Դերենիկ Դեմիրճյանի դեռեւս 50-ականներին արված դատողությունները՝ Ղարաբաղի եւ Նախիջեւանի մասին, այսօր էլ արդիական են
«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցի շուրջ» գրքույկը, որը կազմել, հրատարակության է պատրաստել Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը (լուսանկարում):
Գրողի տուն-թանգարանի վարիչը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչպես են գտել Դեմիրճյանի բացառիկ գրառումները: «2012 թ., երբ լրանում էր Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակը, մենք «քչփորեցինք» նրա արխիվը՝ մի հետաքրքիր բան գտնելու եւ տպագրելու նպատակով: Չէինք էլ պատկերացնում, որ կարող ենք գտնել նման կարեւորության անտիպ նյութ: Այն գտնվում էր Դեմիրճյանի անավարտ ձեռագրերի մատյանում: Ինձ միանգամից վերնագիրը գրավեց՝ «Դեմիրճյանի դատողությունները՝ Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Ախալքալաքի հարցի վերաբերյալ»: Դա ուղղակի սենսացիա էր, պարզվեց, որ այդ նյութը երբեւէ չի տպագրվել պարբերական մամուլում, որովհետեւ ակադեմիական հատորներում կամ որեւէ այլ գրքում էլ չկար: Ընդհանրապես ընդունված էր մտածել, որ Դեմիրճյանը զգուշավոր մարդ է, որ սուր թեմաներին անդրադառնալուց խուսափել է իր ողջ կյանքի ընթացքում: Փաստորեն, սա եղավ մեծ հայտնություն, մանավանդ չեմ կարծում, թե 50-ականներին որեւէ մեկը այդպես հանգամանորեն նստել եւ գրել է՝ Ղարաբաղի, Նախիջեւանի ու Ախալքալաքի հարցի շուրջ: Անշուշտ մտածել են, կուլիսներում խոսել են, անհանգստություն եղել է բոլոր մտածող հայերի մեջ, բայց որ դա դառնա խոհագրության թեմա, համենայնդեպս, ավելի վաղ շրջանում արված գրառումների մեջ չենք հանդիպել»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարինե Ռաֆայելյանը հավելում է, որ Դեմիրճյանը շատ մանրամասնորեն վկայակոչելով փաստեր, անուններ, Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված իրադարձություններ, խորհրդային կարգերի ժամանակ գումարված նիստեր, պլենումներ, խորհրդակցություններ՝ նշում է, թե ինչպես ծագեց Ղարաբաղի հարցը: Հայ դասական գրողը դատողություններ է անում այն հարցի շուրջ, թե ինչու Ղարաբաղը չի վերադարձվում Հայաստանին: Նրա ձեւակերպմամբ, Ղարաբաղը մտել էր Ադրբեջանի կազմի մեջ «որպես ժամանակավոր պլան»: Դեմիրճյանը նաեւ գրում է, որ եթե այլեւս չկա այդ անհրաժեշտությունը, երբ եւ Ադրբեջանն է խորհրդայնացվել, եւ Հայաստանը, ուրեմն ո՞րն է խնդիրը, որ Հայաստանին չեն վերադարձվում Ղարաբաղը, Նախիջեւանը…
Կարդացեք նաև
«Դեմիրճյանի խոհագրությունը 24 ձեռագիր թերթիկներից է բաղկացած: Կան նաեւ ամբողջական հատվածներ, որտեղ խոսքը սկսել է մի կետից, բերել հասցրել տրամաբանական ավարտի: Նաեւ կան առանձին պատառիկներ, որտեղ ինքը գրել է ուղղակի այդ պահին ունեցած ապրումները, զգացողությունները: Թվում է, թե այդ պատառիկները ընդհանուր շարադրանքից դուրս են, սակայն ինքը շատ կարեւոր մտքեր է այնտեղ հայտնում: Օրինակ, ձեռագրի վերջում կան փոքրիկ հատվածներով գրառումներ, որոնցից մեկում Դեմիրճյանն ասում է. «Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի եւ ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի եւ ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռիփսիմեն, Մաշտոցը, Կարսը), եւ մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:
Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ: Հայ կուլտուրայի որեւէ երեւույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որեւէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը եւ այլն որակվել է որպես նացիոնալիզմ…Ղարաբաղի պահանջը, Նախիջեւանի պահանջը, Ախալքալաքի համար որեւէ դրության պահանջը միշտ համարվել է նացիոնալիզմ»: Սրանք շատ համարձակ մտքեր էին այն տարիների համար: Ովքեր Դեմիրճյան կարդացել են, նրա ակադեմիական հրատարակության 14-րդ հատորում՝ Օրագրությունների մեջ հանդիպած կլինեն Ղարաբաղի մասին մտահոգիչ հիշատակությունների, բայց դրանք շատ մեղմ հիշատակություններ էին, որովհետեւ ինքը չէր կարող ավելի կտրուկ բաներ ասել: Մյուս
կողմից՝ այն փաստից, որ Դեմիրճյանն իր պաշտոնական տպագիր գրառումներում էլ է անդրադարձել Ղարաբաղին, կարելի էր ենթադրել, որ ինքը լրջորեն անդրադարձած կլինի թեմային:
Այս ձեռագիրը ինքը խնամքով թաքցրել է, բարեխիղճ է գտնվել նաեւ արխիվը մշակողը՝ Գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակից Պարգեւուհի Սիմոնյանը, որը 90-ականներին արդեն ծեր կին էր, հիմա էլ այս աշխարհում չէ: Այդ կինը խնամքով դասակարգել-պահել է ու դրանք թաքցրել անավարտ նյութերի սեւագրությունների բաժնում, որովհետեւ եթե այդ նյութը մեջտեղ գար ավելի վաղ ժամանակներում, դա կլիներ շատ վտանգավոր ե՛ւ արխիվը մշակողի, ե՛ւ Դեմիրճյանի համար: Քանի որ Դեմիրճյանը զգուշավոր մարդ էր, տետրի կազմի մեջ էին հավաքված թերթիկները, եւ տետրի վրա հեռատեսորեն, մի քիչ էլ խորամանկորեն գրել էր «Ամենօրյա խառը նոթեր, ավելի լեզվական» եւ միայն ռուսատառ ներքեւում ավելացրել է ԽՈՐՈոՈչ, այսինքն` այնպիսի վերնագիր է գրել տետրի կազմի վրա, որ դժվար թե հետաքրքրեր խորհրդային որեւէ չինովնիկի կամ ԿԳԲ-ականի»,- հայտնեց տիկին Ռաֆայելյանը:
Առաջին անգամ Դեմիրճյանի ձեռագիրն ամբողջական տեսքով, Կարինե Ռաֆայելյանի ուսումնասիրությամբ 2014թ. տպագրվել է Հայկազյան հայագիտական հանդեսում, այնուհետեւ՝ հատվածներով հայաստանյան որոշ պարբերականներում եւ ամբողջությամբ՝ «Իրատես Դե Ֆակտոյում»:
«Փորձում էինք միջոցներ գտնել՝ առանձին գրքով հրատարակելու համար, որովհետեւ դա այսօրվա համար չափազանց պահանջված նյութ է: Չէինք կարող պատկերացնել, որ այն թեմայով, ինչի վերաբերյալ 88-ից հրապարակներում կամ դիվանագիտական ատյաններում խոսում ենք, Դեմիրճյանը նման գրավոր հիմք կտա ու այնպիսի փաստեր կվկայակոչի, որոնց դեմ հնարավոր չի լինի հակափաստարկներ բերել: Բարեբախտաբար, վերջերս «Անտարես» հրատարակչությունն իր միջոցներով տպագրեց այս գիրքը: Գրքի կազմին էլ դրեցինք Դեմիրճյանի այնպիսի լուսանկար, որ նույնպես անհայտ էր, ու երբեք որեւէ տեղ հրապարակված չէր: «Դատողություններ Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցի շուրջ» գիրքն արդեն հասանելի է հանրությանը, այն հասցեագրված է հատկապես մասնագիտական շրջանակներին, բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե յուրաքանչյուրս ինչքան ենք ապրում Ղարաբաղով, կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի էլ հետաքրքիր կլինի կարդալ, թե ինչ է գրել Դեմիրճյանը 50-ականներին…Ընդ որում, Դերենիկ Դեմիրճյանի մոտ ոչ թե հողերը վերադարձնելու մերկապարանոց պահանջ է, այլ փաստեր, որ Ղարաբաղում եւ Նախիջեւանում երիտասարդությունը ասիմիլյացվում է, կորցնում է ազգային տեսակը, իր բառով ասած՝ «ադրբեջանականանում» է: Իմիջիայլոց, Դերենիկ Դեմիրճյանը նաեւ խորհրդային իշխանություններին «կտցահարող» նկատառումներ ունի: Նշում է, որ խորհրդային զորքերն ամեն անգամ հետ են քաշվում՝ հայտարարելով զինադադարի մասին, եւ հայ ժողովուրդը մնում է թուրք վայրենի հրոսակների դեմ միայնակ: Այսինքն՝ պարբերաբար մեծ քաղաքական խաղերին վերջին հաշվով զոհ է գնում հայ խաղաղ բնակչությունը»,- ասում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
21.07.2016