Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում նախատեսվել է նորոգել թվով 65 բազմաբնակարան շենքերի 130 վթարային պատշգամբ: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել էին հունիսին: Ցանկում ներառվել են բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Շքապատշգամբները, որպես բաժնային սեփականության մի մաս, պետք է նորոգեն տվյալ բնակարանների սեփականատերերը, սակայն, որպես բարի կամքի դրսևորում, և հաշվի առնելով, որ շքապատշգամբների նորոգումը ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, նաև բնակիչների ու անցորդների անվտանգության ապահովման նկատառումով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ միջոցներ են հատկացվել այս ծրագիրն իրականացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն