Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերին շնչահեղձ էր լինում, իսկ բժշկուհին ինձ էր հարցնում` տանե՞նք ռեանիմացիա». մահացած ծննդկանի ամուսին

Հուլիս 22,2016 17:53

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործի քննությունը: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը եւ հերթապահ բժշկուհին` Անի Բաբելյանը:

Վերջիններս դատարանին հայտնեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Հիշեցնենք, որ ծննդկանի հարազատների պնդմամբ` Մերին նրանց անուշադրության պատճառով է մահացել:

Որպես վկա հարցաքննվեց տուժողի իրավահաջորդ ճանաչված Արթուր Հարությունյանը` Մերի Մարգարյանի ամուսինը: Նա դատարանին հայտնեց, որ ծանոթի խորհրդով են ընտրել Շուշանիկ Բախշյանին` որպես Մերիի բժշկուհի, քանի որ ծանոթի «երեք երեխաներն էլ նրա մոտ են ծնվել»: Ամուսինը պատմեց, որ երբ օրեր շարունակ Մերիի ջերմությունը բարձր է եղել, Բախշյանն առանց «էխո» հետազոտություն անելու` ասել է, թե ամեն ինչ նորմալ է. «Մերին զանգեց ասեց, որ լավ չի զգում իրեն, տաքություն ունի: Բախշյանն ասել է` «պարացետամոլ» խմի: Խմում էր, իջնում էր, մինչեւ 7-7,5 աստիճան, հետո նորից էր բարձրանում` 9-9,5 աստիճան»:

Ըստ ամուսնու, Մերին մի քանի օր նշված դեղն է ընդունել, սակայն ապարդյուն, վիճակը գնալով վատացել է, իսկ բժշկուհին հեռախոսով ասել է` «Անալգին-դիմիդրոլ սրսկեք, նոր կգաք հիվանդանոց»:

Shushanik_Baxshyan_dat_2 Shushanik_Baxshyan_dat_1

«Գնում ենք հիվանդանոց, մեզի եւ արյան անալիզ են անում եւ ասում են, որ խնդիր չկա: Այդպես շարունակում է տաքությունը 9 աստիճան մնալ: Ամսի 25-ին Մերին լավ չէր, sms էր գրում, թե ինչ անի: Բժշկուհին ասեց` «հիվանդանոցում կզգուշացնեմ, դեղ խմի ու գնա հիվանդանոց»: Գնում ենք` երեխայի սրտի բաբախն են լսում, բուժքույրերից մեկն ասում է` «ամեն ինչ նորմալ է»: Ասեցինք` «բա բժիշկը (նկատի ունի Շուշանիկ Բախշյանին,-խմբ.) չի գալի՞ս», ասեցին` «զբաղված է, հերթապահն Անի Բաբելյանն է»: Շուշանիկը հեռախոսով ասում է, որ գնանք կոկորդի բժշկի մոտ: Նորից կապվում ենք Բախշյանի հետ, հեռախոսով նորից է մի դեղ նշանակում: Ողջ գիշեր տաքությունը բարձրանում է, «պարացետամոլ» է խմում` իջնում է: Մյուս օրը շատ վատ է լինում, Բախշյանն ասում է` «տարեք պառկեցրեք»,-պատմեց Հարությունյանը:

Shushanik_Baxshyan_dat_4

Հիվանդանոց պառկեցնելուց հետո գիշերը Մերին վատացել է, մարմնի ջերմաստիճանը կտրուկ իջել է: Ըստ ամուսնու` Բախշյանը միայն առավոտյան իննին է եկել, «էխո» են արել:

Ամուսնու խոսքով` Մերին այնքան վատ է եղել, որ սկսել է տարօրինակ բաներ խոսել. «Իջա, որ կանչեմ, Շուշանիկը կաբինետում իր հիվանդներին էր ընդունում: Ասացի, որ Մերին լավ չի: Կես ժամ հետո եկավ ու ասեց, որ մեր խառնվելը Մերիի վրա վատ է ազդում: Ասեց` «տանե՞նք ռեանիմացիա», ասացի` «ինձ եք հարցնո՞ւմ»: Բայց Մերին չէր խառնվում, այլ շնչահեղձ էր լինում, չէր կարողանում խոսել: Ասացին` «կեսարյանի կարիք չկա»: Տարանք «Էրեբունի հիվանդանոց»` վերակենդանացման բաժին, շտապ կեսարյան հատում արեցին` ասելով` վայրկյանների հարց է»:

Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հետազոտմանը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի երկուսին` 10:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031