Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանցավոր ինքնավստահությամբ սպանեց աղջկաս». ծննդկան Մերի Մարգարյանի հայրը` դատավորին. (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 18:06

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործի քննությունը: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը եւ հերթապահ բժշկուհին` Անի Բաբելյանը:

Հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ ճանաչված Վաղինակ Մարգարյանը` Մերի Մարգարյանի հայրը: Նա դատարանին պատմեց, որ երբ Մերիի ջերմությունն օրեր շարունակ բարձր է եղել, Մերին այնքան է վստահել իր բժշկուհուն` Շուշանիկ Բախշյանին, որ այլ հիվանդանոց տեղափոխվելու փոխարեն նրա ցուցումներն է կատարել, այն է` «Պարացետամոլ խմի»:

Վաղինակ Մարգարյանի խոսքով` իր դուստրը 10 անգամ զանգել է բժշկուհուն, վերջինիս 11-րդ անգամ է միշտ պատասխանել եւ ասել` «Վիրուս է, քաղաքում տարածված է, 4-րդ օրը կիջնի ջերմությունը»:

«Այսինքն, հեռախոսով համոզված է, որ վիրուս է ու պարացետամոլ է նշանակում: Զանգում ենք, որ գնանք հիվանդանոց: Տասը անգամ զանգելուց, sms գրելուց հետո, որ տաքություն ունի Մերին, հազիվ վերցնում է ու ասում` «լավ, որ շատ եք ուզում, եկեք»: Հասնում ենք հիվանդանոց ու ման գալիս Շուշանիկ Ալբերտովնային: Կինս նրան գտնում է մութ սենյակում, որտեղ քնած էր: Նա գոռում է կնոջս վրա` «մի քիչ կուլտուրա ունեցեք, Ձեզ չեն դաստիարակե՞լ»: Դուրս է գալիս-ասում` «էս ի՞նչ հիստերիկա եք անում»,-պատմեց Վաղինակ Մարգարյանը:

vaxinak_Margaryan_2 vaxinak_Margaryan_1 vaxinak_Margaryan_4

Նրա պնդմամբ` ընդունարանում անալիզներ են վերցրել, իսկ Շուշանիկ Ալբերտովնան ասել է` «պաթոլոգիա չկա, Մերի ջան, քեզ հիվանդանոց պառկեցնեմ` անունն ի՞նչ դնեմ»: Մարգարյանի պատմելով` Մերիի հետ հիվանդանոց են եկել նաեւ նրա հարազատները, ինչին բժշկուհին այսպես է արձագանքել` «հարսանիք եք եկե՞լ 12 հոգով»:

Ըստ վկայի` Մերին այնքան է վստահել բժշկուհուն, որ գնացել են տուն, սակայն վիճակն ավելի է վատացել: Արդեն հիվանդանոցում, երբ Մերիի ջերմությունը կտրուկ իջել է, հոր պատմելով` ոչ մի բժիշկ չի մոտեցել նրան. «Մեկը չասեց` բիոքիմիական անալիզ անենք` հասկանանք` ինչ է կատարվում Մերիի հետ: Մինչեւ գիշերը 3.30 ոչ մեկ չի մոտեցել: Այդ ժամից արդեն փսխում էր, օրգանիզմը չէր կարողանում պայքարել: Մերին մրսում էր, դողում, իսկ հերթապահ Տիգրան Սարգսյանն ասում է` «թեյ տվեք»: Նման բժիշկ չկա աշխարհում… ասեցինք` չի կարող խմել, վատ է, բայց բժիշկն ասաց` «դրեք ձեռքերի մեջ, թող տաքանա»: Պատկերացնո՞ւմ եք` հարգելի դատավոր»,-ասաց Մարգարյանը:

Վերջում վկան հավելեց, որ Շուշանիկ Բախշյանը հանցավոր ինքնավստահությամբ է իր աղջկան սպանել` վստահ լինելով, թե Մերիի վիճակը վիրուսի հետեւանք է. «Կուզենար փրկել աղջկաս, չեմ կասկածում, բայց այդ հանցավոր ինքնավստահությունը որդի նման կերել է նրան: Նա ուզում էր, որ «պարացետամոլով» բուժվեր…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031