Ադրբեջանի նախագահի հրամանով՝ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է Բաքվի Յասամալի շրջանի «Ոսկյա Արևելք» զինվորական ավանում և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի զինվորական օդանավակայանում համապատասխանաբար շենք-շինություններ տրամադրել` Թուրքիայի զինվորական խմբի շահագործման համար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:
Հետաքրքրվեցինք, թե թուրքական ի՞նչ զորախմբի մասին է խոսքը եւ ի՞նչ գործունեություն է այն իրականացնում Ադրբեջանում: «Այդ երկրում այսօր էլ առկա են թուրքական բանակի զինվորներ, որոնց ծառայությունը հիմնականում սահմանափակվում է ուսուցողական գործունեությամբ: Բացի այդ, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողները հաճախ համատեղ զորավարժություններ են անցկացնում թե Ադրբեջանի, եւ թե Թուրքիայի տարածքում: Չեմ կարծում, որ այս պահին Թուրքիան շահագրգռված է ավելացնելու իր զինծառայողների թվաքանակը Ադրբեջանում: Այս քայլով Ադրբեջանն ուղղակի տարածք հատկացրեց իր երկրում արդեն իսկ առկա թուրքական զորախմբին, բայց կրկնեմ, որ այն իր մեջ պարունակում է քաղաքական ենթատեքստ և ազդակներ: Բաքվում թուրք զինվորականներին հատկացված շենքի զինավանի տարածքում է տեղակայված նաև Ադրբեջանի Ջամշիդ Նախչիվանսկու անվան ռազմական վարժարանը: Կարծում եմ` հենց այս վարժարանում ուսուցանող թուրք զինվորականների համար է շենք հատկացվել»,-մանրամասնեց Աշոտ Մովսիսյանը:
Նա նկատեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները հենց սկզբից ապատեղեկատվություն տարածեցին, թե իբր Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է տեղակայում, և Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հերքումը հենց այն էր, որ որեւէ ռազմաբազայի մասին խոսք չկա. «Անշուշտ, Իլհամ Ալիևի հրամանի հերքման մասին խոսք չէր կարող գնալ, ուղղակի պարզաբանվեց հրամանի էությունը: Փաստենք, որ ապատեղեկատվությունն էյֆորիայի մեծ ալիք էր ստեղծել ադրբեջանական հանրության շրջանում: Վերջինս այս քայլն ընկալեց որպես հակակշիռ` Հայաստանում ռուսական ռազմաբազային: Սա ևս ի ցույց դրեց, որ ադրբեջանական հանրության մեծ մասը ողջունում է իր տարածքում թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայումը»:
Կարդացեք նաև
Մեր նկատառմանը` ինչո՞ւ Ադրբեջանի նախագահն Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների ներկայիս փուլում նման որոշում կայացրեց, Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Արցախյան հակամարտության շուրջ ընթացող բանակցային գործընթացը գտնվում է ակտիվ և լարված փուլում. այս համատեքստում կարծում եմ` այս քայլով Ադրբեջանի նախագահը փորձում է օգտագործել իր ձեռքում եղած խաղաքարտերը և բանակցային փուլում ճնշում գործադրել ռուսական կողմի վրա: Սա ավելի շատ քաղաքական ուղերձ պարունակող քայլ է, քան Թուրքիա-Ադրբեջան ռազմական գործակցության նոր փուլի դրսեւորում: Ադրբեջանն այժմ կօգտագործի իր խաղաքարտերը, որպեսզի այս փուլում որքան հնարավոր է` շահեկան դուրս գա, և այս քայլը հենց դրան է ուղղված: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը փորձում է իր կողմը ձգել Ադրբեջանին՝ նրան կտրելով թուրքական ազդեցությունից, իսկ Ադրբեջանի իշխանության այս քայլը փաստացի հարված էր պաշտոնական Մոսկվային»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ` ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկից ի վեր Ադրբեջանում Թուրքիայի զորախմբին փաստացի տարածք հատկացնելու որոշումը թուրքական կողմի առաջին լուրջ ձեռքբերումն է և Ռուսաստանի կարուստը. «Համոզված եմ, որ այն անհանգստացրել է Ռուսաստանի իշխանությանը: Որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանան, միևնույնն է` երկու երկրներն էլ փորձում են իրենց ազդեցությունը ուժեղացնել Ադրբեջանում, և սա այն կետերից մեկն է, որտեղ բախվում են Թուրքիայի և Ռուսաստանի շահերը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ