար կառավարությունը պարտադրված է պարտք ներգրավել: Աղյուսակից ԱՎԾ զբաղվածության թվերից ակնհայտ երևում է, որ իրականում 2008 թ-ից արտաքին պարտքի աննախադեպ աճը չի նպաստել բնակչության ընդհանուր զբաղվածության աճին, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում, ու համապատասխան չի ազդել բնակչության կյանքի որակի բարձրացման վրա: Կառավարությունը լուրջ քաղաքականություն չի տարել արդյունաբերության գործարկման, ինովացիոն քաղաքականության ոլորտում, տնտեսության դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության արդյունաբերացման ու մասնավոր ձեռնարկատիրությունների աճի: 2016 թ. Դյեկոբ Ռոտշիլդը հայտնեց, որ «վերջին տարիներին զարգացող երկրներում կտրուկ հավաքագրել էին արժութային վարկերը: Այժմ նրանք պետք է մարեն այդ պարտքերը, բայց դոլարի գնի բարձրացման և հումքային ապրանքների գների փլուզման պայմաններում: Խթանումը ակտիվների գալիս է ավարտին և ներդրումային ռիսկերը էական աճել են»: Այսինքն, կառավարման և կադրային քաղաքականության սխալների արդյունքում ՀՀ շատ արագ մտավ հաջորդ ճգնաժամի փուլ ավելի վատ դիրքից:

ՀԲ և ԱՄՀ-ի աջակցությամբ արտաքին պարտքի աճը նպաստել է հիմնականում պետական հատվածում զբաղվածության ավելացմանը, որը չի նպաստել մյուս շուկայական տնտեսության ոլորտների զարգացմանը: Իսկ համաձայն ՀԶՌ ծրագրի «հանրային հատվածում զբաղվածության ավելացման հնարավորություն չի դիտարկ­վում: Այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը և հանրակրթությունը, գոյություն ունեցող մարդկային ռեսուրսների ավելցուկը պայ­մա­նավորում է ապագայում այդ հատվածներում զբաղվածների թվի ավելացման սահմանափակումներ»: Վերլուծելով վերագրյալ փաստերը, կարելի է հիմնավորված կասկած հայտնել, որ պետական հատվածում զբաղվածության աճին նպաստել են կառավարման համակարգում փոփոխությունները, այդ թվում նախարարություններին կից բացված բազմաթիվ հիմնադրամները (նրանց գործունեությանը անդրադարձել եմ նախորդ հոդվածում), կառավարման փակ բաժնետիրական ընկերությունների հիմնադրումը, ինչու չէ, հնարավոր է, նաև կառավարության կազմում կառուցվածքային փոփոխությունները («Իրատես de facto»-ն 12- 23.09.2014 թ.): Կառավարման համակարգը շատ զբաղված է նախարարություններ ու գերատեսչություններ միացնելով և անջատելով ու նոր նախարարություններ հիմնադրելով, որոնք չեն թողել էական ազդեցություն մասնավոր ոլորտում աշխատեղերի ավելացմանը: Այդպես, մենք սահմանեցինք համաշխարհային նոր ռեկորդ՝ ունենալով մի երկրում 2 էկոնոմիկայի նախարարություն՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, որը զբաղվում է մակրոտնտեսական ու առևտրի և ճյուղային քաղաքականության վերլուծություններով (այսինքն` կատարում ավելի շատ վերլուծական կամ գիտական կենտրոնի դերակատարում), ինչպես նաև ներկայացնում ՀՀ տարբեր միջազգային հարթակներում ու ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որը նույնպես զբաղվում է նաև միջազգային տնտեսական կապերով, Եվրամիության և առևտրի համաշխարհային համագործակցությամբ և վերլուծություններով: Բայց հաշվի առնելով ներկայիս արտահանման արդյունաբերական քաղաքականության գերակայությունները կարելի է սպասել, որ Հայաստանը շարժվում է դեպի նոր ռեկորդ՝ ունենալու՝ 2 գյուղատնտեսության նախարարություն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, արդյունաբերության զարգացման գլխավոր պատասխանատուն: Նշված նախորդ հոդվածում առաջարկել էի, որ արդյունաբերական համալիրի նախարարությունները միացվեն մեկ արդյունաբերության նախարարությունում, ինչը թույլ կտար արդյունավետ ապահովել երկրի մրցունակության բարձրացումը, ներմուծման փոխարինումը, ծախսերի և աշխատանքային ոլորտների կրկնելիության կրճատում ու զբաղվածության նվազում պետական հատվածում: Կարելի է այստեղ նաև հարց բարձրացնել, իսկ կարո՞ղ է ավելի արդյունավետ որոշում լիներ, եթե՞ գոնե փոխվարչապետ Վ Գաբրիելյանը համակարգեր արտադրական ենթակառուցվածքները և նորարական քաղաքականությունը: Երկրի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացման գործողու­թյունները պետք է միտված լինեն  պետության արդյունավետության և արդյունաբերության աճին, պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ընդլայնմանը և նպատակային օգտագործմանը: Պետական կառավարման ապարատը, իհարկե, պետք է դառնա ավելի կոմպակտ, իսկ նրանում աշխատատեղերի կրճատման զուգահեռ պետք է նախաձեռնել ծրագրեր, որ պետբյուջեի միջոցները և ստացվող վարկերը առաջին հերթին նպաստեն ոչ պետական հատվածում զբաղվածության ավելացման, ուղղելով նախորդ կառավարության սխալները:

Ադրբեջանի նավթադոլարները թույլ են տալիս ռազմական ոլորտում կատարել ծախսեր ավելի քան ամբողջ Հայաստանի բյուջեն: Իսկ այդ ծախսերը ավելացնելու համար Հայաստանը վարկային պայմանագիր կնքեց զենքի մատակարարման համար ՌԴ հետ: Բայց եթե 2014 թ. իմ կարճատև զրույցից ՀՀ պաշտպանության նախարարի հետ պարզ դարձավ, որ դեռ չունեինք հստակեցված ռազմաարդյունաբերության զարգացման ծրագիր, ապա 2015 թ. արդեն դրական տեղաշարժեր գրանցվեցին: Այն  կարող է դառնալ շարժիչ ուժերից մեկը մեր արդյունաբերության և նորարարական քաղաքականության զարգացման համար, ինչպես ՌԴ-ում: Մյուս կողմից այդ ոլորտը զարգացնելու համար կպահանջվի ապահովել տնտեսական աճի արդյունավետ մոդել, ինչը կբարձրացնի ՀՀ պետական անվտանգությունը և թույլ կտա խուսափելու մարդկային զոհերից: Փոքր պետությունների մեջ դրա ակնհայտ օրինակն է Իսրայելը (8.3 միլիոն մարդ, տարածք – 22 հազ. քառ. կմ, Հայաստան՝ մոտ 3.0 մլն մարդ, տարածք 30 հազ. քառ. կմ), որի հարևաններից ոչ մեկը այժմ չի կարողանում խոսել ռազմական ուժի դիրքերից: Մեր հարևաններից դա առաջին հերթին նույնպես նավթ ու գազ չարտահանող, բայց արդյունավետ տնտեսական և նորարական քաղաքականությունով, Թուրքիային է, որը ՌԴ համեմատ ունենալով մոտ երկու անգամ պակաս բնակչություն (78.7 մլն) 2013 թ. ՀՆԱ հասցրեց $ 788 մլրդ,  ինչը մոտ 2,6 անգամ փոքր էր նույն ժամանակի ՌԴ տնտեսությունից, իսկ 2014 թ. ՀՆԱ-ով $ 860 մլրդ. արդեն  հասցրեց տարբերությունը մինչև 1,17 անգամի, 2015 նրա ՀՆԱ աճել է 4 %, իսկ ՌԴ նվազել է 3.7 %:

Երկրի միջազգային մրցունակությունը երկրի արտադրողականության մակար­դակն է, որը պայմանավորված է այդ երկրի ինստիտուցիոնալ մակարդակով (ինստիտուտների որակով), արտադրողականության գործոններով, ինչպես նաև կիրարկվող քաղա­քա­կա­նութ­յամբ (Գլոբալ մրցունակության զեկույց 2011-2012, Համաշխարհային տնտեսական ֆորում): Հետևաբար, առաջ է գալիս երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության հաստատման ու պետք է հետամուտ անցում կատարվի բանանային, գաղութային և ռենտային տնտեսության մոդելներից դեպի ժամանակակից մոդել, վերացնելով ենթակառուցվածքային սխալները ու աջակցելով դինամիկ և գործարար նորարարությունների միջավայրի ձևավորմանը ու զարգացմանը:

Արմեն Բ. Ավագյան  
Հոդվածի 1 մասին կարող եք ծանոթանալ այս հասցեով, 2 մասին` այստեղ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031