Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհ, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արամայիս Միքայելյանը հուլիսի 21-ին կդառնար 20 տարեկան: Զինվորի ծննդյան օրը Ոսկեհատի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ, իսկ ռազմագիտության դասասենյակը՝ անվանակոչվել նրա անունով: Արամայիս Միքայելյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալներով: Նա Ոսկեհատի միջնակարգ դպրոցից արցախյան պատերազմի 5-րդ զոհն է:
Հայրենասիրության վեհ գաղափարներով տոգորված երիտասարդը ցանկանում էր սովորել ռազմական ինստիտուտում, սակայն ընդունվեց այլ բարձրագույն ուսումնական հաստատության իրավագիտության բաժինը: Երազանքները մեծ էին, անելիքները շատ: Ազատ ժամանակ Արամայիսը սիրում էր զբաղվել փայտանյութի փորագրությամբ, նկարչությամբ:
Արամայիսի ձեռքի աշխատանքներն այսօր դրված էին Ոսկեհատի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակում, այնտեղ, որտեղ ծնունդ էին առնում ու սավառնում տղայի երազանքներն ու իղձերը, որոնց լուծման համար կար մի ամբողջ կյանք: Սակայն նա կյանքը տվեց հանուն կյանքի, հանուն հայրենիքի:
Հուշ-ցերեկույթին Արամայիսի ծնողների, հարազատների հետ միասին ներկա գտնվեցին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանը և մեծ թվով հյուրեր:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամնայանը շնորհավորելով զինվորի ծնունդը, խոնարհվեց նրա հիշատակի առջև՝ նշելով, որ տղաների օրինակը պետք է ուսուցման բաց դաս դառնա բոլորի համար: «Ես շնորհակալություն եմ հայտնում Արամայիսի ու բոլոր զոհվածների ծնողներին, որ քաջասիրտ ու հայրենիքի նվիրյալ զավակներ են ծնել ու դաստիարակել: Թող բոլոր ընտանիքներում լսվի մանկան ճիչը, թող բոլոր ընտանիքներում ծնվեն նոր Արամայիսներ: Հավերժ փառք մեր հերոսներին»,- իր խոսքում նշեց մարզպետը:
Արմավիրի մարզպետարան