Մտավորականները բաց նամակով դիմել էին Ժիրայր Սեֆիլյանին: Այդ նամակը բազմաթիվ մեկնաբանությունների ու քննադատությունների տեղիք տվեց:
Այսօր «Անդրադարձ» ակումբում մեր հարցին՝ ինչո՞ւ Բաղրամյան 26 չեք գնում հարգված, հեղինակավոր մտավորականներով, նախագահականի դուռը փա՞կ է մտավորականների համար, մի՞թե չեք կարողանում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ՝ մի ելք գտնելու, քննարկելու համար՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանեց, որ չի ուզում. «Ես առիթը բաց չեմ թողել հրապարակային դիմել նախագահին եւ ասել իմ մտահոգությունները: Չեմ կարծում, որ ինֆորմացիան չի հասնում նախագահին: Կա հատուկ բաժին, որը նայում է: Եթե ցանկություն լիներ նախագահի կողմից հանդիպել, քննարկել այդ հարցերը, երբեւիցե չէինք մերժի: Բայց այսքան ելույթից հետո գնալ ու դուռը ծեծել, ասել՝ գիտես ինչ, ես ուզում եմ գամ ու ասեմ այն, ինչ հրապարակայնորեն եմ ասում, ընդհանրապես հակառակն է արվում: Սկզբից իրար հետ են խոսում, հետո հրապարակայնացնում: Ես ի սկզբանե հրապարակայնացրել եմ»:
Ռուբեն Բաբայանն ավելի վաղ առաջարկել էր, որպես հարցի լուծում, զինված խմբի անդամներին, Ժիրայր Սեֆիլյանին ոչ թե բանտ նստեցնեն, իրավական պատասխանատվության ենթարկեն, այլ տանեն ռազմաճակատ, որտեղ նրանք պետք են: Մեր հարցին՝ Հիմնադիր խորհրդարանն ասում է՝ մենք մինչեւ ներքին թշնամուն չհաղթենք, արտաքին թշնամուն չենք հաղթի, Դուք նրանց ուղարկում եք արտաքին թշնամու դեմ՝ Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի ներքին թշնամի՝ դա ինքն է: Մինչեւ քո ներսի թշնամուն չհաղթահարես, ուրիշ թշնամու չես հաղթի: Եթե թույլ տաք, որ ներքին թշնամին ձեզ հաղթի, դժոխք կգնաք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ