Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ` «Սասնա ծռեր»-ի տղաները սթափվեն». Աստղիկ Գևորգյան

Հուլիս 22,2016 16:41

Ստեղծագործական միությունների ղեկավարների կարծիքով, պետք է անել ամեն բան, որ արյունահեղություն չլինի, խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում նրանք հանդես եկան հայտարարությամբ` ուղղված իշխանություններին և «Սասնա ծռեր»-խմբի անդամներին և հասարակությանը:

Ruben_Gevorgyanc

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը հավելեց, որ բոլորն ասում են` արյուն չթափվի, բայց ոչ ոք չի ասում` մեխանիզմը որն է. «Կան մարդիկ` չինովնիկներ, որոնք դրա համար փող են ստանում: Այդ փողն էլ մենք ենք տալիս: Պետք է պարտադիր գտնեն այդ մեխանիզմը: Համոզված եմ, որ ոստիկանությունն էլ չի ուզում ընկնի այս պատմությունների մեջ. ով գիտի, գնում են տուն, իրենց կանայք ինչ են ասում: Բայց փաստը մնում է փաստ, որ բախում է գնում, և այս բախումը ձեռք է տալիս միայն մեր թշնամիներին: Այս քայլը ստիպված է եղել, քանի որ արդեն անհնար է դիմանալ այսքան առնետների գոյությանը Հայաստանում: Պետք է այդ առնետներին ոչնչացնել: Այլևս Հայաստանը չի կարող գնալ նույն ճանապարհով, ինչ գնացել է 25 տարի: 25 տարի մենք աճեցրել ենք առնետներ»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ խնդիրը, միայն այս բախման մեջ չէ. «Էսպես չի կարելի շարունակել: Իհարկե ՊՊԾ-ում գտնվող տղաների նկատմամբ պետք է լինի արդար լուծում, առանց արյունահեղության, բայց դրանից հետո ինչ-որ մի բան պետք է փոխվի: Գերատեսչությունները չեն անում իրենց գործը. մարդկանց հետ չեն խոսում: Եվ այդ բոլորը մթնոլորտ է ստեղծում: Ինչպես կարելի է մարդկանց այդպես վերաբերվել, ցինիզմով պատասխանել: Չէ որ այդ ամենը կուտակվում է և մեծ դժգոհության ալիք է բարձրանում: Հիմա այդ դժգոհության ալիքի կետն այստեղ է եկել»:

Mtavorakanner-2

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի կարծիքով` պատանդ բառը անհարիր է. «Այդ բառը նոր է ներխուժել` անկախության տարիներին, այլ երկրներից, և մեզ չի սազում: Ուզում եմ, որ էյֆորիկ վիճակում գտնվող մեր փառավոր ազատամարտիկները`«Սասնա ծռեր»-ի տղաները, որ միշտ հպարտացել ենք իրենցով, սթափվեն, ողջամիտ լինեն և մտածեն` ինչու են իրենք պատանդ վերցնողի անունը վաստակում, քանի որ դա նրանց չի սազում»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավոր ցանկությունը հարցի խաղաղ լուծումն է, բայց այդ կարծիքը շատերը չեն կիսում և ունեն նպատակ հրահրելու, ավելի սրելու. «Ինձ համար մի փոքր զարմանալի էր `ինչու ոստիկանությունը սկսեց բռնություն, չնայած իրավունք ունի, եթե իր վրա հարձակվում են: Ցավալի է, երբ տեսնում ես` քարեր են նետվում ոստիկանի վրա. նրանք էլ են հայ: Իսկ դա արդեն գրգռում է: Գիշերային բախումները բռնություն էին: Ինչ-որ մեկին սա, ըստ երևույթին, պետք է»:

Ըստ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի` սա այն ճանապարհներից մեկը չէ, որով պետք է գնալ: Նա համաձայնեց Մկրտիչ Մինասյանի հետ`ասելով, որ այս ամենը հետևանք է, ժամանակին թողած բացթողումների:

Պարոն Գևորգյանցը մի քանի ելքեր է տեսնում. «Սկզբից էլ մտածում էի և պնդում, որ առաջինը պետք է Սեֆիլյանին ազատել, միանգամից: Բայց հիմա «Սասնա ծռեր»-ի տղաները նոր առաջարկություններ են անում. սա էլ ջրհեղեղի է վերածվում: Ինձ համար շատ տարօրինակ է, որ զինված խումբը գնաց մտավ շատ անկապ տեղ»:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահն անդրադարձավ նաև Ղարաբաղյան հարցի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշմանը` նշելով, որ այդ հարցը թաքուն թղթերով պահվում է պահարաններում, բայց մենք պետք է իմանանք. «Չգիտեմ՝ ով է մեզ ինչ պարտադրում, բայց մեկ մարդ չի որոշելու դա, ոչ էլ պառլամենտը, դա պետք է որոշի ազգի ռեֆերենդումը, որով բոլորը կասեն ՝ մեկ սանտիմետր հող չենք տա»:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031