Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարի վերջը» մանկական օպերան ֆիլմ կդառնա

Հուլիս 22,2016 13:30

Ռեժիսոր Արման Մազմանյանը մանրամասներ է հայտնում

«Առավոտը» վերջերս անդրադարձել էր գյումրեցի արվեստագետների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Ազգային օպերային թատրոնում Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայի բեմադրությանը՝ ըստ Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի:
Մեր իրականությունում, կոնկրետ՝ 83-ամյա օպերային թատրոնի գործունեության ընթացքում ընդամենը երկու մանկական՝ 1950-ականներին Անուշավան Տեր-Ղեւոնդյանի «Արեւի ցոլքերում», 1970-ականներին՝ Ստեփան Ջրբաշյանի «Գիքոր» եւ 1960-ականներին մեկ մանկապատանեկան՝ Յուրի Գեւորգյանի «Խարույկը» օպերաներն են բեմադրվել: Օպերային թատրոնի վաղամեռիկ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը պաշտոնավարման առաջին օրերին մեզ հայտնել էր, թե իր առաջիկա ծրագրերում է ոչ միայն մանկական օպերայի, այլեւ մանկական բալետի բացերը լրացնելու խնդիրը: Վերջերս էլ թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այս խնդրի առիթով՝ ի պատասխան մեր հարցի, նախ նշել էր, թե ընդհանրապես իր ստեղծագործական գործունեության ընթացքում ինքը տեղ է հատկացրել նաեւ մանկական, պատանեկան ու երիտասարդական ծրագրերին, հետո էլ հավաստիացրել, որ մանկական օպերայի ու բալետի պակասը Երեւանի թատրոնում հնարավորինս շուտափույթ լուծում է պահանջում:

image-1
Ըստ մեր տեղեկությունների՝ մանկական օպերաներ, մյուզիքլներ ունեն հայ ժամանակակից կոմպոզիտորներից մի քանիսը: Ինչ վերաբերում է մեր օրերում իսկապես մոռացված կոմպոզիտոր, մանկավարժ, խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ եւ վաստակավոր ուսուցիչ Ազատ Մանուկյանին, նա բացի «Չարի վերջից», հեղինակ է նաեւ «Ոսկե ձկնիկի հեքիաթը» (ըստ Պուշկինի), «Սասունցի մանուկ Դավիթը» (ըստ Վ. Մանվելյանի), «Համառ գորտը» եւ «Կամակոր Նունիկը» (ըստ Վ. Մխիթարյանի) մանկական օպերաների:
Օրերս թողարկվել է «Չարի վերջը» մանկական օպերայի DVD-ն: Սա, փաստորեն, օպերային թատրոնում կայացած բեմադրության նկարահանումն է, որի սկզբում բեմադրող ռեժիսորը՝ Արման Մազմանյանը, մանրամասն ներկայացնում է ոչ միայն օպերան, այլեւ այն ստեղծողներին՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Մեզ հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ այս նախագծի հեղինակը Գյումրիի Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթահամալիրն է, մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնեանի առաջնորդությամբ: «Մասնակիցներն են հիշյալ կրթահամալիրի Տիրամայր Հայաստանի երգչախումբը, որը 2005թ. հիմնել եւ մինչ օրս ղեկավարում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, գլխավոր դերերգերում հանդես են գալիս այս երգչախմբի անդամները՝ Աննա Ավդալյանը, Մարինա Թորոսյանը, Մոնիկա Մանուչարովան, Մելինե Գալոյանը եւ այլք: Սիմֆոնիկ նվագախմբի համար գործիքավորումն իրականացրել է Ռուբեն Ալթունյանը, զգեստների ձեւավորողն է Միշա Պողոսյանը, պարուսույցը՝ Դիանա Մացոյանը»,- հայտնեց Արման Մազմանյանը:

image-4

Տեսարաններ «Չարի վերջը» օպերայից:

image-2
Նա ժպիտով հավելեց, թե բացի գյումրեցիներից, ամենագլխավոր մասնակից էլ կա այս նախագծում՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Ռեժիսորը նշեց, որ առաջիկայում «Չարի վերջը» կխաղան Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում, որից հետո կնախաձեռնեն «Չարի վերջը» ֆիլմ-օպերայի աշխատանքները: Հավելենք, որ Արման Մազմանյանը կինոռեժիսոր է, որի շուրջ 50 ֆիլմերից մի քանիսն արժե հատկապես հիշատակել, օրինակ, «Հավերժ սիրո ճանապարհ» ֆիլմը 2007թ. Իտալիայում մրցանակ ստանալուց հետո շուրջ 1 տարի չէր իջնում տեղի հեռուստաալիքների էկրաններից, մյուսը Հունգարիայում 2009թ. կայացած կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Արարատի երկու կողմերը» ֆիլմն է, երրորդը՝ Իտալիայի պատմական վայրերն ու այնտեղ եղած պատմական հետքերը փաստող «Իմ ճանապարհորդությունը Իտալիա» աշխատանքն է, որը 2010թ. «շրջեց» աշխարհով մեկ:

image-3
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031