Ժամը 15-ի սահմաններում, Խորենացի փողոցում մի քանի տասնյակ մարդ կա: Ոստիկանները բեռնատարները մի քիչ հետ են տարել, քաղաքացիները կարողանում են օգտվել ցայտաղբյուրից, որը մինչ այդ ոստիկանների «սահմանում» էր: Խորենացի փողոցում է նաեւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցերին, նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ փոխզիջման կամ պահանջների քննարկման, քաղաքական բանակցությունների մասին որեւէ ակնարկ չկա: «Ուղղակի հայտարարությունից բխում էր, որ Սերժ Սարգսյանն այս մարդկանց համարում է պարզապես հանցագործներ, որոնց հետ պետք է վարվել Սահմանադրությամբ եւ օրենքներով: Նույնը, իհարկե, իր վարչախմբի համար կարծես թե չի կարծում, երբ կան բազմաթիվ անպատիժ հանցագործություններ, ու ոչ մի խոսք չկա ոստիկանության կատարած ապօրինությունների մասին, անցած 4,5 օրերի մասին: Միայն վերջում հանդգնում է հիշեցնել ապրիլյան դեպքերը, իսկ դա շատ հայտնի ծամոն է, որը երկու տասնամյակ ծամում են իշխանությունները, իսկ որ երկիրը հետեւողական թուլացրել է, չի ասում, որ թշնամի ունենք»,-ասաց Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքերով. «Որքան փորձում եմ փորփրել հիշողությունս, չեմ հիշում որեւէ քաղաքական բանակցություն, կան միայն տեխնիկական խնդիրները լուծելու բանակցություններ, իսկ Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռերի» բանակցությունները չեմ ընկալում ՀՀ պետական իշխանության եւ «Սասնա ծռերի» բանակցություններ, մարդը իր ցանկությամբ եկել է, բանակցում է, դա մաքոքային բանակցություն է, ինչը նաեւ Նիկոլ Փաշինյանն արեց: Սրանք Սերժ Սարգսյանի բանակցությունը չեն եղել… Ինքը (Սերժ Սարգսյանը) չի համարձակվում ավելի կոշտ ասել, թե ձեզ հետ չեմ բանակցում, բայց ասում է, որ կարող էինք վարվել ձեզ հետ այլ երկրների դասական մեթոդներով, ինքն ուղղակի բլեֆում է, անող էիր՝ անեիր…Մարդիկ ստեղծել են Հայաստանի ՊՊԾ հանրապետությունը, որտեղ իրենք իշխանություն են: Այդ պետությունը միակն է աշխարհում… Սերժ Սարգսյանին ակնհայտ է, թե ինչ ազդեցություն կունենա ուժային գրոհն այս պետության վրա: Չնայած մի պահի, այն մարդիկ, որոնք իր վրա մեծ ազդեցություն ունեն, իսկ նրանք Մոսկվայում են նստում, Սերժ Սարգսյանին ասել են՝ խանգարում ես մեզ, նույն օրը պիտի ավերեիր»:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, այս ամենի հանգուցալուծումը կարելի է տեսնել իր բերած փաստարկներում. «Հայաստանը քաղբանտարկյալներ չպիտի ունենա, Հայաստանի իշխանությունը պետք է լինի օրինական, սրանք են «Սասնա ծռերի» պահանջները, որոնք ֆանտաստիկայի ժանրից չեն: Ճիշտ է, մեթոդը , որ իրենք են ընտրել, ծայրահեղ է…Եվ երբ հայր ու որդի են գալիս, երկու եղբայր են գալիս, Սերժ Սարգսյանի իմացած քաղաքական ֆիզիկայի կանոնները այլեւս չեն գործում, գրավիտացիան այլ է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ