Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը չպետք է մտածի «վերխ վերցնելու» կամ «տակ տալու» մասին

Հուլիս 22,2016 15:30

Հովհաննես Իգիթյանը ստեղծված իրավիճակից ելք է առաջարկում

Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը չի ցանկանում մտնել բանավեճի մեջ` «Սասնա ծռերի» տղաները ճի՞շտ են արել, սխա՞լ են արել, ահաբեկի՞չ են, ահաբեկիչ չե՞ն: «Դրան կանդրադառնանք այս իրավիճակից դուրս գալուց հետո»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» ջոկատի ազատամարտիկների կողմից ՊՊԾ գնդի գրավման արդյունքում առաջացած իրավիճակին:

Մեր զրուցակիցն այսօր երեք հարց է կարեւորում` ինչո՞ւ այդպես եղավ, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված դրությունից` արյուն չթափելով եւ չկորցնելով մեր երկրի միջազգային հեղինակությունը, կարո՞ղ է, արդյոք, նման բան նորից կրկնվել: Տեղի ունեցածի ամենահիմնական պատճառը, նախկին պատգամավորի համոզմամբ, այն է, որ Հայաստանում օրենքը չի գործում, թեպետ բոլորը խոսում են այդ մասին, որ օրենք պետք է լինի:

«Մի կողմը (նկատի ունի իշխանությունը- Ն. Գ.), որը պահանջում է, որ դիմացինն օրենք պահի, ինքը չի պահում օրենքը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը` հավելելով. «Հայաստանում ամենասարսափելին այն է, որ պետական ատրիբուտներով հագուստ կրող ոստիկանը մարդկանց, նաեւ այդ տղաների կողմից, չի ընկալվում իբրեւ պետության ներկայացուցիչ: Ոստիկանը մեր հասարակությունում համարվում է մարդ, որը համազգեստ է հագել եւ զենք է կրում անձնական հարցերը լուծելու կամ օրենքից դուրս, անպատիժ գործեր իրականացնելու համար: Դա շատ վտանգավոր է: Ու ՊՊԾ-ն, որտեղ մտել են «Սասնա ծռերի» տղաները, իրենց կողմից չի ընկալվում որպես պետական ինստիտուտ: Հասարակության կողմից էլ չի ընկալվում, որ զինված մարդիկ մտել են պետական ինստիտուտ»: Մեր զրուցակիցը մատնացույց է անում այն, ինչ որ ԱՄՆ-ում է կատարվում` մի ոստիկան օրենքից դուրս գործողություն է կատարել, զոհվել է մեկ քաղաքացի, հիմա ամբողջ հասարակությունը դուրս է եկել ոստիկանների դեմ, ու չեն դատապարտվում ոստիկանների սպանությունները, քանի որ ոստիկաններին համարում են օրենք խախտողներ, ոչ թե իրենց անվտանգությունն ու կյանքը պաշտպանողներ: «Դա բավական վտանգավոր բան է: Անկախ նրանից, թե ոստիկանության հանդեպ ինչ վերաբերմունք կա, ոստիկանը պետք է ընկալվի որպես օրենքի երաշխավոր, հասարակության անվտանգությունն իրականացնող»,- ասում է Հովհաննես Իգիթյանը` նկատելով, որ շատ երկրներում, օրինակ՝ Ուկրաինայում, կարողացել են ոստիկանի սովետական վատ համբավը փոխել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազատության հրապարակից բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին եւ Անդրանիկ Ասլանյանին ոստիկաններն անգամ ստորացրել էին: «Դավիթին այնքան էին ծեծել, որ ուղեղի ցնցում էր ստացել: Դրանից բացի, տղաների պատմելով՝ իրենց ամեն կերպ փորձում էին ստորացնել, ստիպում էին, որ տղաները ոստիկանների կոշիկները համբուրեն, թքում էին տղաների վրա, հայհոյանքների մասին ուղղակի անիմաստ է խոսել, ու դա ողջ ճանապարհին` Ազատության հրապարակից մինչեւ Դավիթաշեն»,- պատմել էր Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանը:

«Առաջինն իշխանությունը պետք է հասկանա, որ ինքն օրենքի երաշխավոր է: Ես չեմ ասում` սխալ է, թե ճիշտ, բայց Սարի թաղում բնակիչների կողմից ոստիկանների նկատմամբ գործողություններն ընկալվում էին որպես երկու թաղային խմբերի կռիվ: Ոստիկանների` այդ վայրում գտնվելը չէր ընկալվում իբրեւ անվտանգության երաշխիք, այլ վտանգ: Սա ցավով եմ արձանագրում, որովհետեւ ցանկացած երկրում հենարան պետք է լինի, ու դա օրենքն է, հենարանն էլ իրականացնողը օրենքը պաշտպանող մարդիկ են` ոստիկանությունը»:

«Սասնա ծռերի» գործողությունները բավական հետաքրքիր իրավիճակ են ստեղծել քաղաքական դաշտում: Այս ամենին բավական արագ արձագանքներ հնչեցին ՌԴ-ից, երեկ նաեւ ԱՄՆ պետդեպից, բայց Հայաստանի իշխանությունները` նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, անգամ իշխանական խմբակցության պատգամավորները, չեն արձագանքում: «Բոլորը լռում են, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը: Թե ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը` ես չգիտեմ, որովհետեւ նա հիմա մի իրավիճակի մեջ է, որ ցանկացած քայլ կարող է վնասել թե Հայաստանի միջազգային համբավին, թե ավելի լարել ներքին իրավիճակը, եւ որ ամենակարեւորն է` ԼՂ հարցին կվնասի: Այսօր, որքան գիտեք, դրված է, որ Հայաստանը գնա այդ հարցի լուծմանը: Ի դեպ, շատ վտանգավոր է եւ վիրավորական, որ երեւանյան իրադարձությունների առիթով դրսից հնչող հայտարարություններում նույն հարթության մեջ են Թուրքիայի, Ղազախստանի, Ֆրանսիայի իրավիճակների հետ: Բայց իրականում այն, ինչ կատարվեց ամսի 17-ին, տեռորիզմի, իսլամական պետության ակտերի հետ որեւէ կապ չունի: Դա, ինչպես ասում են, զուտ հայկական իրավիճակ է` մեզ կամ մեր իրավիճակին բնորոշ»:

Անկախ ամեն ինչից՝ մեր զրուցակիցն իրավիճակը ծանր է բնութագրում, փակուղային, եւ ոչ միայն այն պատճառով, որ արդեն արյուն է թափվել. «Ես համոզված եմ, որ գնդապետ Վանոյանի հետ կատարվածը ոչ ոք չէր պլանավորել: Բայց եղավ ու շատ վատացրեց իրավիճակը»: Նման իրավիճակներում նա կարծում է, որ պետք է պարզ լուծումների դիմել: Իր համոզմամբ՝ այս պարագայում ամենապարզ լուծումը Սահմանադրությունը տալիս է. «Օրենքը պիտի աշխատի ու բոլորի համար: Հիմա գնդակն իշխանության դաշտում է: Իշխանությունը պետք է որեւէ գործողություն անի, որը շատ օրինավոր` օրենքին համապատասխան պետք է լինի: Ու ցանկացած քայլ ոչ թե միայն իրավիճակը պետք է հանգուցալուծի, այլ նաեւ լարվածությունը մեղմի: Ես մի տարբերակ եմ տեսնում. այն գուցե ֆանտաստիկ որակեն կամ շատերի, հատկապես ՀՀԿ-ականների մոտ ժպիտ առաջացնի, բայց իշխանությունը հիմա պետք է անի այն, ինչը պարտավոր էր անել` անկախ նրանից, թե այդ տղաներն ինչ են արել, ինչ են պահանջում կամ Ազատության հրապարակում հավաքվող մարդիկ: Այսօր ազատազրկված են մարդիկ, որոնց մեկուսացված լինելն անտրամաբանական եւ անօրինական է. ակնհայտ է, որ այդ մարդկանց պատժում են քաղաքական հայացքների կամ այլ դիրքորոշման համար:

Եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք իրավունք ունեն սպանության, գողության, չարաշահումների եւ նրանք ազատության մեջ են, այդ քայլը րոպե առաջ պետք է արվի»: Իշխանության կողմից նման վարքագիծն այս պարագայում, մեր զրուցակցի կարծիքով, ոչ միայն ներքին լարվածությունը կթուլացնի եւ լուծումների ճանապարհներ կհարթի, այլեւ կնպաստի Հայաստանի միջազգային վարկի բարձրացմանը, այն ֆոնին, երբ Ադրբեջանն այսօր մեղադրվում է քաղբանտարկյալներ ունենալու, Թուրքիան էլ` հասարակության նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մեջ:

Հովհաննես Իգիթյանը համամիտ չէ, որ իշխանության կողմից այդպիսի քայլը նախադեպ կստեղծի, որպեսզի նման դեպքերը կրկնվեն. «Հիմա մենք անքաղաքակիրթ վիճակում ենք, երկու կողմերն էլ անօրինական բաներ են անում, ուստի քաղաքակիրթ դատել չենք կարող: Բայց պետության կողմից նման քայլից հետո ամեն մեկը պետք է հասկանա, որ իր որեւէ արարքն անպատիժ չի մնա: Ինձ թվում է, որ «Սասնա ծռերի» տղաները դրան պատրաստ են: Նրանք պատրաստ են նաեւ զոհաբերվելու: Ես այդպես հասկացա: Այնպես որ, Հայաստանում ցանկացած մեկը` թե ոստիկանը, թե զենքով տղաներից մեկը, այլեւս պետք է հասկանա` իր արարքի համար օրենքն աշխատելու է: Ցանկացած մեկը կընդունի պատիժը միայն այն ժամանակ, երբ տեսնի, որ օրենքի առջեւ բոլորն են հավասար: «Սասնա ծռերի» տղաներն օրենք են խախտել, մարդ են սպանել, զենք են կիրառել, պիտի պատիժը կրեն»: Հարցին` ուժ կգտնի՞ Սերժ Սարգսյանը նման քայլի դիմելու, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ասածս գուցե իդեալական տարբերակ չէ, գուցե մի քիչ պարզունակ է հնչում, բայց այլ ձեւը ուժային լուծումն է: Հատուկ ջոկատը, որն, ի դեպ, նման իրավիճակների փորձ չունի, մի բան է, որ ուժ է կիրառվում Բաղրամյան փողոցում նստած անզեն երիտասարդների դեմ, աղջիկներին, կանանց, լրագրողներին խցկում են մեքենան եւ տանում, այլ բան է, որ օգտագործում ես զենք այս տեսակ տղաների դեմ, որոնք գիտեն, թե ինչ է նշանակում զենք, մահ, պատերազմ, արյուն: Եթե նման օպերացիա կիրառվի, դա կլինի պատիժ, ոչ թե իրավիճակից ելք»: Նա անլուրջ եւ անհնարին է համարում ՌԴ-ից «Ալֆա» ջոկատի կիրառումը:

«Սա այն դեպքն է, երբ պետությունը չպետք է նայի փողոցային արժանապատվությանը` «վերխ վերցնեմ» կամ «տակ տամ», այլ հանդես գա իբրեւ պետություն, որը որոշ դեպքերում կարող է նաեւ զիջող լինել: Շանթ Հարությունյանը եւ նստած մյուս տղաները հասարակության համար վտանգ չեն ներկայացնում, ու պետությունը պետք է այդ քայլն անի: Գուցե դա ընկալվի որպես «Սասնա ծռերի» պահանջի իրականացում… ի վերջո, թող այդպես ընկալվի: Բայց Հայաստանում ի վերջո ոչ ոք չպետք է մտածի, որ օրենքից բարձր է` լինի նա Ղարաբաղում կռված, հող վերցրած երկրապահ, գնդապետ, գեներալ, ՀՀԿ անդամ, թե ընդդիմադիր»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

21.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031