Հուլիսի 22-ին Լոռու մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց Վանաձոր-Բագատաշեն Մ-6 միջպետական ճանապարհի կառուցմամբ պայմանավորված մի շարք տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը, «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սողոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, «Լոռիջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանը, շինկազամակերպությունների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Նշելով, որ ճանապարհի կառուցման մեկնարկը տրվելու է օգոստոսի 1-ին՝ մարզպետն առանձնացրեց 2 կարևոր խնդիր. այն, որ նշված հատվածով անցնում է մասնավոր մեկ ՀԷԿ-ի խողովակաշար և որ ամենակարևորն է՝ Վանաձորն ու հարակից մի քանի գյուղերը սնուցող Նովոսելցովոյի ջրագիծը:
Պատասխանատուների վկայությամբ՝ նշված ճանապարհահատվածով անցնող ՀԷԿ-ի խողովակաշարը տարիների վաղեմության է: Շինաշխատանքների ընթացքում այն կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի առաջարկվեց խնդիրը քննարկել նաև ՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ՝ արդյունավետ լուծում գտնելու համար:
Ինչ վերաբերում է Նովոսելցովոյի ջրագծին, ապա այն պաշտպանելու, վնասվելուց զերծ պահելու նպատակով շինաշխատանքների ընթացքում լուրջ միջոցառումներ կիրականացվեն:
-Շինաշխատանքների ընթացքում հնարավոր պայթեցումների ժամանակ անհրաժեշտ կլինի ժամանակ առ ժամանակ դադարեցնել ջրամատակարարումը: Այս ընթացքում լրջագույն անելիքներ կունենա «Լոռիջրմուղը»՝ պարտավորություն կրելով շրջիկ մեքենաներով բնակչությանն ապահովելու խմելու ջրով:
Անդրադարձ կատարվեց նաև շինաշխատանքների ընթացքում շրջանցիկ ճանապարհահատվածի գործարկման անհրաժեշտությանը:
Առաջարկվեց 10-օրյա ժամկետում կազմել առաջարկությունների փաթեթ, որը կօգնի շինաշխատանքների ընթացքում խնդրահարույց հատվածում խնդիրները նվազագույնի հասցնելու համար:
Լոռու մարզպետարան