Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի առճակատման քաղաքականության աջակցությունն Անկարայի կողմից կնվազի

Հուլիս 22,2016 15:00

«Առավոտ»-ի հարցազրույցը` ՌԴ գիտությունների ակադեմիայի Եվգենի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովի հետ

– Պարոն Կռիլով, նախ` ինչպե՞ս կազդեն Թուրքիայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները տարածաշրջանային գործընթացների վրա:

– Անկասկած, թուրքական գործոնի դերը Հարավային Կովկասում կնվազի եւ բավական երկար ժամանակ: Երկրի ղեկավարության ուշադրությունը կկենտրոնանա ներքաղաքական խնդիրների վրա, պետական ապարատում, բանակում եւ ուժային կառույցներում «մաքրման» վրա: Նախագահ Էրդողանի համար կարեւոր է ստանալ ազդեցիկ գերտերությունների աջակցությունը, որոնց հետ նրա հարաբերությունները կամ լարված են, կամ վատ: Ռուսաստանի եւ Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը դեռ ի սկզբանե հազիվ թե արագ ստացվեր, հատկապես ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «ողջ գիշեր անհանգիստ հետեւում էր» Թուրքիայում ընթացող իրադարձություններին եւ ակնհայտորեն չէր շտապում աջակցել նախագահ Էրդողանին: Համապատասխան նամակը ուղարկվեց միայն հաջորդ օրը, երբ ակնհայտ դարձավ, որ ռազմական հեղաշրջման փորձը ձախողվել է: Դա կարող է փոքր-ինչ սառեցնել թուրք եւ ադրբեջանցի նախագահների՝ նախկինում ընդգծված «եղբայրական» մտերմությունը: Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ ԼՂՀ-ի եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վարած առճակատման քաղաքականության աջակցությունն Անկարայի կողմից նշանակալիորեն կնվազի, համենայնդեպս՝ մոտակա կամ հնարավոր է՝ ավելի երկար ժամանակով:

– Լեհաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վարշավայում հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նրանք կարեւորեցին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Սերժ Սարգսյանը հանդիպեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք ընդգծեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում արված հայտարարությունների համապատասխան դրույթների անվերապահ կատարումը: Պարոն Կռիլով, ո՞ր փուլում ենք այսօր Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, միջնորդների ջանքերը կարո՞ղ են կանխել նոր հնարավոր պատերազմը:

– Այս փուլը կանխորոշեցին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 2016-ի ապրիլի սկզբին: Մարտական գործողությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական բանակը ի վիճակի չէ լուծել Ղարաբաղյան խնդիրը ռազմական բլից-կրիգով, եւ որ ռազմական հսկայական ծախսերը նրան ռազմի դաշտում չեն բերել շոշափելի առավելության: Մարտերը բացահայտեցին մեծ բացթողումներ նաեւ հայկական զինված ուժերում` հետախուզական, կապի եւ մատակարարման հարցերում:

Բանակցային գործընթացում քրոնիկ փակուղու ֆոնին եւ լարվածության կտրուկ մեծացման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ռուսական դիվանագիտության գլխավոր խնդիրը դառնում է ոչ թե «խաղաղ գործընթացի» պատրանքի շարունակությունը, այլ հրադադարի իրական ռեժիմի հաստատումը, արդյունավետ մեխանիզմների ստեղծմամբ` ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալը: 2016թ. ապրիլի 2-5-ի մարտերը ցույց տվեցին մոնիտորինգի հուսալի համակարգի ստեղծման, ամբողջ շփման գծում միջազգային ռազմական դիտորդների մշտական ներկայության, անկողմնակալ վերահսկողության տեխնիկական միջոցների անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո նման համակարգի ստեղծման համաձայնությունը պետք է ներառի իր մեջ նաեւ հակամարտող կողմերին իրավաբանորեն պարտավորեցնելու սահմանումը` զինադադարի ռեժիմի խախտման դեպքում մեղավորներին պատժելը:

Միայն այդ ճանապարհով միջնորդները կարող են կանխել նոր պատերազմը, միայն իրական հրադադարն է նախադրյալներ ստեղծում խաղաղ կարգավորման առաջընթացի եւ ընդունելի փոխզիջումների որոնման համար: Հակառակ դեպքում ռազմականացման եւ թշնամության մակարդակը հակամարտող կողմերի մոտ կշարունակի աճել, իսկ նոր պատերազմի հեռանկարը կդառնա ավելի ու ավելի իրական:

– Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի մայրաքաղաքում մասնակցեց Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը, որն անցկացվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Նա ելույթ ունեցավ` ընդգծելով. «Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»: Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայից հետո չի՞ հասունացել արդյոք ժամանակը միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար:

– ԼՂՀ հնարավոր ճանաչման մասին վերջերս շատ է խոսվում եւ տարբեր համատեքստերում: Մասշտաբային միջադեպից հետո, որի արդյունքում մեծ թվով վիրավորներ եղան եւ զոհեր, Հայաստանի նախագահը անվանեց ԼՂՀ-ն Հայաստանի անբաժանելի մաս: Սակայն առայժմ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվում է ճանաչել ԼՂՀ անկախությունը կամ ընդգրկել այդ տարածքը Հայաստանի կազմում, քանի որ դա կնշանակի բանակցային գործընթացից դուրս գալ եւ խնդրի լուծման փնտրտուք բացառապես մարտի դաշտում: Առայժմ այս թեմայով հայտարարությունները խաղում են զսպող գործոնի դեր` Ադրբեջանի հարձակողական ակտիվության համար:
Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումը շարունակում է հիմնվել «փաթեթային սկզբունքի» վրա, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի որոշում միանգամից` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ «անվտանգության գոտու» վերադարձով Ադրբեջանի վերահսկողությանը, որը վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից: Ադրբեջանական դիրքորոշումը հիմնվում է «փուլային մոտեցման» վրա, որը թույլ կտար Բաքվին հետզհետե իր վերահսկողության տակ առնել պատերազմից հետո նախկին Խորհրդային Ադրբեջանի կորցրած բոլոր տարածքները:

Կողմերի իրարամերժ դիրքորոշումները մոտեցնելն ի սկզբանե անհնար դարձավ, այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններում բոլոր փորձերը` փոխընդունելի լուծում մշակել, անարդյունք ավարտվեցին: Ընդ որում, Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան խնդիրը դրեցին երկրի ներքաղաքական կյանքի կենտրոնում, «գրավյալ տարածքների» վերադարձը վերածվել է գլխավոր ազգային գաղափարի` կոչված համախմբելու հասարակությանը: Ներկա պահին այդ գաղափարից հրաժարվելը Բաքվի համար նույնքան անհնար է, որքան Երեւանի համար՝ ԼՂՀ-ն հանձնելը:

ԼՂՀ անկախության ճանաչումը որեւէ պետության կողմից՝ մինչեւ Հայաստանի կողմից դա անելը, իրական չէ: Հայաստանի համար նման ճանաչումը փաստացի նշանակում է Ադրբեջանին պաշտոնապես պատերազմ հայտարարել: Դրանից հետո պատերազմը կդառնա գործնականում անխուսափելի, ընդ որում՝ Բաքուն ձեռք կբերի լրացուցիչ հնարավորություններ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու: Ակնհայտ է, որ ԼՂՀ միջազգային ճանաչման համար անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխություն` Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար դրական ուղղությամբ: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանության դիրքորոշումը` ԼՂՀ-ի անհապաղ ճանաչումից հրաժարվելը, թելադրված է հենց դրանով:

– Պարոն Կռիլով, «Իզվեստիայի» «դիվանագիտական աղբյուրները» վերջերս հայտնել էին, թե Կրեմլի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան կարգավորումը ակտիվ կերպով է առաջ շարժվում: Ըստ այդմ` ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Ղարաբաղյան կարգավորման վրա, եւ ռուսական ծրագիրը նաեւ նախատեսում է ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը նման ծրագրեր ունի՞:

– Այդ ամենը շատ ֆանտաստիկ է թվում, որպեսզի իրականություն դառնա: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանների ապաշրջափակո՞ւմ: Դրան կարող է հավատալ իրականությունից ամբողջությամբ կտրված երազողը: Կրկնում եմ մեկ անգամ եւս` բանակցային գործընթացը վաղուց է փակուղի մտել, կողմերի դիրքորոշումները շարունակում են իրարամերժ մնալ` ռազմական լարվածության եւ փոխադարձ թշնամության մեծացման ֆոնին: Անկարան, ինչպես եւ Բաքուն, համարում են, որ Ադրբեջանին «գրավյալ բոլոր տարածքների» վերադարձը խնդրի միակ լուծումն է: Ավելին` Ղարաբաղյան խնդիրը Անկարան օգտագործում է ընդդեմ 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իր քաղաքականության:

Հիմա իրավիճակն այնպիսի փուլում է, երբ չկան որեւէ պայմաններ բանակցությունների եւ փոխզիջումների գնալու համար: Որպեսզի նորից այդ գործընթացը վերագործարկվի` ոչ պատրանքային, այլ իրական, անհրաժեշտ է ապահովել իրական հրադադար` արդյունավետ մոնիտորինգի մեխանիզմներով շփման գծում: Այն պայմաններում, երբ շփման գիծը վաղուց վերածվել է ճակատի, ինչ-որ մոդելների մշակումն անիմաստ է:

ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն համատեղ հռչակագիր ստորագրեցին` Արեւելքում եւ Հարավում հիբրիդային պատերազմներին հակազդելու համար: Նրանք համատեղ զորավարժություններ են իրականացնելու: Հռչակագրի ստորագրումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ԵՄ-ն եւ Հյուսիսատլանտյան դաշինքը միասնական դիրքորոշում են որդեգրում Ռուսաստանի նկատմամբ: Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գագաթնաժողովի առաջին օրը հաստատեց, որ ԱՄՆ-ը Լեհաստանում 1000 ամերիկացի զինվորականներ կտեղակայի: ՆԱՏՕ-ի նոր ռազմաբազաների տեղակայման որոշումը Ռուսաստանի սահմաններին մոտ` Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ Ռումինիայում, ինչպես նաեւ արագ արձագանքման ուժերի ստեղծումը` ՆԱՏՕ անդամ երկրներին երկօրյա ժամկետում օգնության արագ հասնելը, որն ընդունվել էր երկու տարի առաջ` ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովում: Դաշինքի ղեկավարությունը բացատրեց դա Վրաստանում պատերազմով, Ղրիմի անեքսիայով եւ Ուկրաինայի արեւելքում հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությամբ, որ հարեւանների համար հնարավոր է՝ դրանք վերջին սպառնալիքները չեն Կրեմլի կողմից: Կարելի է ասել, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ անդունդն էլ ավելի է խորանում:

– Ոչ վաղ անցյալում, երբ Ռուսաստանը գտնվում էր խորը ճգնաժամի մեջ` Արեւմուտքում նրան բացահայտ ատում էին: Ի դեպ, այդ տարիներին Հարավային Կովկասում բազմաթիվ փորձագետներ իրենց արեւմտյան գործընկերների հետ գուշակում էին Ռուսաստանի մոտալուտ փլուզումը եւ «կովկասյան նոր վագրերի» բարգավաճումը, որոնք քիչ էր մնացել` անդամակցեին ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին եւ ապրեին երջանիկ, դեմոկրատական դրախտում: Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել:

Կարելի՞ է ասել, որ այն ժամանակ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն ավելի լավ էին, քան հիմա: Կարծում եմ, որ ոչ: ՌԴ-ի թույլ ժամանակներում այդ հարաբերություններում ավելի շատ կեղծավորություն կար արեւմտյան քաղաքական գործիչների կողմից: Այդ ժամանակ տարբեր մեղադրանքներ հաճախ բացարձակ անհեթեթ էին, դրանք օգտագործվում էին որպես ճնշման միջոց ընդդեմ Ռուսաստանի, ընդ որում՝ բավական հաջող կերպով: Հիմա արեւմտյան մեղադրանքները փոխվել են, բայց Մոսկվան կարիք չունի ցույց տալու, թե հավատում է իրականությունից հեռու հայտարարություններին եւ պետք է անպայման աշխատի «սխալներն ուղղել», մոխիր շաղ տալ գլխին ու ապաշխարել բոլոր մեղքերի համար:

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն օգտագործում են Ռուսաստանը որպես միջոց՝ ընդհանուր թշնամու դեմ պայքարի միավորման համար: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այդ միջոցը դառնում է ավելի անարդյունավետ, այլ այն, որ իրական խնդիրների լուծմանը փոխարինում է երեւակայական սպառնալիքի դեմ պայքարը: Այստեղից էլ ակնհայտ ձախողումները` ԱՄՆ-ում միջռասայական լարվածության աճ, ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ահաբեկչական վտանգի մեծացում, ՆԱՏՕ-ի ամբողջապես անկարողությունը` ահաբեկչությանը հակազդելու, ԵՄ-ի ներսում ապաինտեգրման միտումների աճը, անկարողությունը` վերահսկել ԵՄ-ի արտաքին սահմանները եւ այլն:

Վերջին 15 տարիներին Արեւմուտքում եւ Ռուսաստանում շատ բան է փոխվել: Ռուսական քաղաքականությունը բոլոր խնդիրներով հանդերձ` ավելի համարժեք էր ժամանակակից աշխարհին, քան ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականությունը: Այդ փաստը միանգամայն ակնհայտ է, եթե վերհիշենք այն իրավիճակը` միջազգային, սոցիալ-տնտեսական, ներքին, որում Ռուսաստանն ու Արեւմուտքը հայտնվեցին երրորդ հազարամյակի սկզբում:
Անդունդը նրանց միջեւ չի կարող խորանալ, քանի որ դրանից առավել խորացում ուղղակի հնարավոր չէ: Ինչը կարող է սառը պատերազմից ավելի վատը լինել, որը ԱՄՆ-ը, իսկ հետո ընդգրկուն Եվրոպան փաստացի շարունակում էին վարել ընդդեմ Ռուսաստանի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Նոր համաշխարհային պատերա՞զմ, այս անգամ` միջուկայի՞ն… Ակնհայտ է, որ մարդկությանն առայժմ չեն հասցրել ինքնասպանության: Հուսանք, որ դա տեղի չի ունենա եւ ապագայում:

Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները վաղուց են գտնվում ամենացածր մակարդակում, եւ դա պարադոքսալ ձեւով բացում է նոր հեռանկարներ դրանց առողջացման համար: Ստացվում է բոլորովին Լենինի ասածով` «Մինչեւ միավորվելը եւ միավորվելու համար մենք պետք է նախ վճռականորեն եւ որոշակիորեն բաժանվենք»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031