Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ազդեցություն ունի եւ կունենա օրենքի գործարկումը պետբյուջեի դեֆիցիտի ավելացման, կյանքի որակի վրա

Հուլիս 22,2016 14:30
byuje

Հայաստանում կյանքի որակը եւ տնտեսական զարգացման մոդելի արդիականացման անհրաժեշտությունը: Առաջարկություններ ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին:
Մաս 3-րդ:

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենք: Օրենքը ընդունվել էր 22.12.2010թ. (էկոնոմիկայի նախկին նախարար Երիցյանի աջակցությամբ): 01.01.2014թ. մասամբ գործարկվեց` տարածվելով աշխատաշուկա նոր մուտք գործողների եւ պետական սեկտորի աշխատողների վրա, 01.07.2017թ.-ից այն նախատեսված էր տարածել արդեն 01.01.1974թ. հետո ծնված բոլոր աշխատող քաղաքացիների վրա (գործընթացը հետաձգվեց մինչեւ 01.07.2018)։ Օրենքի ընդունումը կատարվել էր ՀՀ Հանրային խորհրդի բացասական եզրակացության եւ հանրային բարձր անվստահության առկայության պարագայում:

Ներդրումային հիմնադրամը ձեւավորվել է գործողության մեջ դնելով մասնավոր կազմակերպությունը՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ (գրանցման ամսաթիվ 29.11.2013թ.), որը հիմնադրվել էր որպես ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG, Վիեննա, Ավստրիա, 74.9% բաժնետեր) եւ գերմանական «Տալանքս ասեթ մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH, Քյոլն, Գերմանիա, 25.1% բաժնետեր) համատեղ ձեռնարկություն, որոնց ներդրումը կանոնադրական կապիտալում կազմել է 650 մլն դրամ: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը կատարելով ծախսեր (2015թ. համար կառավարման պարգեւավճարներ՝ 110 մլն դրամ, վարչական եւ այլ ծախսեր՝ 159 մլն դրամ, տարվա ընդհանուր վնասով՝ 41 մլն դրամ)՝ 2016թ.-ի մարտ ամսի դրությամբ կուտակումների ընդհանուր ծավալը հասցված էր մոտ $73 մլն-ի: Կուտակային ներդրումներ կատարում են 143.580 քաղաքացի, որից պետական աշխատողներ՝ 64.788: Դեպոզիտարիայում անհատական հաշիվներ ունեցող անձանց թիվը 218.491 է:

ԱՄՆ-ում պարտադիր կուտակային վճարումների մոդելը չի կիրառվում, իսկ այն տարածված է Լատինական Ամերիկայում, Արեւելյան Եվրոպայի ու Բալթյան երկրներում: 2014թ. «Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կենսաթոշակային համակարգերի մարտահրավերների մասին» Համաշխարհային բանկի զեկույցում ցույց է տրված, որ զարգացած երկրներում առկա է այդ համակարգի ճգնաժամը, որը բացատրվում է բնակչության ծերացմամբ, եւ որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է նաեւ ներգրավել միգրանտներին այլ երկրներից: Այդ ճգնաժամը ծնող հանգամանքները խորապես արտահայտված են Հայաստանում: Մեր դեպքում բնակչության ծերացումը ունի ավելի մեծ ցուցանիշ՝ 2015թ. կենսաթոշակառուների թվաքանակը կազմում է 465.8, իսկ զբաղվածներինը՝ 1072.1 հազ. մարդ (միջազգային չափանիշներով՝ եթե աշխատունակ տարիքից բարձր բնակչության տեսակարար կշիռը բնակչության ընդհանուր թվաքանակում գերազանցում է 9%-ը, ապա այդ ազգը համարվում է ծերացող։ Հայաստանում այս ցուցանիշը 2015թ. կազմել է մոտ 15,5%): Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես միգրացիոն ակտիվ արտահոսքերով, այնպես էլ ծնելիության մակարդակի անկմամբ:

Երկրի ժողովրդագրական իրավիճակի սրման եւ առկա տնտեսական իրավիճակի պայմաններում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշվարկով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է կրկնապատկվեն, սոցվճարների դրույքաչափերի եւ աշխատավարձի ներկա մակարդակի պայմաններում հավաքագրված սոցվճարները բավարար չեն կենսաթոշակի անկումը կանխելու համար։ Այդ պատճառով կենսաթոշակի վերջին ավելացումը կատարվել էր պետական բյուջեի այլ եկամտատեսակների հաշվին, ու նախարարության հաշվարկով՝ հետագա բարձրացումը հանգեցնելու է պետական բյուջեի դեֆիցիտի խորացմանը։ Համակարգն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ, գործատուները խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը, եւ այդ հիմքերով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իր լիազորությունների սահմանում ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը՝ այն ընկալելով որպես իրավիճակն ուղղելու միակ ելք։ Այդպիսով, կասկածներ ու հարցեր չեն մնում այդ նախարարության հիմնավորումների մասով, եւ դրանք նախարարությանն ուղղելը սխալ է, քանզի նրանց այդ հիմնավորումներում նշված հիմքերի պատասխանատուն են ՀՀ կառավարության տնտեսական ոլորտի նախարարությունները:

Հաշվի առնենք նաեւ, որ գործընթացը ապահովելու համար՝ 1) պետական սեկտորի աշխատողների կուտակային հիմնադրամ մուծումների համար նրանց աշխատավարձի բարձրացումից նույնպես պետբյուջեի հաշվին, 2) 50% կուտակային մուծումները կազմում են ՀՀ պետբյուջեից քաղաքացիների մուծումներին հավասար չափով կատարված կառավարության ներդրումները: Մյուս կողմից՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար վերցվում են մեծածավալ վարկեր, այդ թվում՝ կուտակային հիմնադրամին մուծումների համար, 3) «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» կուտակված փոխանցումների ակտիվներով հաշվին գնում է պետական պարտատոմսերը, որոնք ավելացնում են պետական պարտքը ինչպես մայր գումարով, այնպես էլ պարտատոմսերի տոկոսադրույքով, 4) ճիշտ է, պետությունը երաշխավորում է, որ անձի կողմից կատարած կենսաթոշակային վճարները կվերադարձվեն, բայց այն վստահություն չի ներշնչում, քանզի 25 տարի անց դեռ չեն վերադարձվել խորհրդային Խնայբանկի բնակչության ավանդները ու 5) ՌԴ նույնպես ընդունել էր օրենք պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամի մասին, բայց այդ հիմնադրամը պետական է, դրանից հետո տարեցտարի օրենքի գործարկումը հետաձգվում էր, ու 2016թ. ՌԴ ֆինանսների նախարարությունը առաջարկել է այն չեղյալ հայտարարել ու սկսած 2019թ.-ից՝ անցում կատարել կուտակային կենսաթոշակային ապահովագրության միայն կամավոր սկզբունքի վրա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր ու լիազորված է կատարելու սպասվող օրենքի գործողության ազդեցության գնահատումը օրենքի ընդունման ժամանակ ու ներկայումս եւ ներկայացնել այն հանրությանը: Այդպիսով, առաջին հարցերը, որ ակամա ծագում են ու պահանջում են պատասխաններ, հետեւյալն են՝ ի՞նչ ազդեցություն ունի եւ կունենա ապագայում օրենքի գործարկումը պետբյուջեի դեֆիցիտի ավելացման, քաղաքացիների գնողունակության, աշխատատեղերի ավելացման, կյանքի որակի, միգրացիոն հոսքերի, ծնելիության ու ընդհանրապես ճգնաժամային ժողովրդագրական իրավիճակի վրա: Արդյոք արդյունավետ կարելի՞ է համարել ներդրումները արտասահմանյան կուտակային հիմնադրամում, թե՞ նրանք պետք է մղվեն տնտեսական զարգացման ոլորտ՝ ստացված բյուջետային եկամուտներով ապահովելու նաեւ թոշակառուների բարեկեցիկ կյանքը։

Մինչ ՀՀ կառավարությունը կատարի գնահատումներ օրենքի ազդեցությունների ու նրա հիմքերի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով պարզաբանումներ կտրամադրի հանրությանը՝ փորձենք վերլուծել տնտեսական զարգացման ծրագրերը:
ԱՐՄԵՆ Բ. ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ»

21.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031