Ս. թ. հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ՝ պաշտոնապես ազդարարելու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույք-Անիպեմզա» ծրագրի մեկնարկը: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հուլիսի 22-ին, Հայաստանի ազգային գրադարանում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձաններ ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսը, գիտական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Վիսնյա Կիսիչը, Եվրոպական ներդրման բանկի անդամ Մարիա Բերժան, «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին:
Ասուլիսին անմիջապես հաջորդեց «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույք-Անիպեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթը բաղկացած էր «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները», «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները. «Հատուկ մրցանակ»` Արթին Մուրադյան, «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները» անվանակարգ՝ Արտուշ Ավդալյան, «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգ՝ Լիլիթ Դավթյան: Հաղթողներն արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում:
Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը կներկայացնի «Երերույք-Անիպեմզա» ծրագրի իրականացման վերաբերյալ իր տեսլականը:
Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը` ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը:
Նշենք նաև, որ «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):
ՀՀ մշակույթի նախարարություն