Լրահոս
Օրվա լրահոսը

Պետականության կորուստը լավ բան չէ

Հուլիս 22,2016 11:00

Հայաստանի անկախացումից 25 տարի անց ամենախոսուն դատարկությունը

Մի քանի օր է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորումը զինված հարձակում գործելով` Երեւանում Պարեկապահակային ծառայության գունդ է գրավել, արդյունքում ունեցանք մեկ զոհ, պահվում են պատանդներ։ Թե ինչպես անվանել զինված հարձակում գործածներին՝ հարցն արդեն երկրորդական է: Մեկը բացատրում է, թե՝ քանի որ քաղաքացիական անձանց չեն պատանդ պահում, ուրեմն դա ահաբեկչություն չէ, մյուսն ասում է՝ նրանց ահաբեկիչ անվանելն անմեղության կանխավարկածի խախտում է, դատարանի որոշում չկա եւ այլն:
Բոլորն իրավունք ունեն դիրքորոշում արտահայտելու: Բայց եկեք չամաչենք արձանագրել, ակնհայտ փաստերը չտեսնելու չտանք ու չստիպենք մեզ լռել` այլոց չնեղացնելու համար: Իրերն իրենց անունով կոչենք` տեղի է ունեցել ծանր հանցագործություն` անկախ այն պատճառներից ու նպատակներից, որոնք ունեցել են եւ ունեն խմբի անդամները. պետական կառույց է գրավված, մարդ է զոհվել, պատանդներ են պահվում:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները մի քանի տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասարակական գոնե նվազագույն աջակցություն ձեռք բերել, նրանց հավաքներին Ազատության հրապարակում մինչեւ վերջերս հավաքվում էր 100 մարդ կամ ավելի պակաս, որոնց մի մասը լրագրողներն էին: Այդ խմբի անդամներն իրենց գործունեությանը հնչեղություն տալու նպատակով ավելի արմատական քայլերի էին պատրաստ, դա ակնհայտ էր վաղուց: Հասարակության կողմից իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքը զանգվածային ընդվզման հանգեցնելու հարցում նրանք ունեին մեթոդներ, բայց ոչ՝ հասարակական աջակցություն: Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելով, օրինակ, իշխանությունները արդեն որոշակիորեն նպաստեցին հասարակական ընդվզման ծննդին:

Այժմ` «Սասնա ծռեր» խմբի զինված հարձակումից հետո, կա հասարակական ընդվզում, ընդ որում` իշխանության բացարձակ ոչ ադեկվատ պահվածքի ու իրավապահների անիմաստ քայլերի շնորհիվ: Տպավորություն է արդեն ստեղծվում, որ իշխանություններն են առավելապես շահագրգռված Հայաստանում զանգվածային ընդվզում բորբոքելու: Այն մեծ հաջողությամբ արդեն ստացվում է: Վերջին մի քանի օրերին մարդկանց բերման ենթարկելու, բռնություններ կիրառելու փաստերը հենց դա են փաստում, մարդիկ օր օրի ավելի մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում Խորենացի փողոցում տեղի ունեցողի նկատմամբ:

Թե ինչ նպատակով են մարդիկ հավաքվում Խորենացի փողոցում` դարձյալ ամեն մեկի որոշելիքն է: Յուրաքանչյուրն ունի իր օրակարգը. մեկը չի ցանկանում արյունահեղություն թույլ տալ, մյուսը համարում է, որ ստեղծված իրավիճակում պետք է ավելի արմատական խնդիրներ լուծել: Նորմալ է, քաղաքացիական ակտիվությունը երկրի համար այս` բավական ծանր ու բարդ իրավիճակում: Բայց խոշոր հաշվով` հասարակությանն անտեր է թողել թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը՝ բացառությամբ առանձին պատգամավորների:

Հայաստանում ազատ ընտրություններով իշխանափոխություն, ընդունված է ասել, տեղի է ունեցել միայն մեկ անգամ` 1991 թվականին: Դրանից հետո Հայաստանում քայլ առ քայլ հետեւողականորեն ամայացվել է քաղաքական դաշտը: Իշխանությունները ընտրություններ կեղծելով՝ գրավել են իշխանություն: 25 տարիների ընթացքում դանդաղ, բայց համոզիչ քայլերով մենք կորցրել ենք մեր պետականությունը, վարկաբեկվել են քաղաքական ինստիտուտները, իշխանությունը, ընդդիմությունը, ամեն ինչ:

Արդեն բազմիցս բարձրացվել է իշխանությունների, ավելի կոնկրետ` Սերժ Սարգսյանի լռություն պահպանելու հարցը: Սա իսկապես անբացատրելի է ու անհասկանալի: Ցանկացած երկրում պետական կառույցի գրավումը կփոխեր իշխանությունների ողջ օրակարգը: Իշխանությունը նման դեպքերում ոչ միայն պարտավոր է հստակ դիրքորոշում արտահայտել ու լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից առանց կորուստների դուրս գալու համար, այլեւ պարտավոր է հնարավորինս հրապարակային գործել` ապահովելով թափանցիկություն ու սեփական գործողությունների իրականացման ճշմարտացիությունն ապացուցելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատուցել: Իշխանական անտարբերությունն այս առումով ուղղակի աբսուրդի է նման:

Մենք կորցրել ենք մեր պետականությունը նաեւ այն իմաստով, որ ընդդիմադիր խմբի ներկայացուցիչները մեր երկրում, անկախ նրանից՝ արկածախնդիր են, թե ռոմանտիկ, ազգի փրկիչ, թե հերոս` բռնության մշակույթով, զենքով են պայքարի դուրս եկել: Եկեք անկեղծորեն խոստովանենք ու արձանագրենք` այդ մշակույթի հիմքը դրվեց հուլիսի 17-ին: Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, եւ սա չափազանց վտանգավոր, Հայաստանի պետականությունը ոչնչացնող, եթե կուզեք՝ վերջին քայլն է:

Մինչ այժմ իշխանությունն է ցույց տվել, որ բռնի ուժով, հետապնդումներով, ապօրինություններով հարցեր է լուծում, բայց ընդդիմադիրները մշտապես մնացել են օրենքի սահմաններում, եւ հենց այդ պատճառով Հայաստանում քաոս չի ստեղծվել, ու հենց այդ պատճառով է, որ Հայաստանի պետականությունն ինչ-որ չափով պահպանվել է:
Այսօր Հայաստանին կես քայլ է մնացել, որպեսզի չհայտնվենք քաոսի մեջ: Կարո՞ղ են օգտվել այդ իրավիճակից քաղաքական ծրագրեր ունեցող, բայց այդպես էլ կյանքի չկոչած այլ գործիչներ: Միանշանակ կարող են: Քոչարյանամետ մի քանի կայքերի, Քոչարյանին ժամանակ առ ժամանակ դիֆերամբներ ձոնող փորձագետների հրճվանքն այս օրերին անտանելի է, բայց ոչ՝ անսպասելի:

Ո՞վ է պատասխան տալու հնարավոր արյունահեղության դեպքում: Ցավոք, այս անգամ` ոչ միայն իշխանությունը: Իշխանությունը խոշոր հաշվով պատասխանատու է հասարակությանն այնպիսի իրավիճակի հասցնելու համար, որ պետության քաղաքացիներն այլ ելք, քան զենքի ուժով իշխանություն տապալելը, չեն տեսնում: Սա ամենաուժգին ապտակն է ցանկացած իշխանության համար, ու սրա պատճառների վերլուծությունն այլ թեմա է: Եթե իշխանավորները մտադիր են թեկուզ իրենք իրենց խղճի առաջ անկեղծ մնալ` հարցեր բարձրացնել ու պատասխաններ որոնել, նրանց ոչինչ չի խանգարի ընդունել սեփական սխալները, ընդ որում` հրապարակային:

Հայաստանի քաղաքական կյանքում բռնության, զենքով իշխանություն տապալելու մշակույթը` որպես պայքարի գործիք ներդնելը, իսկապես կարող է շատ թանկ նստել առանց այն էլ ամայացած Հայաստանի համար: Իսկ նախադեպ, ցավոք, արդեն կա: Հասարակական աջակցություն չվայելող ցանկացած խմբակ կարող է իրեն իրավունք վերապահել «ազգին փրկելու համար» սկսել Հայաստանի քաղաքներում շենքեր պայթեցնել, մարդկանց առեւանգել, պատանդներ պահել` ունենալով թե՛ հասարակության գիտակից հատվածի համակրանքը, որն արդարացիորեն ունի դժգոհություն գործող իշխանությունից ու դրսեւորում է քաղաքացիական ակտիվություն տարբեր խնդիրների լուծման ճանապարհին, թե՛ լյումպենի աջակցությունը:

Զանգվածային ընդվզման արդյունքում վարկաբեկված ռեժիմներն, իհարկե, տապալվել են այսօր արդեն քաղաքակիրթ դարձած մի քանի երկրներում: Մեզ 1991-ին թվում էր, որ եթե գնում ենք պետականության կառուցման օրինականության կուռ հիմքերի վրա, Հայաստանը ծաղկելու է: Ղարաբաղյան պատերազմն, իհարկե, թուլացրեց երկրի զարգացումը, բայց մեզ պարտադրված պատերազմում հաղթանակ տանելուց հետո մեզ ոչինչ չէր խանգարում պետականությունն ամրացնելու: Սակայն մենք բռնեցինք դեգրադացիայի ուղին, պետականությունը քայքայելու դանդաղ, բայց սպանող ուղին:

Զինված հարձակումներով, ապստամբություններով երկարաժամկետ կտրվածքում արդյունքի, զարգացման կարող են հասնել այն երկրները, որտեղ թե՛ քաղաքական դաշտը, թե՛ հասարակությունն ունի պետականությունն ընկալելու ու գնահատելու գիտակցում: Ցավոք, այսօր ակնհայտ է, որ մեր ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակության մի հատվածը չունի այդ գիտակցումը:

Սա Հայաստանի անկախացումից 25 տարի անց ամենախոսուն դատարկությունն է: Պետականությունը կորստի հասցնելու համար մենք արդեն պատժվեցինք հուլիսի 17-ին: Իսկ այս օրերին ոմանց` «ուխ, լավ ա» բացականչություններն ու հասարակությանը ֆեյսբուքում «համարձակորեն» ու «հերոսաբար» «թասիբի գցելով» արյունահեղության դրդելն ընդամենը փսիխոզի ցայտուն օրինակ է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 22.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031