Այս պահին Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածք մուտք չգործելու համար պատնեշ հանդիսացող բեռնատարների տեղաշարժ տեղի ունեցավ: Պարզվեց՝ մի բեռնատարը փոխարինում են մյուսով: Տեղեկացանք, որ այդ բեռնատարները ոստիկանությանը չեն պատկանում եւ դրանք այսպես ասած՝ գործի ընթացքից դեպքի վայր բերված ավտոմեքենաներ են, որոնց վարորդները պետք է սպասեն, բանուգործ թողած նստեն, մինչեւ հաջորդով փոխարինեն:
Այս պահին Խորենացի փողոցում իրավիճակը խաղաղ է: Ճիշտ է, մարդիկ կան հավաքված, բայց քիչ թվով են: Այստեղ է գիշերել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Մեր հարցին՝ ինչո՞ւ է այստեղ գիշերել, մտավախություն է ունեցել, որ բախո՞ւմ կլինի, պարոն Բարսեղյանն ասաց, որ հաշվի առնելով նախորդ օրվա իրադարձությունները, գիշերը մնացել է, որպեսզի եթե մի բան լինի՝ հանդարտեցնի: Չնայած, ըստ Լեւոն Բարսեղյանի, այս գիշեր ոստիկաններն էլ էին բավականին հանգիստ:
Նա նաեւ ասաց, որ գիշերվա ընթացքում առանց պետհամարանիշի մի ԲՄՎ մակնիշի ավտոմեքենա է հայտնվել տարածքում, մի քանի անգամ եկել, պտտվել գնացել է: Պարոն Բարսեղյանը այդ առնչությամբ դիմել է Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության ներքին զորքերի ղեկավար Լեւոն Երանոսյանին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկեն, քանի որ այդ մեքենան կասկածներ է հարուցել եւ բացի այդ, չի թույլատրվում առանց պետհամարանիշի երթեւեկել: Ի դեպ, Լեւոն Երանոսյանն այս պահին այստեղ է եւ ոստիկաններին ցուցումներ է տալիս:
Կարդացեք նաև
Պարոն Բարսեղյանն անդրադարձավ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա ելույթին, որը երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում մի քանի անգամ մեջբերում էր Աստծո խոսքերը, պատվիրանները, ասաց. «Մի ժամանակ կար, որ պարոն Շարմազանովը ասում էր՝ ՀՀԿ-ն արեւ բերող կուսակցություն է:
Այսօր տարածքում հայտնվել է մի սննդի կետ, որտեղ հաց, ջուր, քաղցրավենիք, սուրճ է դրված քաղաքացիների համար: Քաղաքացիներից մեկի խոսքերով, որը Որմնադիրների փողոցի բնակիչ է, ուրախությամբ նշեց, որ իրենց «գազերը տվել են»: Ըստ նրա՝ հուլիսի 18-ից իրենց եւ ամբողջ փողոցի գազամատակարարումը դադարեցվել էր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ