«Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի մասնակից 22 ընտանիքները երեկ Ծաղկաձորի մարզաբազայում ավարտեցին պայքարը ըստ տարիքային խմբերի վեց մրցաձեւերում: Այսօր երկու ավագ տարիքային խմբերի՝ հրաձգություն օդամղիչ հրացանով վարժությունով կեզրափակվի նաեւ «Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի եզրափակիչ փուլը: Մրցավարներն օրվա երկրորդ կեսին կամփոփեն ընդհանուր արդյունքները եւ հուլիսի 23-ին փակման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կպարգեւատրի հաղթող ընտանիքներին:
Երեկ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը այցելել էին Ծաղկաձորի մարզաբազա: Մրցույթի գլխավոր կազմակերպիչ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը նրանց ծանոթացրեց մրցույթի նախապատրաստական շրջանում կատարված կազմակերպական աշխատանքներին: Մարզպետը եւ քաղաքապետը միասին հետեւեցին նաեւ պայքարի ընթացքին, մասնակիցներից հետաքրքրվեցին ստեղծված մրցումային, բնակության պայմանների եւ սննդի որակի մասին, որից հետո Խաչիկ Ասրյանը ներկայացրեց փակման հանդիսավոր արարողության ընդհանուր սցենարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ