Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «Սասնա ծռերի» տղաները ուզում են հաշիվը 1:1 անել» (Տեսանյութ)

Հուլիս 22,2016 14:45

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Թուրքիայում, Հայաստանում եւ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մեջ կապ է տեսնում: Նա բնավ պատահական չի համարում տարածաշրջանի լարվածության նման դրսեւորումները: «Մի խումբ հայրենասերներ հայրենասիրական նկրտումներով սկսեցին, գրավեցին ՊՊԾ գունդը, բայց մարդ է զոհվել, եւ դա ցեխ է շպրտում նրանց նկրտումների եւ այս գործընթացի վրա»,- հայաստանյան իրադարձությունների մասին այսօր «Ֆորում» մամուլի ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետը: Նա վստահ է, որ «Սասնա ծռերի» սկսած այս գործընթացը «պապաներ» ունի թե ներսում, թե դրսում, նաեւ ֆինանսական աջակցություն: Քաղաքագետի կարծիքով՝ գործընթացի դրսի «պապաները» սակայն, չէին սպասում, որ ներսի ուժերը այսչափ «անգրագետ կլինեն եւ մարգինալացված»:

Արդեն 5 օր Հայաստանում տեղի ունեցողը քաղաքագետը խռովություն է բնութագրում. «Սա ապստամբություն չէ, ապստամբության տնազ է, խայտառակություն: Մեկ աղջիկ, որի ծագումնաբանությունն անհայտ է, երեկ կարող էր նորից բախում հրահրել հավաքվածների եւ ոստիկանների միջեւ»:

Այլ մանրամասները ՝ տեսանյութում:

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ եթե Հայաստանում զենքի ուժով հարցեր լուծելու նմանատիպ մի փորձ էլ իրականացվի, ապա Հայաստանը շատ արագ կվերածվի Աֆղանստանի: Քաղաքագետը օրինակներ բերեց, թե ինչպես են մոջահեթները պատուհաս դարձել այդ երկրի գլխին: «Մեր հայրենասերները սա պետք է լավ հասկանան ու ճիշտ գործեն: Ամեն Նապոլեոն Բոնապարտ պետք է ազգի անունից զգուշավոր խոսի»,- ասաց նա:

Վերլուծելով կատարվածի հասարակական-քաղաքացիական եւ հոգեբանական շերտերը, հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ նկատեց, որ այս տարիների ընթացքում մեր քաղաքացիական ակտիվիստները չեն կրթվել: Նմանատիպ պայքարների դասական գործիքին՝ քարին, մերոնք ընդամենն աղբաման են ավելացրել: Հոգեբանի համոզմամբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եթե երկրի ու ժողովրդի համար իսկապես բարեփոխումներ են ուզում, ապա նման բաները պետք է հաշվի առնեն: Ընդհանրապես, նա կարծում է, որ ցույցերի համար այս ժամանակահատվածը պատահական չէր ընտրված. քառօրյա պատերազմ, բնական աղետներ՝ կարկտի տեսքով, բերքի կորուստ, սոցիալական լարվածություն եւ դժգոհ ժողովուրդ: Ամեն դեպքում՝ նա հորդորում է. «Այնպես պետք է անենք, որ ինքներս մեզ չվնասենք»: Իսկ տղամարդկանց էլ կոչ է անում. «Ինչ անում եք՝ պրոֆեսիոնալ արեք»: Մանրամասները՝ տեսանյութում:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին  Խորենացի փողոցից քաղաքավարի դուրս հրավիրելու փաստին, կարծիք հայտնեց, որ ՊՊԾ-ում գտնվող մարդիկ բախումների են սպասում, «ուզում են հաշիվը 1:1 անել (նկատի ունի զոհ- Ն. Գ.), որ իշխանության հետ հավասարը հավասարի խոսեն»: Նրա համոզմամբ՝ ՊՊԾ-ում գտնվող «Սասնա ծռերի» տղաների մոտ արդեն 2 օր է՝ վիճակը պատային է, մանավանդ որ երեկ էլ հստակ երեւաց իրենց հավաքներին 200-300 մարդ է գնում: Այս ամենում նա չի թերագնահատում նաեւ իշխանության մեղավորությունը՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ լարված է, ու իշխանությունը ոչինչ չի անում: Բնական է, որ այդ լարվածությունը պետք է պարպվի տրանսպորտի դեմ թանկացման, «Էլեկտրիկ Երեւան», ի վերջո՝ նաեւ նման զինված դրսեւորումներով. «Դերասանական բարեփոխումներին պետք է վերջ դրվեն»:

Այս խառնաշփոթ իրավիճակում քաղաքագետը նկատում է բավական կարեւոր մի հանգամանք, որը հայաստանյան լրահոսում նշանակություն չստացավ՝ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս Թուրքիայի, այլեւս իր առաջին ռազմաբազան ունի Ադրբեջանում: Հուլիսի 19-ին Ադրբեջանը Թուրքիայի պաշտպանության նախարարությանը պաշտոնապես հանձնեց նախկին «Նասոսնի» ռազմաբազան: Այդ ռազմաբազան ակտիվ օգտագործվել է Արցախյան եւ չեչենական պատերազմներին: Քաղաքագետի համոզմամբ՝ այս փաստը էականորեն ընդգծում է տարածաշրջանի ռազմական բալանսը եւ առաջիկա պատկերը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031