ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2016 թ. մայիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ հոգեբուժարան տեղափոխված ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանի իրավունքների պաշտպանությունը:
1in.am լրատվական կայքի՝ «ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ Արմինե Առաքելյանին դաժան ծեծի են ենթարկել հոգեբուժարանում» վերնագիրը կրող հրապարակման հիման վրա, որում վերջինս տեղեկություններ է տրամադրում իրավապահների և հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, ՀՀ Քննչական կոմիտեում 2016թ. հունիսի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում 2016 թ. հուլիսի 13-ին իրականացված հարցաքննության ժամանակ տուժող Արմինե Առաքելյանը վերահաստատել է իր կողմից նախապես տրված տեղեկատվությունն այն մասին, որ ոստիկանության աշխատակիցներն իր նկատմամբ բռնություն են կիրառել: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Արմինե Առաքելյանի ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Արայիկ Զալյանը դիմել է քննչական մարմնին՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու մասով նոր քրեական գործ հարուցելու և ըստ ենթակայության՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ուղարկելու հարցով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ