«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ոչ Պավլիկ Մանուկյանի, ոչ Վալերի Օսիպյանի գլխից ոչ մի մազ չպակասի», երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը մշտապես այդ խնդրի քննարկումների մեջ է, բայց մտավախություն ունի, որ նախորդ օրվա գործողություններով եւ հետագա հայտարարություններով իրավիճակի այդպիսի հանգուցալուծման տանելու իրենց հնարավորությունները որոշակիորեն սահմանափակվեցին:
Խոսելով, թե ինչպես իրեն հաջողվեց կիսաաշխատող մեգաֆոնով նախօրեին հանդարտեցնել իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ժողովրդին իր ուժն զգալու համար պետք չէ ձեռքին բութ, կտրող, ծակող գործիքներ եւ իրեր ունենալ: Նա վստահ է, որ ժողովուրդը մերկ ձեռքերով էլ իրավիճակի է պայքարել հուսահատության, անարդարության դեմ ու հասնել նպատակին: «Եթե ժողովրդի մեծամասնությունը ցանկանում էր բախումներ ոստիկանության հետ, ինչպես կարող էր պատահել, որ ես կարողանայի իրավիճակը կես ժամում մեղմել», – ասում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ոստիկանությունն էլ երեւի բախումներ չեր ուզում:
Այնուհետեւ, նա կրկին անդրադարձավ սադրիչներին՝ ասելով, որ նոր մարդիկ էին հայտնվում կամ զգեստափոխված են գալիս: «Կռիվ սարքեցին ու գնացին իրենց տներով: Դրանից հետո ես նրանց չեմ տեսել: Մի հատ էլ երեւացին՝ «Մենք ենք տերը մեր երկրի» ու հետո երեւի գնացին նրանց մոտ, ովքեր իրենց ասել են, որ իրենց տերերն են: Բա ո՞ւր էին երեքին, չորսին՝ բերման ենթարկելու ժամանակ: Գնացել էին տերերից նոր հրահանգ ստանայի՞ն: Ընդ որում, ես չգիտեմ՝ էդ տերերը միայն Հայաստանում ե՞ն, թե կարող է՝ նաեւ Հայաստանի տարածքից դուրս», – կասկածում է Նիկոլ Փաշինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ