Լրահոս
Օրվա լրահոսը

 «Եթե ուզում ենք երկիրը շահի, պետք է ինչ-որ փոխզիջում գտնվի». Արծրուն Պեպանյան

Հուլիս 22,2016 12:51

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Aravot.am-ի հետ խոսելով «Սասնա ծռեր» խմբի անդամների երեկ խաղաղարար նախաձեռնությունների նկատմամբ մերժողական վարքի մասին՝ ասաց, որ ճիշտ եզրահանգումներ անելու համար նախ պետք է իրավիճակի մեջ գտնվող երկու կողմերի դրության մեջ մտնել.«Որպես գրող փորձում եմ հասկանալ, մտնել իրենց կերպարի մեջ: Եթե ապստամբները չեն նահանջում, հասկանալի է, քանի որ այդ քայլին գնալուց առաջ շատ-շատ են մտածել, նաեւ հաշվի են առել հնարավոր վատ տարբերակը, որ կարող է իրենք զոհվեն, այնուամենայնիվ այդ մարդիկ հաղթահարել են մահվան վախը եւ գնացել են այդ քայլին: Իրենց հետ բերելը, նահանջեցնելը՝ ահավոր դժվար է: Իրենք այլ հոգեվիճակի մեջ են, որը դժվար հասկանալի է մնացյալի համար: Իրենց համար փրկության օղակ, ապրելու երաշխիք մնում է մի տարբերակ՝ ժողովուրդը հավաքվի եւ իշխանափոխություն լինի: Եվ այդ պատճառով մերժում են խաղաղեցնող նախաձեռնությունները»,- նշեց վերլուծաբանը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ կասեք այն մասին, որ «Սասնա ծռեր»-ի անդամները մերժեցին Վիտալի Բալասանյանի միջնորդությունը, պարոն Պեպանյանը նշեց. «Ես ինքս էլ փոխզիջումային տարբերակներ էի մտածում, բայց երբ որ ապստամբները կոշտ արձագանքեցին եւ՛ Վիտալի Բալասանյանի, եւ՛ Նիկոլ Փաշինյանի հետ չհամաձայնվեցին, ես ինքս էլ երբեմն ինձ հարց եմ տալիս՝ ես ճի՞շտ եմ անում, որ փորձում եմ փոխզիջումային տարբերակ գտնել, կամ այդ միտքը առաջ տանել»:

Վերլուծաբանի կարծիքով՝ այնուամենայնիվ, եթե ուզում ենք երկիրը շահի, պետք է ինչ-որ փոխզիջում գտնվի, իշխանությունները եւ «Սասնա ծռեր»-ի տղաները որոշ չափով նահանջեն:

«Այստեղ փոխադարձ արժանապատվության հարց է: Այս տղաները գնացել են այդ քայլին եւ եթե նրանք նահանջեն՝ իրենց կարծիքով շատերը կմտածեն՝ թույլ էին, իրենց խոսքից հետ կանգնեցին: Եթե նայենք իշխանություններին, իրենք առաջին հերթին պետություն են՝ մեկ, երկրորդը՝ իրենց պաշտոնյան է սպանվել եւ եթե ամբողջությամբ ներեն, ապա իրենք իրենց չեն ների: Մարդիկ կսկսեն իրենց ծաղրել»,-նշեց պարոն Պեպանյանը՝ ավելացնելով, որ այստեղ հարցն այն է, որ մեր ազգային իմաստնությունը կհերիքի՞ գտնել այնպիսի տարբերակ, որ երկուսի արժանապատվությունն էլ այն չափով չնսեմանա, որ չմտածեն՝ իրենց կծաղրեն եւ երկրորդը՝ այնպիսի լուծում լինի, որ երկուսն էլ արդյունք ունենան եւ կարողանան ասել՝ դուրս եկանք պայքարի, գլխավոր նպատակին չհասանք, բայց ահա այս, այս հարցերը կարողացանք հայրենիքի համար լուծել:

«Իշխանություններն էլ զիջումների գնալով՝ կարողանան պահել իրենց արժանապատվությունը: Սա հարցերի հարցն է, որ պարտավոր ենք լուծել եւ ինչքանով որ ես եմ հասկանում, գնահատում, իշխանությունների հրաժարականի սպառնալիք, որպես այդպիսին՝ այսօր չկա: Կրկնում եմ՝ այսօր չկա, ես չեմ կարող ասել, թե վաղն ինչ կլինի»,-շեշտեց վերլուծաբանը:

Ըստ նրա, բավական երկար ուսումնասիրել է մեր իրականությունը, մեր ժողովրդին, նրա հոգեբանությունը, անցյալը, նաեւ այն պատճառները, որոնք ծնել են այս իրականությունը:

«Այս ամենը որ հաշվի ես առնում, ապա եթե ուզում ես իրավիճակը փոխել՝ պետք է այլ քայլեր, այլ գործողություններ արվեն, շատ ավելի բարդ, քան ինքնազոհությունը»,-ասաց Արծրուն Պեպանյանը, բայց մյուս կողմից էլ այս տղաների քայլի մասին խոսելով՝ նշեց, որ իրենց այս քայլը սպասելի էր, նույնիսկ՝ ուշացած:

«Ես դեռ 2008 թվականին եմ իմ հրապարակային ելույթներում ասել, որ եթե իշխանությունները շարունակեն այսպես վարվել՝ ընտրություններ թույլ չտալ, մարդկանց չթողնել իրենց կարծիքը տեղ հասցնեն՝ մարդկանց ստիպելու են, որ այլ կերպ փորձեն երկրում փոփոխությունների հասնել: Մեր ճակատին ամոթի խարան կար, քանի որ բոլորս համակերպվում էինք երկրի այս ժանտախտային իրավիճակին, իրենք այդ խարանը մաքրեցին: Դա պետք է հաշվի առնենք ու գնահատենք ըստ արժանվույն: Բայց և իրականությունից ելքն ուրիշ ճանապարհով է: Կա համանման իրավիճակը անցնցում հաղթահարելու համաշխարհային փորձ, բայց մեր քաղաքական դաշտը, ցավոք, շարունակում է մնալ մակերեսային վերլուծությունների տիրույթում է, ինչի արդյունքում մարդկանց մոտ առաջանում է կարծիք, թե վիճակը փակուղային է և միան զենքով կարելի է փոփոխությունների հասնել,-ընդգծեց վերլուծաբանը:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031