Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արամ Հարությունյանի, այսօր անգամ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող «Սասնա ծռեր» խմբին ասել՝ զենքը վայր դրեք

Հուլիս 22,2016 17:09

Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը խայտառակություն է որակում ոստիկանների պահվածքը Խորենացի փողոցում. «Իշխանությունները ոչ թե պատային վիճակում են, այստեղ ցուգցվանգ է, ցանկացած քայլ իրեն վնաս է եւ պետությանն է վնաս: Այստեղ միակ քայլը այն է, որ արյունահեղություն չլինի՝ նախագահը հրաժարական տա»:

Ըստ Արամ Հարությունյանի, Հայաստանում իշխանություն չկա եւ իշխանությունը համարժեք քայլեր չի անում. «Սասնա ծռեր» խմբի տղաները ահաբեկիչ չեն: Նաիրի Հունանյանենց խնդիրն էր մարդկանց սպանել, կոնկրետ Վազգեն Սարգսյանին, այս տղաները նպատակ չեն ունեցել գնդապետին սպանելու կամ որեւէ մեկին: Դա ստացվել է, իրենց խնդիրը դա չի եղել»:

Արամ Հարությունյանը այսպիսի լուծում է առաջարկում. «Թող բոլոր քաղաքական ուժերը անցյալը դնեն մի կողմ, հավաքվեն, ոչ թե մեկը ասի դու անցյալում…ես եմ ընդդիմադիր, մյուսը ասի ես եմ: Չէ, բոլորը պիտի իրար կողքի կանգնեն, իրար ձեռք բռնեն: Մենք բոլոր իշխանությունների ժամանակ եղել ենք ընդդիմադիր, հիմա ես կանգնեմ ասեմ ե՞ս եմ միակ ընդդիմադիրը: Եթե ուզում ենք հարցը լուծվի, պիտի հավաքվենք: Բոլորն իրար հետ ունեն հակասություններ: Եթե այսօր ես կանգնեմ ասեմ, թե ով որ թվին ինչ է արել, սաղի վրով կանցնեմ ես»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այսպիսի միջոցներով ստիպել Սերժ Սարգսյանին, որ հրաժարական տա՝ Արամ Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե: Էրդողանը, որ Էրդողան է, դիմեց ժողովրդին, դուրս եկավ ժողովուրդը փողոց ու պաշտպանում էր իրեն: Սերժ Սարգսյանը եթե դիմի, նույնիսկ Շարմազանովը չի գա հրապարակ: Ոչ մեկը չի գա, Սերժ Սարգսյանը զրոյական վարկանիշ ունի, իր թիմում իրեն չեն սիրում, իր թիմակիցներից բիզնես է խլում»:

Ըստ Արամ Հարությունյանի, այսօր անգամ Ժիրայր Սեֆիլյանը չի կարող «Սասնա ծռեր» խմբի տղաներին ասել՝ զենքը վայր դրեք. «Ոչ մեկը բարոյական իրավունք չունի ասի, չի կարող: Այդ մտավորականները, այն հայտարարությունը, որ գրել են, կերակրված մտավորականներն են, կերակրամանից օգտվել են: Ասում են՝ զենքը դնեն: Ի՞նչ դնեն, դա ուղղակի ստացվել է, այսօր այս վիճակն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031