Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ. «Ժողովրդի մեծ մասը ուզո՞ւմ է զինված պայքար. ես չունեմ այդ հարցի պատասխանը»

Հուլիս 22,2016 16:00

Ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը երեկ Խորենացի փողոցում կարծիք էր հայտնել, որ «Սասնա Ծռեր» խմբի զինված հարձակումը պարեկապահակային ծառայության գնդի վրա հուսահատ քայլ էր. «Տղաները գնացել են հուսահատ քայլի: Վաղվա Հայաստանում դուք եք ապրելու, այդ տղաները չեն ուզում այս Հայաստանում ապրել»:

«Հիմնադիր խորհրդարանը» բազմիցս հավաքներ է կազմակերպել եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: Այս հավաքներին մշտապես շատ քիչ քանակությամբ մարդ է հավաքվել: Պետք է նկատել, որ «Հիմնադիր խորհրդարանին» չի հաջողվել հանրությանը ոտքի կանգնեցնել եւ հուժկու հանրահավաքներ կազմակերպել, ինչի միջոցով էլ դեպի իշխանափոխություն քայլ անել, գուցե՝ դանդաղ, գուցե՝ երկարատեւ գործընթաց կլիներ դա, բայց, այնուամենայնիվ, ժողովուրդը չի համախմբվել «Հիմնադիր խորհրդարանի» կողքին:
Արդյոք նաեւ սա՞ էր տղաներին հասցրել հուսահատության, որ նրանք գնացին ռադիկալ քայլերի եւ դիմեցին զինված հարձակման (նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի պահանջներից է Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ժիրայր Սեֆիլյանի եւ այլ քաղբանտարկյալների ազատ արձակումը), որի ժամանակ սպանվեց ոստիկան Արթուր Վանոյանը: Մեր այս հարցին պարոն Սարուխանյանն ասաց, որ ցավակցում է ոստիկանի ընտանիքին, ապա շարունակեց. «Իսկ դուք այլ տարբերակ կարո՞ղ եք առաջարկել»:

Մեր առաջարկն էր՝ մասնակցել ընտրություններին եւ ժողովրդի քվեի միջոցով հասնել իշխանափոխության: Այս առնչությամբ Սարուխանյանն ասաց, որ պետք չէ մեջբերել, որ մեծ քանակությամբ մարդ չէին կարողանում հավաքել:

«Տեսեք, ԱՄԿ ԱԻՄ-ը անկախության ճանապարհին 60-ականներից մինչեւ 91 թվականը նման ճանապարհով գնում էր, մինչեւ անկախություն ձեռք բերեցինք: Անկախությունը դեռ երաշխիք չէ ազատ լինելու: Հիմա 2-րդ փուլն է: Անկախությունից հետո պետք է ազատություններ ստանանք, տարիներ պետք լինեն, կգնանք այդ ճանապարհով եւս: Ես ուղղակի ուզում եմ ասել՝ դուք երաշխիքներ ունե՞ք, որ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք չեն ուզում համբերել 20 տարի, չեն ուզում 20 տարի պայքարել, այլ ուզում են արդարությունը տեսնել այսօր եւ վաղը եւ կդիմեն նման քայլերի: Բոլորը չէ, որ համբերությամբ լցված են եւ պատրաստ են մինչեւ կյանքի վերջ գրագետ պայքարին նվիրվել: Հասկացեք ինձ, հասարակության մեջ կան ե՛ւ գողեր, ե՛ւ հերոսներ, ե՛ւ թուլամորթներ, հիմա ես ուղղղակի ուզում եմ ասել՝ տղաների մասին շեշտադրումն այնպիսին է՝ տեռորիստներ, կարծես թե մենք լսում ենք Մեքսիկայից մի լրատվություն, որ այսինչ բերդը գրավել են ու իրենց նարկոբարոնին ուզում են դուրս բերել»:

Սարուխանյանն ասաց՝ նայեք տղաների կենսագրականը. «Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք արյուն էին թափում բոլորի ազատության համար ու այսօր տեռորիստ դարձան: Նրանք քաղաքական պայքարի դուրս եկած եւ արդյունքի չհասած տղաներ են»:

Մեր այն հարցին՝ դուք կարծում եք մեր հասարակության մեծ մասը ցանկանում է զենքո՞վ հասնել արդյունքի, կոնկրետ ասենք՝ իշխանափոխության, օրինականության հաստատման, Սարուխանյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, հարցումներ չեմ արել: Բայց Սահմանադրության հանրաքվեի հարցմանը մասնակցել եմ, հստակ կարող եմ ասել՝ 70-%-ը ասել է՝ «ո՛չ» նոր Սահմանադրությանը: Հիմա որ դուք այդ հարցը ինձ տալիս եք, ասում եք՝ ժողովրդի մեծ մասը ուզո՞ւմ է զինված պայքար, ես չունեմ այդ հարցի պատասխանը: Ես էլ ասում եմ ՝ իսկ դուք վստա՞հ եք, որ չեն հայտնվի նորից մարդիկ, որ ուզենան զենքով հարց լուծել: Իսկ զենքով հարց լուծելու ցանկության ուղիղ կապը գալիս է իշխանությունից, իրենք են թույլ տվել, որ մարդկանց մեջ հասունանա նման ցանկություն»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

21.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031