Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր բերետավորները «սահմանացու» տղերք են, բայց սահմանին չեն». Արա Պապյան

Հուլիս 22,2016 13:42

«Իշխանության համար երկու ելք կարող է լինել` վատ եւ ավելի վատ: Եթե ենթադրենք, որ զինված ընդդիմությունը կանսա իշխանության հորդորները եւ կհանձնվի, որը քիչ հավանական եմ համարում, դա եւս պարտություն կլինի: Դատավարությունը կվերածվի մեծ քննադատության` իշխանության հասցեին: Եթե դատավարությունն արդար չեղավ, իրավիճակի սրում կլինի: Ավելի վատ տարբերակն էլ, երբ իշխանությունը դիմում է զենքի եւ ոչնչացնում զինյալներին, բայց դրանով հարցը չի վերջանալու, այլ սկսվելու է մեկ այլ փուլ: Ընդդիմության եւ հասարակության մի մասը մտածելու է, որ սխալը ոչ թե զենքի դիմելն էր, այլ թույլ լինելը, այսինքն` հաջորդ անգամ ավելի ուժեղ պետք է լինել»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսելով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հնարավոր հետեւանքների մասին, ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Մասնավորապես վերջին դիտարկման շուրջ նա ակնարկեց, որ Մերձավոր Արեւելքում ահաբեկչությունը դառնում է պայքարի ձեւ:

Պապյանի բնորոշմամբ` մյուս տարբերակը, որի վրա հույսը դրել է «Սասնա ծռեր» զինված խումբը, համաժողովրդական ընդվզումն է, որը տեղի չի ունենում, ուստի «Սասնա ծռերի» գործողությունը չի կարող հաղթանակ ունենալ. «Մենք 20 հազար ոստիկան ունենք, աշխարհի ամենաոստիկանացված երկրներից ենք: Ոստիկանությունն ունի հսկայական բյուջե եւ արտաբյուջե: Նայում էի ոստիկաններին` ոչ առաջին շարքում կանգնած խեղճ ու կրակ ոստիկաններին, այլ կարմիր բերետավորներին` «սահմանացու» տղերք են` ամեն մեկը 120 կգ քաշով, 1,80 հասակով, իսկը սահման ուղարկելու են, բայց նրանք սահմանին չեն»:

Ըստ Արա Պապյանի` զինված հարձակման դեպքը բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության վրա, քանի որ իշխանությունները սկզբից հայտարարեցին, որ «Սասնա ծռերն» ահաբեկիչներ են. «Սա ուղերձ էր ներդրողներին եւ զբոսաշրջիկներին, որ մի եկեք Հայաստան: Երբ հայտարարում են, որ երկրում կան զինված ահաբեկիչներ, ոչ մի խելքը գլխին ներդրող կամ զբոսաշրջիկ չի գա այստեղ: Դա մեծ սխալ էր: Բացի այդ, դատարանն իրավունք ունի որակել` ինչպիսին է հանցագործությունը, ԱԱԾ-ն այն որակելու իրավունք չուներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031